vrijdag 4 april 2014

Նրանք կռվեցին որ մենք այսօր հայրենիք ունենանք 3

Նորայր Ասրյանի պատերազմյան հուշերից 

Պատերազմի տարիներին ես խուսափում էի զինվորական համազգեստով քաղաքացիական հասարակության մեջ երևալուց, բայց դա միշտ չէր, որ հաջողվում էր: Մի անգամ Գորիսում հանդիպեցի Սերո Նիկոլայիչին: Նա առաջին անգամ էր ինձ համազգեստով տեսնում:

__ Այ տղա, էս ֆիդայի՞ ես:
__Հա, Նիկոլայիչ:
__Էլ ուրիշ ղալաթ չէի՞ր կարող անել,__զայրացավ իմ վրա Սերոն ու սկսեց լուտանքներ թափել գլխիս: 
Ես շվարել մնացել էի: Չէի հավատում, ոչ տեսածիս, ոչ լսածիս: Սերո Նիկոլայիչին ես մինչ այդ ճանաչում էի, որպես մեծագույն հայրենասերի, համարձակ ու հանդուգն մի մարդու, որն անգամ խորհրդային իշխանապետության տարիներին չէր խուսափում ասել այն ինչ ուրիշներն անգամ մտածել չէին համարձակվում: Հիշում էի, թե ինչպես էր նա այդ տարիներին ինձ պատմում Նժդեհի, Դավիթբեկյան Ուխտերի, Գայլավաշտերի ու Լեռների Ոգու մասին և ինչպես էին, այդ ամենը պատմելիս, փայլում նրա աչքերը: Խոսելով գրեթե ամբողջ աշխարհի դեմ մեն միայնակ կռվող Նժդեհի ու նրա լեռնային վրիժառուների մասին Սերոյից հպարտության աուրա էր ճառագում: Նա էր իմ Ցեղակրոն կնքահայրը: Հիմա իմ առաջ ուրիշ Սերո էր:
Մի տաս տասնհինգ րոպե թուք ու մուր տալուց հետո, հարցրեց:
__Ուշադի՞ր լսեցիր ինչ քեզ ասացի:
__Հա լսեցի,__զայրացած պատասխանեցի ես:
__Ապրես, որ լսեցիր, իսկ հիմա մեկ ընդ միշտ իստակ մոռացիր այն ամենն ինչ քեզ ասացի: Ես այդ ամենը քեզ ասացի որպես եղբորորդու ճակատագրով մտահոգ հորեղբայր, իսկ հիմա էլ ավելի ուշադիր լսիր ու երբեք չմոռանաս այն ամենն ինչ քեզ կասեմ, արդեն որպես իմ Ցեղակրոն հոգեզավակի: Նժդեհն ասում էր <Ժողովուրդը բաղկացած է երկու մասից` Ցեղից ու տականքից և միայն հայրենիքի վտանգի պահին է, որ յուրաքանչյուր ոք կարող է որոշել, թե ինքը դրանցից որին է պատկանում>: Մեր հայրենիքը հիմա վտանգված է ու ֆիդայի դառնալով դու ապացուցել ես, որ պատկանում ես Հայ Արիաց Մեծ Ցեղին: Ուրեմն բեր ճակատդ համբուրեմ:
Սա արդեն իմ ճանաչած Սերոն էր:

Geen opmerkingen:

Een reactie posten