vrijdag 4 april 2014

Նրանք կռվեցին որ մենք այսօր հայրենիք ունենանք 1

Նորայր Ասրյանի պատերազմյան հուշերից

91-ի աշունն էր: Գտնվում էի Հադրութի արևմտյան սահմանի մեր դիրքերից մեկում ու պատրաստվում էի գիշերվա քողի տակ անցնել սահմանն ու գալ Շուռնուխ: Դիրքերը պահող ջոկատի հրամանատարի հետ զրույցից իմացա, որ ամսից ավել է թուրքական դիրքերից մի նշանառու մեր տղերքին օր ու արև չի տալիս: Ես մտադրությունս փոխեցի ու որոշեցի մնալ ու ճշտել էդ նշանառուի կրակակետը: Հարց ու փորձ արեցի տղերքին: Բազմաթիվ չափումներ ու հաշվարկներ արի, բայց ոչ մի կերպ չէի կարողանում գալ մի կետի: Հնարավոր կրակակետերը երեքն էին: Դա շատ էր որպեսզի նշանառուի դեմ որևէ գործողության ծրագիր մշակվեր: Խնդրեցի հրամանատարին, որ հաջորդ անգամ երբ նշանառուն կրակի, ոչ մի դեպքում պատասխան կրակ չբացեն: Նույն օրվա աղջամուղջից առաջ նշանառուն սկսեց իր գործը: Ես հագա ոստիկականական ծանր զրահաբաճկոն ու զինվորական սաղավարտ: Բարձրացա խրամատի վրա ու սկսեցի քայլել դրա երկայնքով: Ինչպես և սպասում էի նշանառուն սկսեց կրակել իմ վրա: Շարժվող թիրախին միանգամից խոցելը հեշտ բան չի և նա ստիպված էր մի քանի անգամ կրակել: Աստիճանաբար ավելի դիպուկ էր կրակում: Հերթական 5-րդ, թե 6-րդ կրակոցից հետո իմ համար պարզ էր, որ հաջորդ կրակոցը կպնելու ինձ:
__Ապրես ազիզ ջան: Մի հատ էլ կրակիր ու ես քո տեղը վերջնականապես կորոշեմ,-- բարձրաձայն ասացի ես ու կրակոցի հետ միասին ցատկեցի խրամատի մեջ: Նա կրակեց: Իմ համար արդեն պարզ էր, թե հնարավոր երեք կրակակետերից, որից էր կրակում: Այդ ժամանակ տղերքից մեկը հարցրեց:
__Էդ ինչի՞ ես դրան ազիզ ասում:
__Կրակողն աղջիկ է:
__Ի՞նչ իմացար:


__Յուրաքանչյուր հաջորդ կրակոցների միջև ընկած ժամանակահատվածը նախորդից ավելի փոքր էր: Դա նշանակում է, որ կրակողը հուզվում է և տրվում է զգացմունքների: Ասել է, թե կրակողն աղջիկ է,__պատասխանեցի ես:
Բնականաբար ֆիդայիներին դուր չէր գալիս, որ այդքան ժամանակ իրենց անհանգստացնողն աղջիկ է: Վիրավորված էին զգում իրենց տղամարդկային արժանապատվությունը և ամեն կերպ փորձում էին հակառակել իմ մտքերին, իսկ ես էլ ամենատարբեր ձևերով հակառակն էի պնդում: Այդպիսի մի պնդումից հետո, ֆիդայիներից մեկը, որ մինչ այդ լուռ լսում էր, գյումրվա բարբառով հարցրեց:
__Ապ ջան կրնաս ըսել, ըդիգ կույս է՞:
__Բան գտար հարցնելու: Ի՞նչ իմանամ:
__Ծո բա որ չիդաս, ինչխ ամբախ- զամբախ դուրս կուդաս: Ախջիկ է, զգացմունքներու տրվե գը: Էնենց կխոսիս իշխոր հարյուր տարի հետը ծանոթ եղնիս գը:

Geen opmerkingen:

Een reactie posten