donderdag 28 maart 2013

Այսօրվա «Հայ» գենեռալներից մեկի ուրույն դիմագիծը, {հպարտացեք) ամաչեք լացեք հասկացեք վերջապես որ սա չէ մեր ազգի հերոսի դեմքը:(((


ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ, ՄԱՍ II` Մանվել Գրիգորյան
Գեներալների առաքելությունը երկրի պաշտպանության ապահովումն է օտարերկրյա ոտնձգություններից: Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը համաշխարհային ռազմական պատմության մեջ այն բացառիկ գեներալներից է, ով իր ռազմական գործունեությունը շարունակում է նույնիսկ խաղաղ պայմաններում: Ավելին, խաղաղ պայմաններում նա ավելի մեծ ռազմական հաջողությունների է հասել, քան պատերազմի ժամանակ: Այս պնդումը կարող է փոքր-ինչ տարօրինակ հնչել, եթե չլինեն այն ապացուցող կոնկրետ և խիստ համոզիչ փաստերը: Այղր լիճը գտնվում է Արմավիրի մարզում, որը տարածքի միակ բնական ջրավազանն է: Այս ռազմավարական կարևորագույն օբյեկտն արդեն բազմաթիվ տարիներ գտնվում է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի բացարձակ վերահսկողության տակ: Լճի իշխող բարձունքում կառուցված է Գեներալի առանձնատունը՝ իբրև անառիկ ամրոց: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում լճի և հարակից տարածքների վրա: Սակայն որքան էլ Գեներալի տունը գտնվի բարձունքի վրա և անառիկ լինի, միևնույն է թշնամին կարող է այնտեղ սողոսկելու ուղիներ գտնել: Այդ պատճառով լճի և ամրոց-առանձնատան ռազմավարական դիրքը մեծացնելու, դրա պաշտպանունակությունն ավելացնելու համար ամբողջ լիճը պարսպապատվել է: Իհարկե, կարելի էր նաև խրամատներ փորել, սակայն Գեներալը նախապատվությունը տվել է պաշտպանության միջնադարյան մեթոդներին, քանի որ դեռևս միջնադարում էր հայտնի, որ նույնիսկ չինական Մեծ պարիսպը չի կարող 100 տոկոսանոց պաշտպանություն երաշխավորել թշնամու ավազակային հարձակումներից, դրա համար էլ պարիսպները հսկվում են Գեներալի նվիրյալ զինակիցների կողմից: Ասենք, եթե անգամ որևէ պատահական անցորդ որոշում է մոտենալ լճին, ապա նա անմիջապես նկատվում է պահակազորի կողմից, և կիրառվում են օպերատիվ ու ազդեցիկ միջոցառումներ` վտանգը վնասազերծելու ուղղությամբ: Ի վերջո, ցանկացած պատահական անցորդի մեջ կարող է թաքնված լինել զգեստափոխված լրտես կամ գաղտնի գործակալ: Լճի պաշտպանունակությունը կատարյալ է դարձնում ոչ միայն ցամաքային, այլ նաև ծովային, տվյալ դեպքում՝ լճային ուժերի առկայությունը: Այղր լճի հարթ մակերեսը խրոխտ հռնդյունով կտրում և անցնում են Գեներալի մոտորանավակները: Հնարավոր է, որ լճի հատակում լինեն նաև սուզանավեր, որոնք մեր շարքային քաղաքացու աչքի համար անտեսանելի են: Նկատի ուենալով այս հանգամանքը՝ Գեներալը միաժամանակ կարող է կոչվել նաև Ծովակալ: Լինելով վայրի բնության իսկական սիրահար և պահապան՝ Գեներալն իր պաշտպանության տակ է վերցրել նաև մի քանի եղնիկների, որոնք օրվա տարբեր ժամերին արածում են իրենց հատկացված տարածքում՝ դրանով իսկ ավելի ընդգծելով Գեներալի վեհությունը: Բայց Գեներալը որքան հոգատար և բարի է անմեղ եղնիկների նկատմամբ, նույնքան անողոք է բոլոր նրանց հանդեպ, ովքեր համարձակություն են ունենում ոտնձգություն կատարել Գեներալի նկատմամբ: Հենց նմանների համար է, որ Գեներալը Այղր լճի տարածքում պահում է արջերի մի ամբողջ ընտանիք: Այդ ընտանիքի հետ անմիջական և կենդանի ծանոթությունը շատերին ստիպում է խիստ զգուշավոր լինել Գեներալի նկատմամբ և չընկնել թշնամական ազդեցության տակ: Չնայած արջերի ընտանիքի ունեցած համբավին, եղել են բազմաթիվ դեպքեր, երբ որոշ անդաստիարակներ ստիպված են եղել անմոռանալի պահեր անցկացնել եթե ոչ ընտանիքի հետ նույն, ապա գոնե հարևան վանդակում:

Բայց Գեներալն ազատագրել է ոչ միայն հիշյալ խղճուկ լիճը: Նրա ազդեցության ոլորտում են գտնվում ավելի ընդարձակ և ռազմավարական ոչ պակաս նշանակության տարածքներ: Եթե նախկինում հայ իշխաններն իրենց պատկանող տիրույթներում կառուցում էին բացառապես բերդեր և ամրոցներ կամ լավագույն դեպքում՝ ճանապարհներ, ապա Գեներալը ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող վայրերն ամրացնելու և թշնամու համար անառիկ դարձնելու նկատառումից ելնելով՝ կառուցում է գազալցակայաններ: Սա չափազանց հետաքրքիր մարտավարություն է, որի պարագայում թշնամին զրկվում է այդ տարածքներում նմանատիպ կառույցներ ունենալու հնարավորությունից: Այս հրաշալի մարտավարությունն այժմ օգտագործվում է շատերի կողմից, սակայն առավել լուրջ հաջողությունները պատկանում են հենց նրան: Գազալցակայաններից որոշները հասկանալի պատճառով աշխատում են առանց որևէ իրավական հիմքի, և հետընտրական շրջանում, երբ Գեներալը որոշել էր համակրել Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանը, դրանք դադարել էին գործել: Բայց այն պատմական պահից սկսած, երբ նա հայտարարեց, որ «Երկրապահը» ապաքաղաքական կառույց է, իշխանություններն էլ հասկացան, որ Գեներալի գազալցակայաններն էլ են օրինական:

Բայց Գեներալի՝ որպես իրական ստրատեգի տաղանդի, ես կասեի՝ հանճարի բացահայտումը կարելի է համարել նրա՝ Էջմիածնում գտնվող տան պաշտպանության կատարյալ մեխանիզմների մշակումն ու իրականացումը:

Ինչպես հայտնի է, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆրանսիան, զգուշանալով Գերմանիայի հետագա հարձակումներից, Գերմանիայի հետ սահմանի ամբողջ երկայնքով կառուցեց պաշտպանական ամրությունների մի ամբողջ համակարգ, որը հեղինակի անունով կոչվեց Մաժինոյի գիծ: Սակայն այդ պաշտպանական ամրությունները ոչ մի կերպ չփրկեցին Ֆրանսիային կապիտուլյացիայից, քանի որ 1940-ին գերմանական բանակը Ֆրանսիա մտավ Բելգիայից՝ շրջանցելով Մաժինոյի գիծը: Նկատի ունենալով ֆրանսիացիների դառը փորձը՝ Գեներալն իր տան պաշտպանությունը կազմակերպել է ոչ թե գծով, այլ շրջանաձև: Այսինքն, երթևեկության համար փակ գոտի է համարվում ոչ միայն այն փողոցը, որտեղ գտնվում է Գեներալի առանձնատունը, այլև հարակից փողոցները: Սա բավական հետաքրքիր է դարձնում այդ տարածքի բնակիչների միապաղաղ կյանքը, չհաշված այն մանր դժվարությունները, որ նրանք ունենում են հյուրեր ընդունելիս: Հնարավոր է, որ այդ տարածքում վիզային ռեժիմ մտցվի, որը կկանոնակարգի հյուրեր ընդունելու կարգն ու պայմանները: Մի աշնանային օր Գեներալը ցանկացել էր իր փողոցում ձյունագնաց «բուրան» քշել, բայց պարզվել է, որ դրա համար չի բավարարում մի շատ փոքր մանրուք. ձյուն չկա: Եվ նա կարգադրել է Արագածի լանջերից բեռնատարներով ձյուն բերել ու համապատասխան միջավայր ապահովել: Հարևանները մինչ օրս էլ կարոտով են հիշում, թե ինչպես ամբողջ Էջմիածնում աշուն էր, իսկ իրենց փողոցում ձմեռ էր եկել, և իրենք ինչպիսի հաճույքով էին թաղվում հալվող ձյան մեջ:

Գեներալի մյուս նորամուծությունը «մաքսատան» ստեղծումն է: Որպես Արցախյան ազատամարտի առավել կարկառուն ներկայացուցիչ՝ հենց նրան է պատկանում Երևան-Էջմիածին երթուղային գիծը: Ի տարբերություն այլ երթուղային գծերի տերերի, որոնք գիծը սպասարկող վարորդներից օրավարձ են գանձում, Գեներալը ստեղծել է գանձման առավել կատարյալ մեխանիզմ: Նա Էջմիածին քաղաքի մատույցներում՝ ճանապարհի երկու կողմերում, ստեղծել է համապատասխան մաքսակետեր, որոնց աշխատակիցները հաշվում են երթուղայինում եղած ուղևորների գլխաքանակը և ըստ այդմ` կատարում գանձումը: Ուղևորները փաղաքշաբար այդ անցակետերը «տամոժնի» են կոչում, և ամեն անգամ Երևան գնալիս կամ վերադառնալիս «մաքսազերծվում» են: Ի տարբերություն Հայաստանի պետական սահմանին գործող մաքսակետերի, կոռուպցիայի մակարդակն այստեղ անհամեմատ քիչ է, քանի որ յուրաքանչյուրը գիտի արջերի հյուրընկալ ընտանիքի մասին:

Մեր նպատակն ամենևին էլ Գեներալի սեփականության նկարագրությունը չէ, դա մի այնպիսի ոլորտ է, որը ոչ ոք մինչև վերջ չգիտի: Մենք ուղղակի ցանկանում ենք ներկայացնել նրա կերպարը՝ որպես մարդ, գործիչ և Գեներալ: Մի մարդ, ում միջոցով Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում էր Հայաստանում ժողովրդավարություն հաստատել: Ազատության հրապարակում հենց Տեր-Պետրոսյանն էր ստիպում հավաքվածներին Մանվել-Մանվել վանկարկել: Հասկանալի է, թե ինչպիսի փոխհատուցում կարող էր պահանջել Գեներալը մատուցած ծառայությունների դիմաց: Եվ արջերի քանի ընտանիք կպահանջվեր էջմիածնում ստեղծված ուսանելի փորձի համակարգն ամբողջ Հայաստանում տարածելու համար:

Հիմա, երբ այլևս պարզ է, որ Տեր-Պետրոսյանը հաղթանակի հասնելու որևէ հնարավորություն չունի, Գեներալի համար չափազանց ծանր ժամանակներ են սկսվել: Ճիշտ է, նա փորձեց ռևերանսներ անել իրեն մինչ օրս հանդուրժող իշխանությանը, թե, «կներեք, մենք էլ ենք սխալներ ունենում» տարբերակով, սակայն ներքուստ հասկանում է, որ վստահության լիմիտը սպառվել է: Հիմա շատերի հայացքն ուղղված է Գեներալի հսկայական կարողության ուղղությամբ: Առաջին լուրջ հարվածը կարող է լինել առաջիկա ամիսներին: Գեներալն իրենով է արել Էջմիածնի քաղաքային իշխանությունը, սակայն սեպտեմբերին տեղի ունենալիք համայնքային ընտրություններում՝ մասնավորապես Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում, առաջադրվել ցանկացող, այժմ քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Գեներալի որդին՝ Կարեն Գրիգորյանը, կարող է չափազանց դաժան պարտություն կրել: Հաջորդը կարող են լինել ապօրինի գազալցակայանները, կամ տրանսպորտի նախարարության կողմից հայտարարվող երթուղայինների մրցույթում Էջմիածին-Երևան գծի սպասարկման հաղթող կարող է ճանաչվել այլ ընկերություն: Եվ այսպես շարունակ` մինչև հայ ազգի հերոս Մանվել Գրիգորյանի վերջը:

Խորհելով այս մասին՝ չես կարող չվստահել Լևոն Տեր-Պետրոսյանի այն դոկտրինին, թե Հայաստանում թաթար-մոնղոլական ռեժիմ է գործում: Եվ, հիրավի, կարելի է ողբալ այս դժբախտ ժողովրդի դառը ճակատագրով, որ փետրվարի վերջերին «համաժողովրդական շարժումը» հաղթանակի չհասավ մեր երկրում: Եվ մենք այսօր պետք է անճար նստենք ու սպասենք, թե դեռ ինչեր են բերելու Մանվել Գրիգորյանի գլխին թաթար-մոնղոլական իշխանությունները: Գուցեև ազգի բախտը փոքր-ինչ շատ բերեր, եթե Գեներալը փետրվարի վերջին, մեղմ ասած, «չլցներ տակը» և գնար մինչև վերջ` Հովհաննիսյան Սերգեյից խլած զրահապատ «Լեքսուսով» գրոհեր կառավարության շենքը, ձերբակալեր Սարգսյան Սերժին և վերջապես փրկեր իր ազգին: Սակայն, ավաղ, այդ պատմական պահին քաղաքի դեղատներում լևոմիցիտին գոյություն չուներ, ու Գեներալը չկարողացավ պատշաճ մակարդակով կարգավորել իր աղիքային համակարգի ռազմական ոգին, ինչի պատճառով Գեներալի վրա թքեցին և նրանից հրաժարվեցին անգամ հարազատները, ովքեր իրենց ամեն ինչով պարտավոր էին նրան: Այդ իսկ պատճառով, նկատի ունենալով Գեներալի այսօրինակ «Վաթերլոոն»՝ Տեր-Պետրոսյանի բոլոր մյուս առյուծներին խորհուրդ ենք տալիս միշտ գրպաններում ունենալ լևոմիցիտինի բավարար քանակ, քանի որ կյանքում և հատկապես համաժողովրդական պայքարում այն ուղղակի անփոխարինելի է:





Հայկազ Սիմոնյան

Geen opmerkingen:

Een reactie posten