maandag 12 januari 2015

Երաժիշտը : Հայ՛ ազատամարտիկի Նորայր Ասրյանի հուշերից

ԵՐԱԺԻՇՏԸ
1990թ-ի աշունն էր: Հադրութի արևմտյան սահմանային դիրքերում էինք: Գիշերային հերթափոխից իջանք Հարար գյուղ: Այն ավերակների էր վերածվել պատերազմից շատ տարիներ առաջ: Մի հին փլատակի հետևում չոր խոտ կար լցված: Պառկեցի դրա վրա որպեսզի քնեմ: Ծագող արևի ջերմությունը հաճելի էր ու գիշերվա անքնության հետևանքով արագ քուն մտա: Որքան էի քնել դժվար է ասել, բայց արթնացա մի տարօրինակ խոսակցությունից, որը լսվում էր փլված պատի մյուս կողմից:
--Ազիզ ջան մեռնեմ քո բարակ մեջքին:


Տրորեցի աչքերս, որպեսզի սթափվեմ:
--Ուտեմ քո երկար ոտքերը:
Չէ դա երազ չէր: Ինչ որ մեկը պատի մյուս կողմում կրքոտ խոսքեր էր ասում, բայց ու՞մ: Այստեղ ֆիդայիներից բացի ոչ մեկը չկար: Մոտակա գյուղը Խծաբերդն էր, այն էլ մի քանի կիլոմետր հեռու: Այնտեղից ոչ մի աղջիկ այստեղ չէր գա, առավել ևս, որ գյուղացիք աղջիկներին գրեթե բանտարկած էին պահում թաքուն տեղերում սաֆոնովի բորենիներից, որոնք առիթը բաց չէին թողնում ջահել աղջիկների ծնողներին սպառնալու, թե չես ուզում աղջկադ ուղարկենք Շուշի, մուծվիր:
--Ինձ վառեցին սև հոնքերդ:
Թուրք աղջիկը բացառվում էր: Մեզնից ոչ մեկը նման քայլի չէր գնա բազմաթիվ պատճառներից նախ և առաջ այն պատճառով, որ թուրքերի մարմնից էդ ցեղին բնորոշ գարշելի հոտ էր գալիս:
--Մեռնեմ քո անուշ ձայնին:
Տարօրինակ էր: Սա խոսում էր անուշ ձայնի մասին, բայց ես ոչ մի աղջկա ձայն չէի լսում: Սա ի՞նչ է հին Եգիպտոսում զմռսող վարպետների նման դիակի հետ է սեքսով զբաղվում: Հետաքրքրությունս հաղթեց բարեկրթությանս ու ես ցատկեցի կիսավեր պատի վրա: Պատի մյուս կողմում մեզ օգնության եկած խմբի ֆիդայիներից մեկը, որին դեռ չէի ճանաչում, քանդել էր ПК գնդացիրն ու մաքրում էր այն: Էդ բոլոր գորովալից խոսքերը հենց գնդացրին էին ուղղված: Մոտեցա նրան:
--Բարի օր: Ծանոթանանք: Անունս Նորայր է, մականունս Սև ագռավ:
--Բարև ախպեր: Անունս Սմբատ է, մականունս Երաժիշտ:
--Տո հեր օրհնած էնպես քաղցր ու ջիգյարով էիր խոսում, որ երբեք մտքովս չէր անցնի, թե դրանք ոչ,թե աղջկա, այլ գնդացրի ուղղված կլինեին:
--Նոր ջան ես սրա ցավը տանեմ: Դու չգիտես, թե սա ինչ մուրազ երաժշտական գործիք է: Ես սրանով չեմ կրակում, այլ նվագում եմ: Ես սրա կրակոցի ձայնի փոխարեն միշտ թուրքի թաղման բայաթին եմ լսում:
--Լավ շարունակիր: Ես գնամ ու չխանգարեմ քո սիրո խոստովանությանը:
Հաջորդ առավոտյան ես մի փոքր խմբով պետք է գնայի նոր դիրքեր պահելու: Սմբատին խնդրեցի, որ ինքն էլ միանա մեզ: Մեզ դիրքեր բերելուց հետո հրամանատարն ասաց:
--Նոր ջան նայիր իրավիճակին: Եթե դությունը լրջանա կարող ես հետ գնալ մեր հետևի բարձունքում դիրքավորվել:
Սխալ էր զինվորների ներկայությամբ այդպիսի բան ասելը, բայց եղածն արդեն եղած էր: Ես հնարավորինս արագ տղերքին դիրքավորեցի ելնելով տեղանքի կառուցվածքից: Իրիկնամուտին ասկյարների ոհմակը սկսեց շարժվել մեր դիրքերի ուղղությամբ: Տղերքից մեկը, որը ամեն ինչով ոսկի տղա էր, բայց մի թերություն ուներ՝ մշտապես գողական ոճով էր խոսում, հարցրեց:
--Նորո ախպեր հմի հետ ենք գնում, թե՞մնում ենք:
--Մնում ենք:
--Հարց չկա ախպեր: 
--Տղերք ուշադիր լսեք ինչ եմ ասում: Մնալն իմ քմահաճույքը չի: Առանց մի կրակոցի էս դիրքը մեր ձեռքում է: Հետ գնանք հետո ուրիշները ստիպված պիտի լինեն սա հետ գրավել ու միգուցե կորուստներ էլ տան: էդ զոհերը մեր խղճի վրա կծանրանան: Քանի էստեղ ենք մենք պահենք, ինչքան կդիմանանք:
--Նորո ախպեր ոնց կասես:
Անուղղելի էր էս տղան: Ինչքան էլ փորձում էի բացատրել, որ հայրենասեր անձը նաև իր լեզուն պետք է սիրի, ոչինչ չէր ստացվում: Միանշանակ համաձայնվում էր հետս, բայց էլի շարունակում նույն ոճը:
--Լսեք ինչ եմ ասում: Կրակել սկսում ենք հենց գնդացիրը սկսի աշխատել ու հենց դադարի դուք էլ եք դադարում կրակել: Տղերք խնայեք փամփուշտները, բայց ոչ կյանքի հաշվին:
Ազերիները շարունակում էին մոտենալ: Ես մի հիմար սովորություն ունեի, որից ոչ մի կերպ ազատվել չէի կարողանում: Ամեն անգամ երբ ազերին հարձակվում էր սկսում էի հաշվել դրանց: Բնականաբար խառնիխուռն շարժման պատճառով հաշիվը կորցնում էի ու նորից սկսում հաշվել ու այսպես շարունակ մինչև մարտը կսկսվի: 
--Ես ձեր հերն եմ անիծել,--հերթական անգամ հաշիվը խառնելուց հետո զայրացա ես:
--Ի՞նչ կա Նոր ջան,-- հարցրեց Սմբատը:
--Սրանց հաշիվն եմ խառնում:
--Ինչի՞դ է պետք դրանց հաշիվը: Ինչքան շատ գան, էնքան շատ են սատկելու:
--Բան չունեմ ասելու: Ես էլ եմ ուրախանում երբ դրանք շատ են լինում, բայց մինչև այն պահը երբ դրանց քանակը չի գերազանցում մոտս եղած փամփուշտների քանակին:
--Դարդ մի արա: Իմ մոտ բոլ բոլ փամփուշտ կա սրանց ու ալլահի հանդիպումը կազմակերպելու համար:
Ազերիներն արդեն բավական մոտեցել էին:
--Սմբատ դու գիտես իմ ամենասիրած թուրքական երգը ո՞րն է:
--Նորո՞ ջան: Չհասկացա թուրքական բան կա, որ դու սիրու՞մ ես:
--Հա էդ մեկը սիրում եմ:
--էդ ո՞րն է:
--Ջուջալարը:
Ծիծաղեց:
--Եղավ Նոր ջան, քեզ հասկացա:
--Կարո՞ղ ես նվագել:
--Էն էլ ոնց:
--Դէ դու սկսիր նվագել, մենք էլ կողքից դամ կպահենք:
Դիմահար ու նշանառու կրակ բացելով մենք թուրքին ստիպեցինք ամուր գրկել գետինն ու կամաց կամաց սողալով հետ քաշվել: Երբ թուրքերն արդեն բազմաթիվ զոհեր տալով բավական հեռացել էին ու պետք էր կրակը դադարեցնել, ես մի պահ ականջ դրեցի թուրքին հնձող Սմբատի կրակոցներին: Նա, իսկապես, կրակում էր <Ջուջալարը> երգի տակտով:
--Հերիք է Սմբատ: Ապրես: Այ տղա դու, իսկապես, երաժիշտ ես:
--Բա ոնց:
Ես այլևս Սմբատին չհանդիպեցի ոչ պատերազմի ընթացքում, ոչ էլ դրանից հետո: Երկու տարի առաջ իմացա, որ Մարտակերտի շրջանում մղված մարտերից մեկի ժամանակ Սմբատը զոհվել է: Անասելի ծանր կորուստներով մենք մեր հաղթանակը ձեռք բերեցինք: Հազար փառք էդ հաղթանակը կերտելուն մասնակցած բոլոր <Երաժիշտներին>:

Geen opmerkingen:

Een reactie posten