vrijdag 4 april 2014

Նրանք կռվեցին որ մենք այսօր հայրենիք ունենանք 3

Նորայր Ասրյանի պատերազմյան հուշերից 

Պատերազմի տարիներին ես խուսափում էի զինվորական համազգեստով քաղաքացիական հասարակության մեջ երևալուց, բայց դա միշտ չէր, որ հաջողվում էր: Մի անգամ Գորիսում հանդիպեցի Սերո Նիկոլայիչին: Նա առաջին անգամ էր ինձ համազգեստով տեսնում:

__ Այ տղա, էս ֆիդայի՞ ես:
__Հա, Նիկոլայիչ:
__Էլ ուրիշ ղալաթ չէի՞ր կարող անել,__զայրացավ իմ վրա Սերոն ու սկսեց լուտանքներ թափել գլխիս: 
Ես շվարել մնացել էի: Չէի հավատում, ոչ տեսածիս, ոչ լսածիս: Սերո Նիկոլայիչին ես մինչ այդ ճանաչում էի, որպես մեծագույն հայրենասերի, համարձակ ու հանդուգն մի մարդու, որն անգամ խորհրդային իշխանապետության տարիներին չէր խուսափում ասել այն ինչ ուրիշներն անգամ մտածել չէին համարձակվում: Հիշում էի, թե ինչպես էր նա այդ տարիներին ինձ պատմում Նժդեհի, Դավիթբեկյան Ուխտերի, Գայլավաշտերի ու Լեռների Ոգու մասին և ինչպես էին, այդ ամենը պատմելիս, փայլում նրա աչքերը: Խոսելով գրեթե ամբողջ աշխարհի դեմ մեն միայնակ կռվող Նժդեհի ու նրա լեռնային վրիժառուների մասին Սերոյից հպարտության աուրա էր ճառագում: Նա էր իմ Ցեղակրոն կնքահայրը: Հիմա իմ առաջ ուրիշ Սերո էր:
Մի տաս տասնհինգ րոպե թուք ու մուր տալուց հետո, հարցրեց:
__Ուշադի՞ր լսեցիր ինչ քեզ ասացի:
__Հա լսեցի,__զայրացած պատասխանեցի ես:
__Ապրես, որ լսեցիր, իսկ հիմա մեկ ընդ միշտ իստակ մոռացիր այն ամենն ինչ քեզ ասացի: Ես այդ ամենը քեզ ասացի որպես եղբորորդու ճակատագրով մտահոգ հորեղբայր, իսկ հիմա էլ ավելի ուշադիր լսիր ու երբեք չմոռանաս այն ամենն ինչ քեզ կասեմ, արդեն որպես իմ Ցեղակրոն հոգեզավակի: Նժդեհն ասում էր <Ժողովուրդը բաղկացած է երկու մասից` Ցեղից ու տականքից և միայն հայրենիքի վտանգի պահին է, որ յուրաքանչյուր ոք կարող է որոշել, թե ինքը դրանցից որին է պատկանում>: Մեր հայրենիքը հիմա վտանգված է ու ֆիդայի դառնալով դու ապացուցել ես, որ պատկանում ես Հայ Արիաց Մեծ Ցեղին: Ուրեմն բեր ճակատդ համբուրեմ:
Սա արդեն իմ ճանաչած Սերոն էր:

Նրանք կռվեցին որ մենք այսօր հայրենիք ունենանք 1

Նորայր Ասրյանի պատերազմյան հուշերից

91-ի աշունն էր: Գտնվում էի Հադրութի արևմտյան սահմանի մեր դիրքերից մեկում ու պատրաստվում էի գիշերվա քողի տակ անցնել սահմանն ու գալ Շուռնուխ: Դիրքերը պահող ջոկատի հրամանատարի հետ զրույցից իմացա, որ ամսից ավել է թուրքական դիրքերից մի նշանառու մեր տղերքին օր ու արև չի տալիս: Ես մտադրությունս փոխեցի ու որոշեցի մնալ ու ճշտել էդ նշանառուի կրակակետը: Հարց ու փորձ արեցի տղերքին: Բազմաթիվ չափումներ ու հաշվարկներ արի, բայց ոչ մի կերպ չէի կարողանում գալ մի կետի: Հնարավոր կրակակետերը երեքն էին: Դա շատ էր որպեսզի նշանառուի դեմ որևէ գործողության ծրագիր մշակվեր: Խնդրեցի հրամանատարին, որ հաջորդ անգամ երբ նշանառուն կրակի, ոչ մի դեպքում պատասխան կրակ չբացեն: Նույն օրվա աղջամուղջից առաջ նշանառուն սկսեց իր գործը: Ես հագա ոստիկականական ծանր զրահաբաճկոն ու զինվորական սաղավարտ: Բարձրացա խրամատի վրա ու սկսեցի քայլել դրա երկայնքով: Ինչպես և սպասում էի նշանառուն սկսեց կրակել իմ վրա: Շարժվող թիրախին միանգամից խոցելը հեշտ բան չի և նա ստիպված էր մի քանի անգամ կրակել: Աստիճանաբար ավելի դիպուկ էր կրակում: Հերթական 5-րդ, թե 6-րդ կրակոցից հետո իմ համար պարզ էր, որ հաջորդ կրակոցը կպնելու ինձ:
__Ապրես ազիզ ջան: Մի հատ էլ կրակիր ու ես քո տեղը վերջնականապես կորոշեմ,-- բարձրաձայն ասացի ես ու կրակոցի հետ միասին ցատկեցի խրամատի մեջ: Նա կրակեց: Իմ համար արդեն պարզ էր, թե հնարավոր երեք կրակակետերից, որից էր կրակում: Այդ ժամանակ տղերքից մեկը հարցրեց:
__Էդ ինչի՞ ես դրան ազիզ ասում:
__Կրակողն աղջիկ է:
__Ի՞նչ իմացար:


__Յուրաքանչյուր հաջորդ կրակոցների միջև ընկած ժամանակահատվածը նախորդից ավելի փոքր էր: Դա նշանակում է, որ կրակողը հուզվում է և տրվում է զգացմունքների: Ասել է, թե կրակողն աղջիկ է,__պատասխանեցի ես:
Բնականաբար ֆիդայիներին դուր չէր գալիս, որ այդքան ժամանակ իրենց անհանգստացնողն աղջիկ է: Վիրավորված էին զգում իրենց տղամարդկային արժանապատվությունը և ամեն կերպ փորձում էին հակառակել իմ մտքերին, իսկ ես էլ ամենատարբեր ձևերով հակառակն էի պնդում: Այդպիսի մի պնդումից հետո, ֆիդայիներից մեկը, որ մինչ այդ լուռ լսում էր, գյումրվա բարբառով հարցրեց:
__Ապ ջան կրնաս ըսել, ըդիգ կույս է՞:
__Բան գտար հարցնելու: Ի՞նչ իմանամ:
__Ծո բա որ չիդաս, ինչխ ամբախ- զամբախ դուրս կուդաս: Ախջիկ է, զգացմունքներու տրվե գը: Էնենց կխոսիս իշխոր հարյուր տարի հետը ծանոթ եղնիս գը:

Նրանք կռվեցին որ մենք այսօր հայրենիք ունենանք 2

Նորայր Ասրյանի պատերազմիան հուշերից 

Գիշերով չորս հոգով անցել էինք թշնամու թիկունք ու դիրքավորվել: Լուսաբացին մերոնք սկսեցին հարձակումն ու կրակ թափելը թուրքի գլխին: Վերջապես մեր դիրքերից երկինք բարձրացավ կարմիր ազդանաշանային հրթիռը, որը մեզ ցուցում էր կրակ բացել: Մեր առաջին իսկ կրակից թուրքերը կարծեցին, թե շրջափակման մեջ են ընկել ու խուճապի մատնված սկսեցին անկանոն, ցաք ու ցրիվ կրակել այս ու այն կողմ: Հանդիպելով մեր դիմահար կրակին նրանք սկսեցին ճողոպրել: Խուճապն այն աստիճան մեծ էր նրանց մոտ, որ նրանք անգամ չէին նկատում, որ թվաքանակով 10-15 անգամ գերազանցում են մեզ և խելացի հրամանատարի դեպքում անգամ իրենք կարող էին մեզ շրջապատել: Ինչևէ, վախն այն աստիճան էր մտել նրանց մեջ, որ սկսեցին գլխապատառ փախչել` թողնելով բազմաթիվ զոհեր, զենք ու զինամթերք: Օգտվելով չնախատեսված, բայց դիմացի բարձունքը գրավելու փայլուն հնարավորությունից, մենք որոշեցինք կրնկակոխ հետևել թուրքերին, հասնել բարձրունքին ու դիրքավորվել այնտեղ մինչև մերոնք կհասնեին: Այդպես էլ արինք: Անդադար կրակելով ու արագ վազելով մոտենում էինք բարձունքին, ոգևորությունից չնկատելով, որ մեր չորրորդ ընկերը` միջին տարիքի մի գյումրեցի, որին Հոպար էինք ասում, բավականին հետ է ընկել: Կրակոցների ձայների արանքից լսեցինք նրա գոռոցը:
__Ծո գյոռնափշտիկներ, էդ ինչխ արագ վազեք գը: Հեչըմ չեմ կըրնա հետևներիցդ հասնիլ:
__Հոպար մենք չենք արագ վազում: Էդ թուրքերն են արագ փախչում,__ գոռաց տղերքից մեկը:
__Իդոնց ըսեք քիչըմ դանդաղ փախչեն: Կարդիոգրամմաս ղայդին չի: