donderdag 20 juni 2013

Քաղաքակրթական մշակույթ. գենոտիպ Arthur Armin

Նախ, ի՞նչ է մշակույթ, և ի՞նչ է քաղաքակրթական մշակույթ։ 
Քոչվորական կենսաձևով ապրող ցեղերը կամ ժողովուրդներն ունեն մշակույթ (երգ, պար և այլն), բայց չունեն քաղաքակրթական մակարդակի մշակույթ (դպրություն, փիլիսոփայություն, ճարտարապետություն, քաղաքաշինություն և այլն)։ Քաղաքակրթական մշակույթ ստեղծում են նստակյաց ազգերը, ժողովուրդները` դարերի ընթացքում։ Եվ մշակույթը կարող է լինել միայն` ազգային–համամարդկային և երբեք` կոսմոպոլիտ–համամարդկային։  

Այո՛, ցածր քաղաքակրթության մակարդակի վրա գտնվող ժողովուրդը կարող է հաղթել նույնիսկ ամենաբարձր քաղաքակրթական մակարդակ ունեցող կայսրապետություններին` պատերազմելու կենսաձև որդեգրելով և անհամեմատ մեծ քանակի շնորհիվ։ Համաշխարհային պատմագիտությունը և մարդկային քաղաքակրթությունների փիլիսոփայական քննությունները վաղուց փաստել են, որ`

1. Երբ ցածր քաղաքակրթական մշակույթ ունեցող ժողովուրդը հաղթում ու գրավում է իրենից անհամեմատ ավելի բարձր քաղաքակրթություն ունեցող ժողովրդին, ապա ժամանակի` դարերի ընթացքում հաղթողը` «ցածրը», ինքն է ձուլվում այդ բարձր քաղաքակրթության մեջ։ 
Իրականում կատարվում է հետևյալը` «ցածրը» բարձրացնում է իր` թե՛ ընդհանրական գենոտիպը, թե՛ իր քաղաքակրթական և մշակութային մակարդակը։ Իսկ «բարձրը»` երկար ժամանակ զարգացման տեղատվություն ապրելով, իջնում է իր «մակարդակով»։ Արդյունքում ունենում ենք «միջակը»։

2.– Երբ բարձր քաղաքակրթություն ունեցող ժողովուրդն է գրավում ցածր քաղաքակրթական մակարդակ ունեցող ժողովրդին, ապա դրանից օգտվում է այդ գրավված ժողովուրդը` քաղաքակրթական և մշակութային առումով, նա թռիչքաձև զարգացում է սկսում ապրել։ Թեև այդ «ցածրը» կարող է կորցնել իր տեսակից բխող իր թեկուզ ցածր, բայց ի՛ր մշակութային ինքնատիպությունը։ 

3.– Եթե բարձր քաղաքակրթական և մշակութային մակարդակ ունեցող պետություն–ժողովուրդը գրավում է իրեն հավասարազոր մեկ ուրիշ ժողովրդի, ապա կատարվում է քաղաքակրթական և մշակութային փոխանցումներով հարստացումներ, ինչպես նաև տեղատվություն (բյուզանդական և հռոմեական քաղաքակրթությունների երկարատև առճակատումից օգտվեցին քոչվորահոտային վարքագծով առավելապես օժտված ցեղերը, որոնք ի վերջո կործանեցին այդ քաղաքակրթական կայսրությունները)։ 

Բնության մեջ կա ընդհանրական դաշտի որակական բարձրացման համար «բարձրի» որոշակի մասի զոհաբերում–դոնորություն «ցածրին»։ 
Եվ այսպիսով, վերևի երեք տարբերակներում էլ պարզ տեսանելի է, որ էքսպանսիայի դեպքում, երեք տարբերակներում էլ, «բարձր» տեսակը տուժում է` կորցնում է իր որակը։ Հաղթում է «նորին մեծություն միջակը»։

Հ.Գ.
Լեզուն և դպրությունը քաղաքակրթական մշակույթ է։ Լեզվի մակարդակը` բառապաշար, դարձվածքաբանություն, շարահյուսություն, քերականություն, դպրություն և այլն, պարզ ցուցում է, թե տվյալ ազգը իր պատմության ընթացքում եղե՞լ է գերհզոր, թե՞ ոչ։ Որևէ ազգի հզորությունը չի չափվում նրա քանակով, նրա աշխարհածավալումների հաջողություններով։ Որևէ ազգի կենսունակությունը և զորությունը որոշվում է նրա անհատների գենային տաղանդով, աշխարհին տված նրա քաղաքակրթական մակարդակի կենսունակությամբ։
 Arthur Armin

Geen opmerkingen:

Een reactie posten