Հայկական լեռնաշխարհում գոյություն ունի Նեմրութ անունը կրող երկու լեռ, որոնցից մեզ ավելի հայտնին' Մեծ Նեմրութը, գտնվում է Վանա լճի մոտ, իսկ երկրորդը, որին էլ վերաբերվում է այս գրառումը, գտնվում է Տավրոսի լեռներում: Նախկինում այդ տարածքում է եղել Կոմմագենեի կամ Կամախի հայկական թագավորությունը, որի արքաներից մեկի' Անտիոքոս 1-ինի օրոք էլ կառուցվել է այս սրբավայրը:
Անտիոքոս 1-ինը Երվանդունիների տոհմի ներկայացուցիչն էր: Եղել է Տիգրան մեծի ժամանակակիցը, և գտնվելով նրա իշխանության տակ, կրել է Տիգրանյան թագը: Նա կառուցել է բազմաթիվ հեթանոսական հուշարձաններ և տաճարներ, որոնցից Նեմրութ լեռան գագաթին գտնվող սրբավայրը դարերի ընթացքում մեծ վնասներ կրելով հասել է մինչև մեր օրերը:
Հուշահամալիրը իրենից ներկայացնում է մոտ 50մ բարձրությամբ, մանր քարերով, առանց շաղախի արհեստականորեն կառուցված բլուր, որի երկու կողմերում տեղադրված են նույնակերպ արձանախմբեր, որոնք պատկերում են աստվածներին, արքային ու նրա նախնիներին: Այն իր ճարտարապետական բարդությամբ մասնագետները համեմատում են եգիպտական բուրգերի հետ, և շատ գիտնականներ այն համարում են հին աշխարհի 8-րդ հրաշալիքը:
Բլուրի առջևում տեղադրված են մոտ 9 մ բարձրությամբ արձաններ: Կենտրոնում գտնվում է Արամազդը' երկնքի ու երկրի արարիչ հանդիսացող աստվածը, ձախ կողմում մայր դիցուհին' Անահիտը, իսկ Արամազդից աջ արևի, կենսատու լույսի և արդարության աստված Միհրը: Այս երեք արձանները ներկայացնում էին հայոց դիցարանը գլխավորող երեք գերագույն աստվածները: Նրանց մի կողմում գտնվում է Անտիոքոս 1-ինը, իսկ մյուս կողմում քաջության աստված Վահագնը, և գրի ու դպրության աստված Տիրը: Կան նաև արքայի և Միհր աստծո ձեռքսեղմումները պատկերող քանդակներ, և թագավորության խորհրդանիշ համարվող առյուծի և արծվի արձաններ:
Ցավոք սրտի այս հին հայկական հեթանոսական սրբավայրը աշխարհին հայտնի է, որպես հունական մշակույթի ժառանգություն, իսկ աստվածների արձանները նույնացվում են հունական աստվածների հետ' Արամազդը Զևսի, Միհրը Ապոլոնի, Վահագնը Հերակլեսի... :
Geen opmerkingen:
Een reactie posten