zondag 26 mei 2013


ԲԱԳԱՐԱՆ


ԲԱԳԱՐԱՆ, բերդաքաղաք, պաշտամունքային կենտրոն, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառի հյուսիս-արևելյան ծայրում, Ախուրյան գետի աջ ափին։ Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդ Դ թագավորը մ. թ. ա. II դարի սկզբին, Արմավիրից այնտեղ են տեղափոխել հեթանոսական կուռքերը (Բագարանում է եղել Հայաստանի հեթանոսական տաճարների գլխավոր համալիրը), քաղաքի մոտ տնկել անտառ` «Ծննդոց» անունով, պարսպատել և դարձրել արգելանոց (ենթադրվում է, որ տնկել են Արմավիրի մոտ եղած «Սոսյաց պուրակի» փոխարեն)։ Բագարանում քրմապետ է եղել Երվանդի եղբայր Երվազը։ Սակայն Արտաշես Ա-ն, գրավելով թագավորությունը, սպանել է Երվանդին ու Երվազին, կուռքերը Բագարանից տարել Արտաշատ և իր զորավար Սմբատին նվիրել Երվազի 500 ծառաներին։ Սմբատը նրանց բնակեցրել է Մասիսի ստորոտում` նոր բնակավայրում,  որը նախկինի անունով կոչվել է Բագարան։ Հետագայում Բագարանը կորցրել է իր երբեմնի քաղաքական ու հասարակական դերը։ Միայն IX դարում, երբ Աշոտ Բագրատունի Մսակերը գնեց Կամսարականների տիրույթները, Բագարանը դարձավ նախարարական ոստան։ IX դարի վերջին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր։ Այստեղ էր Բագրատունիների տոհմական դամբարանը։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Բագարանը նորից անշքացավ։ 1048-ին Բագարանը զավթեցին սելջուկները, որոնք ավերեցին քաղաքը, կոտորեցին բնակչությաւնը։ XII դարի սկգբին այն գրավեցին Շահ-ի-Արմենները, իսկ 1211-ին՝ ազատագրեցին հայ-վրացական զորքերը։ 394-ին Լենկթեմուրի հորդաները ավերի ու կողոպուտի մատնեցին Բագարանը: Բագարանը տեղադրված էր հուսիսից հարավ ձգվող ձորում, երեք ժայռաբլրակների վրա, որոնք ունեցել են պարսպապատ ամրոց-ապարանքներ և շրջապատված են եղել հաստ պարսպով բերդաքաղաքն առանձնացնելով քաղաքից։ Պահպանվել են տարբեր ժամանակների շինությունների` բերդապարիսպների, բուրգերի, կամրջի, բնակարանների, գերեզմանատների, եկեղեցիների (Ս. Թեոդորոս, Ս. Գեորգ, Ս. Շուշան և այլն) մնացորդներ։ Ազգային ճարտարապետական պատմության համար նշանակալից  է Ս. Թեոդորոս եկեղեցին, որ Բագարանի հարավային ծայրում կանգուն էր (բացի գմբեթից) մինչն XX դարի կեսերը։
[slideshow id=5]
 Ըստ հուշարձանը երիզող արձանագրության, 624-ին այն հիմնադրել է իշխան Բուտ Առավեղյանը, որի մահից հետո, 631-ին, ավարտել է կինը` Աննան։ Կենտրոնագմբեթ, հատակագծային հորինվածքով խաչաձև քառակուսու վրա դրված կառույց էր, չորս կողմից դուրս եկող, ներսից` կիսաբոլոր, արտաքինից` նիստավոր աբսիդներով։  Չորս մույթերը, որ կամարածածկ բացվածքների միջոցով առանձնացված էին խաչթևերի երկայնական պատերից, միմյանց կապվել են երկկենտրոն, թեթևակի պայտաձև կամարներով։ Գմբեթակիր քառակուսին ութանկյան փոխանցող հիմնական չորս տրոմպներից բացի թմբուկն ունեցել է նաև միակտուր քարից ութ տրոմպիկներ, որոնց միջոցով ութանկյունին փոխանցվել է տասնվեցանկյան` մոտենալով բոլորաձևին և ավարտվել գմբեթարդով։ Բացի արևելյան աբսիդից, որի երկու կողմերին կից հետագայում կառուցվել են փոքր մատուռներ, մնացած երեքը ունեցել են մուտքեր։ Հուշարձանի նախնական ծածկը եղել է կդմինդրյա, ճարտարապետական մանրամասները` քանդակազարդ, պրոֆիլավոր, քիվերը՝ատամնաշար։ Ներքին խաչաձև տարածության երկթեք տանիքավոր թաղածածկ թևերը վեր բարձրանալով անկյունային ցած մասերից և աբսիդներից` ստեդծել են աստիճանավոր անցում արտաքինից ութնիստ, կոնաձև վեղարով թմբուկին։ Աբսիդներին միաձուլված ընդարձակ գմբեթատակ տարածությամբ, ներքին բովանդակության՝ արտաքուստ համաչափ ծավալների ներդաշնակությամբ և կոնստրուկտիվ մասերի հստակ համաչափությամբ Բագարանի տաճարը դասվում է հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանների շարքը։ Օտարերկրյա մի շարք տեսաբաններ բազմիցս անդրադարձել են «բագարանատիպ»՝քառաբսիդ, գմբեթակիր չորս մույթերով հուշարձաններին։ Ցո. Ստրժիկովսկու, Ջ, Դիմիտրոկալլիսի, Վ. Արսյանի և ուրիշների կարծիքով Բագարանի Ս. Թեոդորոս եկեղեցին, որ իր հորինվածքով հարում է Էջմիածնի տաճարին, նախատիպ է եվրոպական մի շարք հուշարձանների, որ Արևմուտք է փոխանցվել Բյուզանդիայի միջոցով և գտել հետագա զարգացում։ Այդպիսի օրինակներից են Կ. Պոլսի կայսերական պալատի այժմ գոյաթյուն չունեցող «Նեա»-ն (868-886), Հունաստանի Աթոս լեռան «Մեծ Լավրա»-ն (963-1004) և ութ եկեղեցիները Ֆրանսիայում` Օռլեանի «Ժերմինի դե Պրե»-ն (806), Միլանի «Ս. Սատիրո»-ն (868-881) և այլ կառույցներ։ 

Geen opmerkingen:

Een reactie posten