zondag 26 mei 2013

Խաչքարն ընդամենը նախշ է քարի՞ վրա

Խաչքարն ընդամենը նախշ է քարի՞ վրա

1. Ի՞նչ է մեզ համար այսօր խաչքարը, մեր քրիստոնեական կրոնի այդ նշանը, խորհրդանիշը, խարանադրոշմը: Քարերի վրա խաչեր՝ զուգակցված զարդաքանդակների հետ, կարելի է տեսնել ողջ պատմական Հայաստանի տարածքում: Դրանք այսօր էլ հուզում են մեզ:

Խաչքարն ընդամենը քարե դեկորատիվ կոթո՞ղ է, որը խորհրդանշում է մեր անսասան հավատը Քրիստոսի ուսմունքի նկատմամբ, պատմական հիշողությո՞ւն, թե՞ մի այլ բան: Իսկ գուցե եւ՛ այս, եւ՛ այն միաժամանա՞կ: Իսկ գուցե մի երրորդ բան է, ասենք` մեր կենցաղի մի մասը: Եվ եթե խաչքարը նշան է ու խորհրդանիշ, ապա ի՞նչ է այն խորհրդանշում, ի՞նչ են խորհրդանշում խաչքարի քարե դեմքերը, ֆիգուրները, նախշերը, ժանյակները: Եվ ի՞նչ իմաստ ունի այդ ողջ գեղարվեստական-գաղտնախորհուրդ համակարգը, եթե, իհարկե, այդ համակարգը գոյություն ունի: Խաչքարը ազգային ինքնագիտակցության խորհրդանի՞շ է, թե՞ մի այլ բան: Ամեն դեպքում խաչքարի պատմությունն ավելի շուտ հիշեցնում է ժողովրդի ինչպես հոգեւոր, այնպես էլ աշխարհիկ կյանքի կարդիոգրամա: Զարմանալի է, բայց խաչքարը դարձել է Հայաստանի մեծ քարե գրքի մի մասը, որի էջերը նրա սալաքարերն են, նրա տաճարների ու եկեղեցիների պատերը...

2. Զարմանալի է, բայց որոշ հարցեր կարող են մնալ անպատասխան, քանի որ ժողովրդի ներսում կորել է գաղտնիքի սրբազան, ծիսական իմաստը: Ընդհանրապես ծիսականի հասկացությունն այլեւս գոյություն չունի եւ հիմա, եւ ամբողջ 20-րդ դարում ընդհանրապես: Խիստ է ասված` կորել է. ավելի ճիշտ` այն դուրս է մնացել մարդկության մեծ մասի տեսադաշտից: Սրբազան, ծիսական իմաստը թաքնված է: Այն կրկին ցանկանում է իր տեղը վերագտնել կենցաղում եւ մարդկանց գիտակցության մեջ, եւ դրան շատ մեծ օգնություն են սկսել ցուցաբերել ինչպես կինեմատոգրաֆիստները, այնպես էլ ի հայտ եկած պայծառատեսներն ու կախարդները, մոգերն ու տարբեր տեսակի բուժողները: Սակայն իրական սրբազան իմաստը թաքնվել է: Մենք իրավունք ունենք հարց տալու՝ իրո՞ք այն եղել է հայ իրականության մեջ, եւ ե՞րբ է այն գոյություն ունեցել մեր կոլեկտիվ գիտակցության մեջ: Անկասկած եղել է: Հայ ազգի վաղ քրիստոնեական կյանքում այն եղել է կարեւորագույնը, քանի որ առանց իռացիոնալ մտածողության դժվար է մտնել կրոնի մեջ, որպես իրականության: Հենց այդ պատճառով են հավատացյալները որպես խորհրդանիշ առաջ քաշել գլխավոր քրիստոնեական նշանը: Ինչ-որ տեղ ենթագիտակցության կամ նույնիսկ անգիտակցականի ոլորտում խորհրդանիշն աղերսներ ունի գեղարվեստական մտածողության հետ, եւ ծնվում է ծիսական իմաստը, հայացքը, ձեւը: Ըստ ամենայնի` նոր կրոնը ազգի հոգեկան էներգիային նոր իմպուլս տվեց: Այդ էներգիան իր համար տարածքներ էր գտնում նաեւ վիզուալ փնտրտուքի մեջ՝ քրիստոնեական ինքնամփոփության կերպարը ստեղծելու կամ հավերժական կյանքի հետ կապ ունենալու ուղղությամբ: Խաչն ու քարը հենց բնության մեջ գտան հանգստություն ու ներդաշնակություն, մարտահրավեր ու ինքնամփոփություն, ուժ եւ սեր, հավերժություն ու ակնթարթ... Եվ ժամանակը կանգ առավ: Խաչքարը Հայաստանի բնության մեջ ձեռք բերեց իր տեղը, քանի որ համր քարերի` գրանիտի կամ բազալտի ամրությանն ու դիմացկունությանը կամաց-կամաց փոխարինեց գունագեղ հրաշալի տուֆը, որի գունային սպեկտրը շատ լայն է, իսկ բնական որակները բազում առավելություններ ունեն: Գրանիտի կամ բազալտի ամրությունն ու դիմացկունությունը խաչքարի ստեղծման սկզբում փոխարինվեցին տուֆի մեղմ համառությամբ ու համբերատարությամբ, եւ հենց դա է անվտանգության մեր գիտակցումը, երբ մենք արդեն չէինք վախենում, որ քրիստոնեությունը կարող է վտանգվել: Նույն բանը կատարվեց նաեւ ճարտարապետության հետ, երբ առաջին եկեղեցիների զարմանալի պարզությանն ու արտահայտչականությանը փոխարինելու եկան ավելի զարդարուն տաճարները: Խոշոր հաշվով` կրոնի, բնության ու մարդու միաձուլումը տեղի ունեցավ հենց խաչքարի հայտնվելով (ամենայն հավանականությամբ` 8-րդ դարի վերջերին-9-րդի սկզբներին), քանզի թեեւ եկեղեցիների բազիլիկները դեռ շարունակում էին շինարարության հեթանոսական ավանդույթները, բայց արդեն երեւան էր գալիս հանրահայտ հայկական ոճը: Ստրիժիգովսկին ճիշտ է մի բանում, եւ նրա հետ համամիտ է նաեւ Վ.Լազարեւը, որ հայկական ոճը միասնական ու միանգամայն յուրահատուկ ճարտարապետական լեզու է: Ես կասեի` մաքուր, պարզ եւ բարձր, ինչպես մարգարեի խոսքը: Հենց այդ պայմաններում է ձեւավորվել խաչքարի լեզուն, իբրեւ նշան: Այդպես խաչքարը դառնում էր նոր համազգային խորհրդանիշ: Չէ՞ որ մագաղաթներն ու վանական կյանքի մյուս ատրիբուտները ընտրյալների համար էին: Իսկ խաչքարը, լինի դա ճանապարհի եզրին, դաշտում կամ գյուղի մոտ, համընդհանուր ապաստան էր հավատացյալ հոգիների համար: Հայաստանում քրիստոնեության առաջին հարյուրամյակների եկեղեցիները ստեղծեցին Աստված-մարդ-բնություն համակարգի այն անկրկնելի, ներդաշնակ կերպարը, որ հատուկ է եւ առաջին խաչքարերին: Այս ամենը խոսում է այն մասին, որ ժողովրդի գեղարվեստական ընկալումն ընթանում էր միասնական ձեւով, որտեղ արվեստի յուրաքանչյուր ուղղություն, ունենալով իր առանձնահատուկ կողմերը, մի բանում միասնական էր` պլաստիկայի զարմանալի զգացողություն, որտեղ առավելագույն ազատություն էր ընձեռված համեստությանն ու բարձր հավատքին: Այդ եկեղեցիների արխիտեկտոնիկան իդեալական է, պլաստիկան իր մեջ ներառել է հավատացյալի ողջ ուժն ու խոնարհությունը. ոչ մի ավելորդ բան: Ամեն ինչ ենթակա է ոգուն, համեստությունը, որպես ստեղծագործողի ամենամեծ առաքինություն: Անանուն վարպետները կանգնած էին ներդաշնակության որոնման ճանապարհի սկզբում: Այդպես է եղել խաչքարի հետ:

3.Ի՞նչ ենք տեսնում այժմ: Այսօր մնացել են նշանի միայն ձեւական, ֆորմալ կողմերը: Մեզ ժառանգություն է հասել (դարավոր ստրկությունից ու վերջին տասնամյակների աթեիզմից հետո) խաչքարի միայն գեղարվեստական գնահատականը կամ արժեքը: Սակայն մեզ այսօր ամենաշատը պակասում է իսկական, ոչ թե ձեւական հավատքը, այդ թվում` եւ նշանների իմաստի նկատմամբ, քանզի խաչքարի դեկորատիվ ձեւերը մեզ հետաքրքրում են զուտ գեղարվեստի տեսանկյունից: Որքան էլ տխուր է, խաչքարն այսօր ընդամենը ուտիլիտար գեղարվեստական ստեղծագործություն է` աշխարհիկ բնույթով: Ու մեզ պակասում է նրա մեջ բարձր կրոնական ոգին (եւ դա տեւում է արդեն 2 հարյուրամյակ), որն իր տեղը զիջել է լոկ արտաքին նշաններին` գեղարվեստական ճաշակին, ոճական առանձնահատկություններին, քարտաշների վարպետությանը, իսկ խորհրդային ժամանակներում` 60-ականների վերջերից, պրոֆեսիոնալ քանդակագործներին:

Խաչքարի ծիսական նշանակությունը կորել է իր գոյատեւման ճանապարհին` X-XI դդ.-ում վերափոխվելով կրոնական հաստատուն ուղղության: 13-րդ, ապա եւ 15-րդ դարերում (դիմադրություն բյուզանդացիներին, թաթար-մոնղոլներին) կրկին զգացվում է կրոնական ալիքի բարձրացում, օրինակ` Գեղարդի կամ Լոռվա խաչքարերը, սակայն ավելի ուշ ոգեղենը կրկին կորցնում է իր բարձունքները: Միաժամանակ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, թե ինչպես վաղ շրջանի խաչքարը հետագայում կորցնում է քարե միասնական մարմինը, որտեղ ներդաշնակորեն արտահայտված են խաչը, հասարակ, երբեմն պարզունակ նախշերը: Քարի ձեւն ու խաչը մի ամբողջություն էին կազմում, իսկ հետագայում խաչքարը կամաց-կամաց ծածկվում է դեկորատիվ նախշազարդերով: Այդ նախշազարդերը գնալով ավելի են զարգանում, ձեռք են բերում տարբեր ոճական առանձնահատկություններ վարպետների եւ պատմական Հայաստանի տարբեր շրջանների համար: Այնպես որ, կարելի է խոսել խաչքար ստեղծելու պրոֆեսիոնալիզմի մասին, որտեղ առկա են իմաստավորված կոմպոզիցիան եւ բարդ, լակոնիկ նախշազարդերն ու ֆիգուրները: Հրաշալի զարդանախշերի գեղեցկությունը ավերում էր վաղ խաչքարերի ներքին հզորությունը, ուժը` դառնալով այդ դեկորատիվ ժանրի զարգացման կարեւոր գործոն: Այժմ ոճական լուծումները բովանդակային կողմից ավելի կարեւոր են դառնում, հատկապես աղավաղվել է կրոնական ոգին, որը պատմության որոշակի ժամանակահատվածներում համընկնում էր դրա հետ, իսկ երբեմն էլ` իրենով փոխարինում էր այդ ոգին:

4.Մենք գործ ունենք զարմանալի ֆենոմենի հետ, երբ կրոնական-պաշտամունքային գեղարվեստական ստեղծագործությունը կարդիոգրամայի նման լիարժեք արտացոլում է դեպի քրիստոնեություն տանող մեր ուղին: Դա նշանակում է, որ մենք կարող ենք խաչքարի զարգացման կենսագրության միջոցով տեսնել քրիստոնեության մեր ըմբռնումը մեր պատմության, ազգի կենսագրության տարբեր փուլերում: Այստեղ պարզորոշ կերեւան մեր անկումները ոչ միայն նյութական առումով (մասնավորապես` տնտեսության բնագավառում), այլ նաեւ, որ չափազանց կարեւոր է, հավատի առումով: մենք կորցնում էինք հավատը ոչ թե կրոնապաշտության, այլ արվեստի գործերի մեջ այդ կրոնապաշտության արտացոլման տեսանկյունից: Կրոնականության ուժը աստիճանաբար վերափոխվում էր անձնականի, իսկ անձնականն իր ինքնարտահայտումն էր գտնում կենցաղում, որտեղ անպաշտպան ազգային կյանքը բախվում էր ուրիշ ազգերի ու կրոնների ներկայացուցիչների հետ: Կրոնական զգացմունքների ողջ ակտուալությունն ու անպաշտպանությունն արտահայտվում էր ոչ թե խաչքարի կամ մանրանկարչության, այլ ժամանակի տվյալ հատվածում հայ ժողովրդին ստրկացրած կոնկրետ պետության ներսում որոշակի հակամարտության մեջ: Արդեն 17-18-րդ դարերում խաչքարը դառնում է մի կողմից` աշխարհիկ կյանքի, ունեւոր լինելու ատրիբուտներից մեկը, մյուս կողմից` քրիստոնեությանը պատկանելու խորհրդանիշ: Չէ՞ որ պետական համակարգի շատ ինստիտուտների կորստից հետո գյուղում թե քաղաքում կարեւոր տեղ է գրավում եկեղեցին, եւ գերեզմանները հայ ազգին պատկանելու խորհրդանիշ էին, կարեւոր ավանդույթների շարունակություն: Դա լավ երեւում է պահպանված շատ խաչքարերից, այդ թվում եւ` Ջուղայի ու Նորադուզի: Չնայած խաչքարերը, որպես սոցիալական վիճակի արտահայտողներ, առաջ նույնպես գոյություն ունեին, օրինակ` Նորավանքի կան Գեղարդի խաչքարերը, բայց իբրեւ մասսայական երեւույթ հայտնվում են հենց այդ դարերում:

5.Մեր պատմության մեջ եղել են նշանավոր խաչքարեր (Սիրուն խաչքար), եղել են եւ այնպիսիները, որ մարտնչում էին ու շարունակում են մարտնչել զինվորների պես (օրինակ` բոլորովին վերջերս ոչնչացված Ջուղայի կամ ավերումից փրկված ղարաբաղյան խաչքարերը), եղել են եւ այնպիսիները, որոնք ապրել են իմաստունների պես (Հաղպատի կամ Սյունիքի խաչքարերը): Եվ դրանք բոլորն էլ մեր կյանքում ավանդույթի բարձր դերի գիտակցման լույս են ճառագում: Քանզի դժվար է մտածելն անգամ, թե էլ որտեղ ենք մենք այդքան հետեւողականորեն պաշտպանում հիշողության շահերը եւ այդքան խորը գիտակցում ցեղի կյանքի հետեւողականությունը, եթե ոչ խաչքարի մեջ:

6.Պարադոքսալ է խաչքարի ճակատագիրը` իբրեւ ուսումնասիրության նյութ: Ռուս հետազոտող Ա.Յակոբսոնը քչերից մեկն է, ով փորձել է գոնե ինչ-որ չափով իմաստավորել, հասկանալ գեղարվեստական այդ երեւույթի էությունը, բոլորովին չի խոսում խաչքարի ամենակարեւոր բաղադրիչի` բովանդակության` թաքնված ծիսական-կրոնական հիմքի մասին: Թեեւ դա զարմանալի չէ, այդպիսի մոտեցման համար բավականին պատճառներ կային. Յակոբսոնն ու նրան հետեւած մյուս հետազոտողները խաչքարի թեմայով զբաղվում էին աթեիզմի տիրապետության ժամանակաշրջանում: Սակայն նկարագրական բնույթն այդ գիտական աշխատանքի հիմնական թերությունն է: Միաժամանակ դա նրա առավելությունն է, քանզի այս տասնամյակների ընթացքում (աշխատանքը գրված է 20-րդ դարի 30-ական թվականներին` ագրեսիվ աթեիզմի շրջանում) շատ խաչքարեր անհետ կորել են, ոչնչացվել, կամ հայտնի չէ, թե որտեղ են գտնվում, իսկ այստեղ նրանք շարունակում են ապրել: Որոշ հետաքրքիր մտքեր, ուսումնասիրություններ ունեն կանադացի քանդակագործ Ա.Չաքմաքչյանն ու ֆրանսիացի արվեստաբան Ս. Տեր-Ներսիսյանը: Դրանք հիմնականում վերաբերում են խաչքարի գեղարվեստական առանձնահատկություններին, նրա դեկորատիվ-կիրառական բնութագրումներին, մասնավորապես` կոմպոզիցիային, ոճին, դեկորատիվ տարրերին:

7.Վերջերս երկար զրուցում էինք նկարիչ Էդուարդ Խարազյանի հետ: Նա առաջ է քաշում այն միտքը, թե խաչքարերը քրիստոնեության առաջին պաշտամունքային նշաններն են եղել, որոնց երկրպագում էին հայերը 301թ. քրիստոնեություն ընդունելուց անմիջապես հետո: Խարազյանի վարկածով` խաչքարերը եղել են առաջին քրիստոնեական տաճարների կառուցումից առաջ: Ես այլ տեսակետ ունեմ: Եվ ոչ միայն այն պատճառով, որ խաչքարի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 8-րդ դարին: Ես հնարավոր եմ համարում, որ խաչքարի նման ինչ-որ բան կարող էր գոյություն ունենալ քրիստոնեության ընդունման առաջին դարերում, բայց դրանք դուրս են մնացել տարեգիրների ուշադրության կենտրոնից: Այստեղից էլ գալիս է դրանց մասին հիշատակության բացակայությունն այդ ժամանակներում: Չնայած տարեգիրների մեծ մասը, որպես կանոն, քրիստոնյա վանականներ էին: Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակների տարեգրությունը չի պահպանվել, իսկ ձեռագրերը կորել են: Սակայն դժվար է պատկերացնել, որ արքան, քրիստոնեություն ընդունելու մասին հրաման արձակելով, ոչ մի քայլ չի ձեռնարկել եկեղեցիներ, տաճարներ կառուցելու ուղղությամբ: Օրինակ` Էջմիածնի Մայր տաճարը (կառուցվել է, ավելի ճիշտ` վերակառուցվել է հեթանոսական տաճարի տեղում` 301թ.), նաեւ մի շարք այլ կառույցներ Հայաստանի տարբեր ծայրերում ապացուցում են, որ այդպիսի քայլեր ձեռնարկվել են: Առավել եւս, որ հայերը քրիստոնեություն ընդունում էին ոչ այն պատճառով, որ երկրում շատ էին այդ կրոնի հետեւորդները, այլ` որովհետեւ պետությունը քայքայվում էր, եւ անհրաժեշտ էր այսպես ասած «հենարան»: Եվ Տրդատ արքան որոշեց, որ այդ հենարանը կարող է դառնալ միասնական կրոնը: Այն կարող էր միավորել ազգին ու ամրապնդել պետականությունը: Այսպիսով, Հայաստանում մինչեւ քրիստոնեության ընդունումը գոյություն չեն ունեցել քրիստոնեական աղոթատեղիներ, տաճարներ, եւն, մի բան, որ հատուկ էր, ասենք, Հռոմին կամ Սիրիային: Այստեղից էլ հայերի հանդուրժողական վերաբերմունքը տարբեր կրոնների նկատմամբ, որ պահպանվում է եւ մեր օրերում:

8.Հասկանալի է, որ Հայաստանում քրիստոնեությունը միանգամից չի արմատավորվել, օրինակ` 451թ. Ավարայրի ճակատամարտում մարտիկների կեսից ավելին քրիստոնյա չէին: Սակայն արմատավորվելով` քրիստոնեությունն ազգին տվեց սեփական դեմք, ինչ չէր տվել հեթանոսությունը, իսկ ազգի կենսագրությանը` պատմություն: Քրիստոնեությունը հայ ժողովրդի հոգուն լուսավորություն բերեց, գթասրտության ցավ ու որոնման ուրախություն, աչքի տարածությանը` միտք ու ինտելեկտ, իսկ ուղուն` մայրցամաքներ եւ աստղեր... Միաժամանակ քրիստոնեությունն անգամ սկզբնական փուլում չկարողացավ հայերից խլել հեթանոսական կենսախնդությունը` նրանց հոգիներում սերմանելով նոր իմաստնություն, ճշմարտության նոր որոնում: Եվ երբ այդ ամենը սկսեց աշխատել ի օգուտ երկրի ու մարդու, այդ ժամանակ էլ ի հայտ եկան խաչքարերը` քրիստոնեական հավատարմության հաստատուն փարոսները, հավատքի, հիշողության եւ կենցաղի այդ ատրիբուտները, ճանապարհների ու իրադարձությունների ուղենիշները: Հենց այդ ժամանակահատվածում են կրոնական հարաբերությունները երկրում դառնում ոչ միայն վստահելի, ուժեղ, այլ նաեւ` ծիսական, գաղտնախորհուրդ, իսկ զգացումները` լի մեդիտացիայով: Քրիստոնեական ուսմունքի նկատմամբ լիակատար հավատը հենց այն զգացումն է, որ դարձավ գլխավորն առաջին խաչքարերի հայտնվելու համար:

9.Եվ, այնուամենայնիվ, դարեր անց մենք տեսնում ենք քրիստոնեության նկատմամբ սիրո էվոլյուցիան, ժողովրդի մեջ նրա ձեւական ներկայությունը: Այդ թուլացումը սկսվում է լուսավորության դարաշրջանում` 18-րդ դարից հետո` եւ 19-ի վերջերին այն սկսում է հոգեվարք ապրել, քանի որ սկսվում է հայերի ցեղասպանության արյունոտ շրջանը Օսմանյան Կայսրությունում եւ բոլշեւիզմի` ռազմատենչ աթեիզմի դարաշրջանը Խորհրդային Հայաստանում: Խաչքարը սկսեց ընկալվել որպես աշխարհիկ մշակույթի մի մաս, որտեղ խաչն ու զարդանախշը կրոնական պաշտամունքի ձեւական ատրիբուտներն են, իսկ դրանց գեղարվեստական համամասնությունը կարող է որոշվել մշակութային ավանդույթներով, խաչքարի դինամիկայով: Ուրեմն ի՞նչ է խաչքարը: Այսօր խաչքարն ընդամենը գեղարվեստական ստեղծագործություն է, որ դուրս է եկել եկեղեցու ծոցից եւ արտացոլում է մեր աշխարհիկ մշակույթի, երբեմն էլ` ինքնագիտակցության ինչ-որ մաս: Թե ինչպիսին կլինի խաչքարի հետագա դերը մեր կյանքում, ցույց կտա ժամանակը: Բայց որ այն չի լինելու այնպիսին, ինչպիսին այսօր է, միանշանակ է:

Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմությունն ու մշակույթը

Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմությունն ու մշակույթը ստեղծել է Հայկական լեռնաշխարհում« որը տարածվում է Փոքր Ասիայի և Իրանական սարահարթերի միջև՝ հարավում սահման ունենալով Միջագետքը« հյուսիսում ընդգրկելով Փոքր Կովկասի լեռնաշղթան:
Հայերը հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդ են« Քրիստոսի ծննդից հազարամյակներ առաջ եղել են մայր ժողովրդի բաղկացուցիչ մասը« որը բնակվում էր հնդեվրոպական նախահայրենիքում՝ Առաջավոր Ասիայի հյուսիսում (ավելի որոշակի՝ Փոքր Ասիայի արևելյան շրջաններում« Հայկական լեռնաշխարհում« Միջագետքի հյուսիսում և Իրանական սարահարթի հյուսիսարևմտյան մասում): Ք.ա. 3-2-րդ հազարամյակների ընթացքում սկսվել է հայ ժողովրդի կազմավորումը« որն ավարտվել է Ք.ա. 1-ին հազարամյակի կեսերին՝ միասնական պետության ստեղծմամբ:
Հայերի և Հայկական լեռնաշխարհի մասին պատմական առաջին վկայությունները հայտնի են դեռևս Ք.ա. 28-րդ դարից: Շումերական արձանագրություններում հիշատակվում է Արատտա վաղպետական կազմավորումը« որը նույնանում է աստվածաշնչյան Արարատ-Հայաստանի հետ: Ժողովրդի ինքնանվանումը ևս՝ ՀԱՅ« հինարևելյան գրավոր աղբյուրներում վկայվում է Ք.ա. 26-րդ դարից« իսկ Ք.ա. 24-23-րդ դարերից հիշատակվում են նաև օտարների կողմից հայերին ու Հայաստանին տրված ԱՐՄԵՆ և ԱՐՄԵՆԻԱ անվանումների նախաձևերը: Ք.ա. 2-րդ հազարամյակում Հարավային Հայաստանում և Միջագետքի հյուսիսում հզորանում է Միտաննի պետությունը« որը Առաջավոր Ասիայում գերիշխանության հասնելու համար պայքարում էր Եգիպտոսի դեմ: Խեթական աղբյուրները Ք.ա. 15-13-րդ դարերում Հայաստանի հյուսիսային և արևմտյան շրջաններում հիշատակում են Հայասա թագավորությունը (խեթերենում -(a)sa վերջավորությամբ կազմվում էին տեղանունները« այսինքն՝ ՙՀայասա՚ նշանակում է ՙՀայերի երկիր՚« ՙՀայք՚):
Ք.ա. 12-9-րդ դարերում Արարատյան դաշտում հաստատված և Արմավիրը մայրաքաղաք հռչակած Հայկազունների արքայատոհմի իշխանության շրջանում ՙԱրարատ՚ (ասուրաբաբելական տարբերակը՝ ՙՈւրարտու՚) անունը տարածվում է ողջ լեռնաշխարհի վրա և միջագետքյան հուշարձաններում ու Աստվածաշնչում դառնում ՙՀայաստան՚ անվան համարժեքը:
Ք.ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհում հզորանում է Վանի (Բիայնիլի« Ուրարտու« Արարատ) թագավորությունը՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքով: Ք.ա. 8-րդ դարի առաջին կեսին (հատկապես Արգիշտի I-ի օրոք՝ 786-764թթ.) Վանի թագավորությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը: Վանի (Բիայնիլի« Ուրարտու« Արարատ) թագավորությունն ունեցել է սեփական դպրությունը (կիրառվել է 3 գրահամակարգ՝ ասուրաբաբելական սեպագիր« տեղական սեպագիր« տեղական պատկերագրություն)« գրականությունը« զարգացած թվաբանությունը« ճարտարապետությունը: Մեծ համբավ էին վայելում Տուշպայի (Վանի)« Էրեբունու« Թեյշեբաինիի և մյուս քաղաքների ամրոցները« Մուսասիրի և այլ տաճարները: Այդ ժամանակաշրջանի քանդակագործական արվեստի բազմաթիվ նմուշներ այժմ ցուցադրվում են թե Հայաստանում« թե աշխարհի բազմաթիվ թանգարաններում (Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժ« Լոնդոնի Բրիտանական« Բեռլինի Առաջավորասիական« Փարիզի Լուվր և այլն):
Ք.ա. 7-րդ դարի վերջին և 6-րդի սկզբին Հայկազունների արքայատոհմը կրկին վերականգնում է իշխանությունը և մինչև Ք.ա. 201թ. Հայաստանում իշխում է Հայկազունների Երվանդական տոհմը: Ք.ա. VI դարում Հայաստան երկիրը Աքեմենյան Դարեհ I թագավորի Բեհիսթունյան արձանագրության մեջ հին պարսկերեն և էլամերեն հատվածներում հիշատակված է ՙԱրմենիա՚ անունով« իսկ բաբելոներենում՝ ՙՈւրարտու՚« ինչն աներկբա վկայություն է այդ անվանումների հոմանիշ և զուգահեռ գործածության մասին:
Ք.ա. 2-րդից 1-ին դարերում Հայաստանում իշխում է Արտաշես արքայի (Ք.ա. 189-160թթ.) հիմնած արքայատոհմը« որի անունով էլ այն կոչվում է Արտաշեսյան: Արքայատոհմն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան 2-րդի (Տիգրան Մեծ) օրոք (Ք.ա. 95-55թթ.)« որի իշխանությունը տարածվեց նաև Ատրպատականի« Մարաստանի« Հյուսիսային Միջագետքի« Սելևկյան տերության« Փյունիկիայի« Պաղեստինի և Կիլիկիայի վրա (Ք.ա. 66թ. Պոմպեոսի արշավանքի հետևանքով այդ նվաճումները զիջվեցին Հռոմին):
Նույն դարերում Հայաստանի տնտեսական և քաղաքական բարգավաճմանը զուգահեռ՝ զարթոնք է ապրում նաև հայկական մշակույթը« մանավանդ թատրոնը:
Զարգանում էր նաև հայալեզու ժողովրդական թատրոնը: Մեզ են հասել Հայաստանի պատմությունը« հայ թագավորների կյանքը ներկայացնող բազմաթիվ ավանդություններ ու լեգենդներ« ժողովրդական վեպեր« քնարերգության նմուշներ: Դրանք արժեքավոր տեղեկություներ են տալիս հայ ժողովրդի այդ շրջանի կենսակերպի« ծեսերի ու հավատալիքների մասին:
Հելլենական ժամանակաշրջանում հայ ճարտարապետությունը թևակոխում է զարգացման նոր փուլ: Դրա ակնառու ապացույցներն են Գառնիի հեթանոսական տաճարը« պալատի խճանկար բաղնիքը« հնագիտական պեղումների ընթացքում Արտաշատում և այլ քաղաքներում հայտնաբերված բազմապիսի շինությունների մնացորդները:
Տաճարների և պալատների զարդարանքները ևս Հին Հայաստանի քանդակագործության և կիրառական արվեստի բարձր մակարդակի վկայություններ են: Արժանահիշատակ են մետաղյա և թանկարժեք քարերով զարդերը: Կիրառական արվեստի բացառիկ նմուշներ են մետաղադրամները« թագավորների՝ մասնավորապես Տիգրան 2-րդի և Արտավազդ 2-րդի պատկերներով կնիքները« ինչպես նաև նախշադրվագ գավաթները« ապարանջանները« ոսկե ու արծաթե զարդերը: Արտաշեսյան արքայատոհմի անկումից հետո Մեծ Հայքը պահպանում է թագավորության կարգավիճակը« որի գահին Հռոմը և Պարթևստանը ձգտում են հաստատել իրենց դրածոներին: Ժամանակավոր անկայունությունն ավարտվում է« երբ Մեծ Հայքի գահն անցնում է հայ Արշակունիների արքայատոհմին (66-428թթ.): 387թ. Հայաստանը բաժանվում է Հռոմի և Պարսկաստանի միջև. երկու տարի անց հռոմեական մասում՝ Արևմտյան Հայաստանում վերանում է թագավորությունը« իսկ Արևելյան Հայաստանում Արշակունիները թագավորում են մինչև 428 թվականը:
Մինչքրիստոնեական Հայաստանում դավանում էին հեթանոսություն: Դիցերի Գերագույն եռյակը կազմում էին ամենաստեղծ հայր աստված Արամազդը« դիցուհի Անահիտը (մայրության և պտղաբերության աստվածուհի) և քաջության« ուժի ու ռազմի աստված Վահագնը: Պաշտվում էին երկնային լույսի և սիրո աստվածուհի Աստղիկը« որին նվիրված էր ամենաժողովրդական տոնը՝ Վարդավառը« ողջախոհության« ընտանեկան օջախի պահապան Նանեն« արեգակի« կրակի ու դարբնության աստված Միհրը« դպրության աստված Տիրը« հյուրընկալության աստված Վանատուրը և այլ աստվածներ:
Քրիստոնեությունը Հայաստանում սկսել է տարածվել հենց 1-ին դարից՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչության շնորհիվ: 301 թվականին« առաջինն աշխարհում« Հայաստանը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: 

Հայ մշակույթի ամենամեծ նվաճումներից մեկը գրերի գյուտն է« որով իր և ողջ հայության համար փառքի ուղի կերտեց ազգի երևելի այրերից մեկը՝ լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցը« 405 թվականին: Մշակութային հզոր ձեռքբերում լինելուց զատ (հայերենի յուրաքանչյուր հնչյունին համապատասխանում է մեկ գրանիշ) այս գյուտը համահունչ էր նաև ժամանակի հասարակական ու քաղաքական պահանջներին: Այբուբենի ստեղծումը նպաստեց հայ ժողովրդի և նրա մշակույթի պահպանմանը« Հայաստանում քրիստոնեության տարածմանն ու արմատավորմանը« հայերենով ինքնատիպ գրականության ստեղծմանը: Մեզ հասած հայագիր աշխատությունների շարքում նշանավոր են հատկապես հայոց պատմահայր Մովսես Խորենացու« Փավստոս Բուզանդի« Ղազար Փարպեցու (5-րդ դար)« Սեբեոսի (7-րդ դար)« Ղևոնդի (8-րդ դար) և շատ այլ պատմիչների երկերը:
5-8-րդ դարերի հայ միջնադարյան գիտական գրականության կարևոր բաժիններից էր իմաստասիրությունը (փիլիսոփայություն): Մայրենի լեզվով ստեղծվում են իմաստասիրական նշանավոր աշխատություններ« թարգմանվում են հույն անվանիների (այդ թվում՝ Պլատոնի« Արիստոտելի) ստեղծագործություններից: Վաղմիջնադարյան հայերեն շատ թարգմանություններ արժեքավոր են անհետացած հունարեն բնագրերի իրողությամբ« քանզի հայտնի են միայն հայերենի շնորհիվ: Հայ մտածողների« հատկապես Եզնիկ Կողբացու և Դավիթ Անհաղթի (5-րդ դար) տեսություններն այսօր էլ հետաքրքրության կենտրոնում են. դրանք վերաբերում են տիեզերքի և շրջապատող բնության երևույթների քննությանը: Իսկ 7-րդ դարի հայ ականավոր գիտնական Անանիա Շիրակացին« որն զբաղվել է մաթեմատիկայով« տիեզերագիտությամբ« աշխարհագրությամբ« բնափիլիսոփայությամբ« տոմարագիտությամբ« խորությամբ ու հանգամանորեն« ինչպես Արիստոտելը և Պտղոմեոսը« բացատրել է երկրի գնդաձևության մասին իր տեսությունը« Արեգակի ու Լուսնի խավարումները և աստղագիտական այլ երևույթներ: Նրա ՙԱշխարհացոյց՚ աշխատությունը ներկայացնում է ոչ միայն Հայաստանի« այլև ամբողջ երկրագնդի աշխարհագրությունը՝ ժամանակի պատկերացմամբ: Հիշյալ պատմաշրջանում աննախադեպ ծավալներով զարգացան շինարարական արվեստն ու ճարտարապետությունը: Կառուցվեցին պալատներ« տաճարներ« քարավանատներ« իջևաններ« դամբարաններ« որոնց մի մասը կանգուն է նաև մեր օրերում: Դրանցից են Էջմիածնի Մայր տաճարը (301-303թթ.)« Երերույքի եկեղեցին (5-րդ դար)« Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե տաճարը (7-րդ դար)« Դվինի կաթողիկոսարանի պալատը (6-7-րդ դարեր)« Ամբերդի ամրոցը (7-րդ դար) և այլն: Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցը Զվարթնոց տաճարն է (7-րդ դար)՝ եռահարկ« քանդակակերպ« կառուցողական-տարածական ինքնօրինակությամբ աչքի ընկած եզակի մի շինություն« որի մասնակի վերականգնումը Լինսի հիմնադրամի ծրագրերից մեկն է:
Հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպ դրսևորումներից են որմնանկարչությունն ու մանրանկարչությունը՝ առաջինը եկեղեցիների ու կառույցների պատերը« երկրորդը՝ ձեռագիր մատյանները նկարազարդելու արվեստը: Երևանի՝ կրկնակը չունեցող հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում« ինչպես նաև աշխարհի շատ թանգարաններում պահպանվում են հայ մանրանկարիչներ (ծաղկողներ) Մանասեի« Մարգարե Ծաղկողի« Ռոսլինի« Պիծակի« Սիմեոնի և ուրիշների նկարազարդած բազմաթիվ ձեռագրերը (Աստվածաշունչ« եկեղեցական« հեղինակային գրականություն« թարգմանություններ և այլն): Աստվածաշունչն ու ձեռագրերը հաճախ ծաղկված էին նախշազարդ պատկերներով« որոնք արտացոլում էին հայրենի երկիրն իր կենդանական ու բուսական աշխարհով« ժողովրդի սովորույթները« ծեսերը և այլն: Բուռն վերելքով աչքի է ընկնում հայ հոգևոր երաժշտական մշակույթը՝ ստեղծվում են մեծաթիվ բարձրարվեստ ստեղծագործություններ« որոնք գրի են առնվում խազերով՝ հայկական հին նոտաներով: Անկանգ ընթացքն է շարունակում նաև աշխարհիկ երաժշտության փթթումը:
Հայ Արշակունյաց թագավորության վերացումից (428թ.) հետո Հայաստանի արևելյան մասը Իրանական պետության կազմում կառավարում էին մարզպանները՝ պահպանելով երկրի ներքին ինքնավարությունը (428-630թթ.): Հայաստանի քաղաքական կարգավիճակի վրա էական ազդեցություն ունեցավ արաբների կողմից Իրանի և Բյուզանդիայի արևելյան նահանգների գրավումը: Այս շրջանում Հայաստանի մշակույթը սկսեց ծաղկել« սոցիալ-տնտեսական վիճակն ակնհատորեն բարելավվեց: Սկզբնավորվեց և մեծ թափ ստացավ ամրոցաշինությունը: Ընդունելով արաբների գերիշխանությունը՝ Հայաստանը համառ պայքարում ոչ միայն կարողացավ պահպանել սոցիալ-տնտեսական ու ազգային-մշակութային ինքնատիպությունը« այլև Բագրատունյաց տոհմի գլխավորությամբ վերականգնել պետական-քաղաքական անկախությունը: Հայաստանի թագավորական գահին հաստատված Բագրատունյաց հարստությունը գոյատևեց ավելի քան մեկուկես դար (885-1045թ.): Այդ ժամանակաշրջանի հայոց հասարակական« տնտեսական ու մշակութային զարգացման բարձր մակարդակի մասին են վկայում Անիի ու Աղթամարի ճարտարապետական հուշարձանները «Գրիգոր Նարեկացու (10-րդ դար) ՙՄատյան ողբերգության՚ պոեմը« հայ պատմագիտության բազում նվաճումներ (հեղինակությամբ Հովհաննես Դրասխանակերտցու« Ստեփանոս Տարոնցի Ասողիկի« Մատթեոս Ուռհայեցու« Արիստակես Լաստիվերցու և այլոց):
12-13-րդ դարերը բյուզանդական նվաճողական քաղաքականության և սելջուկյան արշավանքների դեմ մղած ծանր պայքարի կորստաբեր շրջան էին« սակայն Զաքարյան իշխանների գերակայության պայմաններում Հայաստանում վերսկսվեց տնտեսական ու քաղաքական վերելքը« որը նպաստավոր նավ նաև մշակույթի համար: Այդ ժամանակաշրջանը հայոց մշակույթի պատմության մեջ հայտնի է ՙԱրծաթի դար՚ անունով՝ որպես ոսկեդարյան շրջանում (V դար) ստեղծված մշակութային արժեքների բնականոն շարունակություն (հայտնի անուններ են Մխիթար Գոշը« Կիրակոս Գանձակեցին« Վարդան Արևելցին): 

11-րդ դարում Հայաստանի արևմտյան մասում հռչակված հայկական մի շարք նոր իշխանություններից Ռուբինյաններին հաջողվեց ամրապնդել իրենց տիրապետությունը և Կիլիկիայում վերականգնել հայոց պետականությունը (1080-1375թթ.): Կիլիկյան Հայաստանը տնտեսական ու քաղաքական սերտ կապերի մեջ էր ինչպես արևելյան« այնպես էլ խաչակրաց ու Եվրոպական պետությունների հետ:
10-14-րդ դարերում« թեպետ տարանջատ« Հայաստանի պատմական տարածքում գոյություն ունեին մի քանի հայկական թագավորություններ (Վասպուրական/Վանի« Կարսի« Սյունիքի« Տաշիր-Ձորագետի/Լոռու) և իշխանություններ (Օրբելյաններ« Վահրամյաններ« Հասան-Ջալալյաններ): Այս ժամանակաշրջանում մշակույթի զարգացման համար առկա էին նպաստավոր պայմաններ: Նոր փուլ էր սկսվում պատմագրության« փիլիսոփայության« աստղագիտության« աստվածաբանության« գրականության« իրավագիտության« մանրանկարչության« ճարտարապետության և այլ ոլորտներում: Գործում էր կրթական երկաստիճան համակարգ: Տարրական դպրոցներում« որոնք հիմնականում կից էին եկեղեցիներին ու վանքերին« ուսուցումը տևում էր 3-4 տարի« դասավանդվում էին ընդհանուր գրագիտություն ապահովող առարկաներ: Հիմնվեցին բարձրագույն դպրոցներ« որոնցից առավել հայտնիներն էին Սանահինի ու Հաղպատի (10-11դդ.)« Անիի (11-13դդ.)« Գլաձորի (13-14-րդ դդ.)« Տաթևի (14-15-րդ դդ.) համալսարանները: Այս կրթարաններն ուսուցանում էին բնական ու հասարակագիտական առարկաներ« օտար լեզուներ« ապահովում բազմակողմանի կրթություն:
10-րդ դարից սկսած՝ հայ գրականության մեջ հիմնավորվում է աշխարհիկ ուղղվածությունը: Նրա սկզբնավորողն ու հիմնադիրը նաև Գրիգոր Նարեկացին« որի տաղերն ու հատկապես ՙՄատյան ողբերգության՚ պոեմը թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
Դեռևս 8-րդ դարում նշանավոր գործիչ Հովհան Օձնեցին ի մի էր բերել հայոց եկեղեցու ստեղծած օրենքները և կազմել ՙԿանոնագիրք Հայոցը՚՝ հայկական ազգային-եկեղեցական օրենսդրության ժողովածուն: 12-րդ դարում հայ իրականության մեջ առաջինը՝ Մխիթար Գոշը ստեղծում է պատմաիրավագիտական հազվագյուտ մի հուշարձան՝ ՙԴատաստանագիրքը՚« որը երկրի կյանքի բոլոր բնագավառները՝ պետական« քաղաքական« քրեական իրավունքի« գույքային« հողային« հասարակական-դասային հարաբերություններն ամփոփող օրենսգիրք է:
Աննախադեպ բարձունք են նվաճում բնական գիտությունները՝ մաթեմատիկան« քիմիան« աստղաբաշխությունը« աշխարհագրությունը: Հիշատակության արժանի են հատկապես Մխիթար Հերացու (12-րդ դար) բժշկական աշխատությունները: Մեզ հասած ՙՋերմանց մխիթարություն՚ գրքում նա մատչելիորեն շարադրել է ջերմող հիվանդների ախտորոշման և բուժման գիտական ևանակները: Այս ոլորտում նշանակալի երևույթ են նաև ՙբժշկապետ՚ պատվանունին արժանացած Ամիրդովլաթ Ամասիացու (15-րդ դար) աշխատությունները՝ մոտ 200 հիվանդության և դրանց բուժման միջոցների մանրամասն նկարագրությամբ:
Նշյալ ժամանակաշրջանը հարուստ է նաև ճարտարապետական գլուխգործոցներով՝ Աղթամարի« Անիի և այլ հուշարձաններ:
Հայ մանրանկարչության վերընթացը զուգորդվում է որմնանկարչության կատարելագործմանը« արվեստի մի ճյուղ« որի ստեղծագործություններն արարվում են շենքերի« հատկապես եկեղեցիների պատերին: Հայ վարպետներն աշխատանքի ընթացքում օգտագործել են այնպիսի հազվագյուտ ներկեր« որոնք դարերի ընթացքում չեն դժգունել:
9-14-րդ դարերում զարգացել է նաև հայ թատրոնը. հարգի են եղել հատկապես կատակերգական ներկայացումները:
Առաջընթացն ակնառու էր կիրառական արվեստում« մանավանդ մեծ հաջողություններ են արձանագրվել փայտափորագրության ոլորտում: Փայտի վրա փորագրված ճարտարապետական գլուխգործոցներից ուշադրության են արժանի եկեղեցիների դռները՝ զարդարված հիասքանչ քանդակներով: Ոսկյա և արծաթե առարկաները ևս շատ հայտնի էին« բայց առավել աչքի էր ընկնում հայկական գորգագործությունը: Արվեստով էին պատրաստվում նույնիսկ եկեղեցական հագուստներն ու վարագույրերները. դրանց վրա պատկերվում էին սրբապատկերներ« աստվածաշնչյան դրվագներ:
Միջնադարի հայ մշակույթն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում համաշխարհային քաղաքակրթությունում« քանզի յուրօրինակ է և հետաքրքիր: Նաև կենսունակ է« որովհետև երբ 14-րդ դարից հետո քաղաքական անբարենպաստ իրադարձությունների հետևանքով հայերը կորցրին կենտրոնացված պետականությունը և մասամբ արտագաղթեցին այլ երկրներ« հայկական մշակույթը շարունակեց զարգանալ նաև աշխարհասփյուռ գաղթօջախներում: 
Երկար ժամանակ Հայաստանի տարածքում էին ընթանում Օսմանյան պետության և Սեֆյան Իրանի միջև ծայր առած արյունալի պատերազմները: Չնայած այդ դաժան պայքարի աղետալի հետևանքներին« կրած ծանր կորուստներին՝ Հայաստանը 16-18¬¬րդ դարերում մեծ ջանքերի գնով պահպանել է իր ազգային դիմագիծը« պետականության վերականգնման հավատը« մշակութային արժեքների մեծ մասը և հաղորդակցվել համաշխարհային քաղաքակրթության խոշոր նվաճումներին: Այս ժամանակաշրջանում Հայաստանի ազգային առաջընթացն ապահովելու գործին մասնակցել են նաև հայկական գաղթօջախները: Այսպես. 1512թ. Վենետիկում լույս են տեսել հայերեն առաջին տպագիր գրքերը՝ ՙՈւրբաթագիրքը՚« ՙՊարզատումարը՚ և այլն: Հիմնվել են նորանոր դպրոցներ« կառուցվել եկեղեցիներ ու վանքեր: Միաժամանակ՝ անվանի գործիչները Հայրենիքի ազատագրության նպատակով դիվանագիտական բանակցություններ են վարել այլևայլ պետությունների հետ« փորձել զինված պայքարով վերականգնել ազգային անկախությունն ու պետականությունը: 1722-1730թթ. Արցախում (Ղարաբաղ) և Սյունիքում ծավալված ազատագրական շարժումները մեծապես նպաստել են հայոց քաղաքական ու ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը: 1736թ. Արցախում կազմավորվել է հայկական հինգ մելիքությունների միությունը (Խամսա)« որը Իրանի շահ Նադիրը ճանաչել է որպես ներքին ինքնավարությամբ օժտված վարչաքաղաքական իշխանություն՝ Մելիք Եգանի իշխանապետությամբ: 1772-1773թթ. հրատարակված քաղաքական-հրապարակախոսական գրքերով (ՙՀորդորակ՚« ՙՈրոգայթ փառաց՚) նախաձեռնվել է ազգային առողջ ուժերի համախմբման գործընթացը և կազմվել Հայաստանում ստեղծվելիք ժողովրդավարական պետության սահմանադրությունը: 1794-1796թթ. հրատարակվել է հայ առաջին պարբերականը՝ ՙԱզդարարը՚:
Ազգային մշակույթի զարգացմանը զգալի ազդակ հաղորդեցին 1512-1800թթ. Ամստերդամում« Հռոմում« Կոստանդնուպոլսում« Լվովում« Նոր Ջուղայում« Մադրասում« Էջմիածնում և այլուր տպագրված շուրջ 1000 անուն գրքերը:
Երաժշտության բնագավառում նշանակալի էր Համբարձում Լիմոնջյանի ներդրումը՝ նա ստեղծեց հայկական նոր նոտաները« որոնց շնորհիվ գրի առնվեցին միջնադարյան եկեղեցական երգերը: Այս փուլում շատ տարածված էր գործիքային երաժշտությունը: Անդրկովկասի ժողովուրդների երաժշտական կյանքում անջնջելի հետք է թողել հայ մեծատաղանդ երգահան և բանաստեղծ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը: Նրա երգերն ու չափածո քերթվածներն այսօր էլ ազգային մշակույթի անկորնչելի արժեքներից են:
Պատմաբանասիրության և հասարակագիտության բնագավառներում արդյունավետ գործունեություն է ծավալել 1717թ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հանգրվանած Մխիթարյան միաբանությունը: 1780-ական թվականներին տպագրվել է հայ նոր պատմագրության հիմնադիր Միքայել Չամչյանցի եռահատոր ՙՀայոց պատմությունը՚: 1836-1837թթ. Վենետիկում լույս է տեսել ՙՀայկազյան լեզվի նոր բառգիրքը՚« որը 50 տարվա համատեղ աշխատանքի արգասիք էր:
1801-1828թթ. ամբողջ Անդրկովկասը« այդ թվում Արևելյան Հայաստանը« անցնում են Ռուսական կայսրության գերիշխանության տակ« որը կարևոր նշանակություն ունեցավ երկրամասի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման առումով: 19-րդ դարի առաջին կեսը նշանավորվում է Դորպատի (Էստոնիա) համալսարանում հիմնարար կրթություն ստացած Խաչատուր Աբովյանի՝ հայ մեծ լուսավորչի ծավալած ազգաշահ գործունեությամբ: Իր ՙՎերք Հայաստանի՚ վեպով ու այլ երկերով« ինչպես նաև հասարակական ինքնանվիրումով նա դառնում է հայ նոր գրականության և աշխարհաբար լեզվի հիմնադիրը:
1878թ. Բեռլինի վեհաժողովում« երբ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող արևմտահայության ազատագրության հարցը (ՙՀայկական հարց՚ ձևակերպմամբ)՝ որպես հայկական նահանգներում բարեփոխումների ծրագիր« դարձավ միջազգային դիվանագիտության նյութ« ազատագրական պայքարը թուրքական բռնատիրության դեմ թևակոխեց նոր փուլ: 1885-1890 թվականներին ձևավորվեցին հայ ազգային կուսակցությունները՝ Արմենականները« Հնչակյանները և Հայ հեղափոխական դաշնակցությունը« որոնք իրենց ողջ գործունեությունը նպատակաուղղեցին Հայկական հարցի լուծմանը: 

Օսմանյան սուլթան Համիդ 2-րդը չիրագործեց եվրոպական տերություններին խոստացած հայկական բարեփոխումները« ավելին՝ 1894-1896թթ. կազմակերպեց հայ բնակչության զանգվածային կոտորածներ« որոնք դարձան 1915 թվականի ջարդերի նախադեպը:
Օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմի պատրվակը՝ Օսմանյան Թուրքիայի ազգայնական ղեկավարությունը վճռեց ոչնչացնել հայ ժողովրդին« հայաթափ անել նրա բնօրրանը: Հայրենի օջախներում, տեղահանման և աքսորի ճանապարհին բնաջնջվեցին մեկ միլիոնից ավելի հայեր« հարյուր հազարավոր գաղթականներ ապաստան գտան աշխարհի տասնյակ երկրներում: Ձևավորվեց հայ Սփյուռքը:
Աշխարհի առաջադեմ մարդկությունը շարունակում է դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Եվրախորհրդարանը (1987թ.)« բազմաթիվ երկրների խորհրդարաններ (Արգենտինա« Ուրուգվայ« Բելգիա« Հունաստան« Լիբանան« Բուլղարիա« Ռուսաստանի Դաշնություն« Վատիկան« Կիպրոս« Շվեդիա« Ֆրանսիա« Իտալիա« Շվեյցարիա« Կանադա« Նիդեռլանդներ« Սլովակիա) ճանաչել ու դատապարտել են այդ ոճիրը՝ այն գնահատելով որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն:
Պատմական Հայաստանի տարածքի մեծ մասը զբաղեցրած Թուրքիայում հայաթափումն ուղեկցվեց հայ մշակույթի հուշարձանների ոչնչացմամբ. ավերվեցին շուրջ 2350 եկեղեցի և մոտ 1500 դպրոց ու վարժարան (ընդհանուր առմամբ ավերվեցին հայկական 66 քաղաք« ավելի քան 2500 գյուղ):
Ողբերգության հետևանքով հարազատ բնօրրանից բռնի տեղահանված ու աշխարհով մեկ սփռված հայերը և նրանց սերունդները բազմաթիվ երկրներում հիմնեցին գաղթօջախներ՝ հայկական Սփյուռքը: Սփյուռքահայությունը շարունակեց արևմտահայ գրականության և արվեստի ավանդույթները« կորուսյալ հայրենիքի կարոտով ու ցավով« նաև վերադարձի հույսով ստեղծվեցին ազգային և համազգային արժեքներ: Այսպես՝ գրականության ասպարեզում հանդես եկան հայագիր (Շահան Շահնուր« Մնձուրի« Անդրանիկ Ծառուկյան) և օտարագիր (Վիլյամ Սարոյան« Վահե Քաչա« Արթուր Ադամով« Պիտեր Բալաքյան) գրողներ« նկարիչներ (Արշիլ Գորկի« Գառզու« Ժանսեմ)« կոմպոզիտորներ« երաժիշտներ« երգիչներ (Ալան Հովհաննես« Համբարձում Բերբերյան« Բարսև Կանաչյան« Տիրան Կառվարենց« Լուսին Ամարա« Շառլ Ազնավուր)« կինոգործիչներ (Ռուբեն Մամուլյան« Անրի Վեռնոյ« Ատոմ Էգոյան) և այլ ասպարեզների մեծություններ: 1918թ. մայիսի 28-ին հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը, սակայն 1920թ. դեկտեմբերին բոլշևիկյան Ռուսաստանի Կարմիր բանակը նվաճեց Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանից անջատվեցին Կարսի մարզը« Սուրմալուի գավառը (բռնակցվեցին Թուրքիային)« Լեռնային Ղարաբաղը« Նախիջևանը (բռնակցվեցին Ադրբեջանին): Մնացած փոքր տարածքների վրա ստեղծվեց Խորհրդային Հայաստանը:
Խորհրդայնացումը« քաղաքական-գաղափարական փոփոխությունները զգալապես ներազդեցին 1920-1930-ականների մշակույթի վրա: Դարաշրջանի սկզբին ծառացած գաղափարական ու հոգևոր խոչընդոտները տարիների ընթացքում հաղթահարվեցին« և մշակութային կյանքը մտավ բնականոն հունի մեջ: Ստեղծվեցին մշակութային բազմաթիվ օջախներ« բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Մարտիրոս Սարյանը« Սեդրակ Առաքելյանը« Հակոբ Կոջոյանը« Երվանդ Քոչարը և քանքարավոր շատ այլ արվեստագետներ իրենց գունեղ ներկապնակով ձևավորեցին հայ կերպարվեստի նոր դպրոցը:
Դրամատիկական« օպերայի ու բալետի պետական նորաստեղծ թատրոնները« նվագախմբերը« համույթներն ու մենակատարները աննախադեպ աշխուժություն արթնացրին մշակութային կյանքում: Հայաստան ապրելու և ստեղծագործելու եկան աշխարհով մեկ սփռված հայազգի հայտնի դերասաններ« երգահաններ« խմբավարներ« երգիչներ: Ազգային ավանդական երաժշտության հիման վրա գրվեցին ժամանակակից տարաբնույթ ստեղծագործություններ: Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում բացվեցին պետական թատրոններ« որոնց խաղացանկերում որոշիչ տեղ ունեին ռուսական« արևմտաեվրոպական և իհարկե՝ հայ դասական ու ժամանակակից հեղինակների գործերը:
Ժամանակաշրջանն աչքի էր ընկնում բնակելի շենքերի ու հասարակական յուրակերպ շինությունների կառուցմամբ (Երևանի Հանրապետության հրապարակը« Օպերայի և բալետի թատրոնը« Ազգային գրադարանը« բարձրագույն ուսումնական մի շարք հաստատություններ):
Ֆաշիստական Գերմանիայի սանձազերծած Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտում իր ներդրումն ունեցավ նաև Հայաստանը: 300 հազարից ավելի հայեր իրենց կյանքը զոհեցին այդ պայքարում: 107 հայորդիներ արժանացան ԽՍՀՄ հերոսի կոչման« 4-ը դարձան մարշալ« մոտ 70-ը՝ գեներալ:
Համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկսվեց սփյուռքահայության հայրենադարձությունը« որի շնորհիվ Խորհրդային Հայաստանի բնակչությունն ավելացավ: Նույնիսկ ստալինյան բռնատիրության պայմաններում Հայաստանում տնտեսական ու մշակութային զգալի վերելք արձանագրվեց:
1924թ. էկրանավորված ՙԽորհրդային Հայաստան՚ վավերագրական ֆիլմով« իսկ 1925թ.՝ Համո Բեկնազարյանի նկարահանած գեղարվեստական խաղարկային ֆիլմով հինմադրվեց հայ կինոարվեստը:
1943թ. ստեղծվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան« որը մեծապես նպաստեց գիտության ավանդական և ժամանակակից ճյուղերի զարգացմանը:
Չանտեսվեցին նաև հնագիտական պեղումները: Հատկապես Վանի թագավորության տարածքում (Արմավիր« Կարմիր բլուր« Էրեբունի« Գառնի) հայտնաբերվեցին Հայաստանի հելլենական շրջանի բազմաթիվ արժեքավոր հուշարձաններ:
1950-ականների վերջերին ՙփակ դարակներից՚ հանվեցին այն գրողների ստեղծագործությունները« ում անունները ստալինյան քաղաքականությունն արգելել էր: Ազգային¬¬ազատագրական թեմայով ևս բազմաթիվ գործեր լույս տեսան:
Հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանը« Առնո Բաբաջանյանը« երգիչներ Գոհար Գասպարյանը« Լուսինե Զաքարյանը« ջութակահարներ Ռուբեն Ահարոնյանը« Ժան Տեր-Մերկերյանն իրենց ստեղծագործություններով և կատարման վարպետության շնորհիվ դարձան միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ արժանանալով ճանաչման:
Հայ թատրոնն իր համբավի գագաթնակետին հասավ 1960-ական թվականներին: Տաղանդաշատ դերասաններ Վահրամ Փափազյանը« Հրաչյա Ներսիսյանը« Ավետ Ավետիսյանը և ուրիշներ հռչակվեցին ոչ միայն Հայաստանում« այլև նրա սահմաններից շատ հեռու:
Համաշխարհային կինոյի չափանիշներով հիշատակելի արժեքներ են Սերգեյ Փարաջանովի արվեստը« Արտավազդ Փելեշյանի կինովավերագրությունը: Ս.Փարաջանովի կինոն առանձնանում է մտքի խորությամբ« գեղանկարչական հնարքների անսովոր կիրառմամբ« բարձր ճաշակով« վառ պատկերայնությամբ: Ա.Փելեշյանի ժապավենների անշփոթելի պատկերային-հնչյունային համակարգը« ինքնատիպ կինոլեզուն« մոնտաժի բարձր վարպետությունը հանգեցրին այսպես կոչված ՙդիստանցիոն մոնտաժի՚ գաղափարին« որը հեղինակի աշխատասիրության շնորհիվ նոր խոսք դարձավ համաշխարհային կինոյի մոնտաժային տեսության մեջ:
Հայ ճարտարապետության բուռն վերընթացի ակնբախ հաստատումն է Երևանի ՙՀրազդան՚ մարզադաշտի« ՙԶվարթնոց՚ օդանավակայանի« Մարզահամերգային համալիրի և Կամերային երաժշտության տան ստեղծումը:
1988թ. դեկտեմբերի 7-ի կործանարար երկրաշարժը ծանր հարված հասցրեց Հայաստանին. զոհվեցին հազարավոր մարդիկ« փլատակվեցին ու ոչնչացան նյութական բազում արժեքներ: Համաշխարհային հանրությունը սրտաբուխ սատարումով ձեռք մեկնեց աղետյալ երկրի բնակչությանը« ինչի շնորհիվ թեթևացավ ցավը« ամրացավ հոգսը հաղթահարելու ոգին:
Աղետից առաջ՝ 1988թ. փետրվարին սկսվեց Արցախյան շարժումը: Համաժողովրդական վերազարթոնքն անկասելի ուժ հաղորդեց վարչահրամայական համակարգից երկիրն ազատագրելու և ժողովրդավարացման ուղով առաջանալու մղմանը: Այդ պայքարի շնորհիվ Լեռնային Ղարաբաղը հաղթեց իրեն պարտադրված պատերազմում և թոթափեց ադրբեջանական ապօրինի տիրապետությունը:
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե« որով վավերացվեց Հայաստանի անկախ Հանրապետության գոյությունը:
1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ: 2001 թվականին մեր երկիրն անդամակցեց Եվրախորհրդին: Ավելի ուշ ընդգրկվեց Արժույթի միջազգային հիմնադրամի« Համաշխարհային բանկի« Առևտրի միջազգային կազմակերպության և այլ կառույցների կազմում ու չնայած սոցիալ-տնտեսական որոշակի դժվարություններին« հաստատուն դարձրեց ժողովրդավարացման ընթացքը:
1990-ական թվականներին՝ Անկախության հռչակումից հետո« ազատական տնտեսության շունչը թևածեց նաև մշակույթի ոլորտում« սկսեց ձևավորվել մասնավոր հատվածը« որի առաջին ՙծիծեռնակները՚ դարձան թատրոն-ստուդիաները« նրանց հետևեցին պատկերասրահները« գրադարաններն ու թանգարանները« թերթերն ու հանդեսները« հեռուստատեսությունը:
Հայաստանի մշակութային ոլորտը կարգավորող պետական կառույցները« գործիչներն ու կազմակերպություններն այժմ փորձում են համաշխարհային մշակութային գործընթացներին համահունչ քայլեր կատարել՝ պահպանելով դարերից ավանդաված արժեքավորը« արարելով նորը՝ արդիաշունչը:
ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Գ. ՀԱՅՈՑ ԴԻՑԱՐԱՆԸ
ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Գ. ՀԱՅՈՑ ԴԻՑԱՐԱՆԸՆախ՝ ի՞նչ ասել է դիցարան։
Հին հայերենում լայնորեն գործածվել է «դից» բառը, որը նշանակել է աստված։ Այստեղից էլ դիցուհի՝ աստվածուհի, դիցապաշտ՝ աստվածապաշտ, դիցաբան՝ աստվածաբան և այլն։
Հին հայերի պատկերացումներում, ուրեմն, դիցարանն աստվածների հանգրվանն էր, այսպես ասած՝ նրանց հավաքատեղին, կացարանը։ Կրոնական իմաստով դիցարանը նույն պանթեոնն է, որտեղ «թեո» բառարմատը նույնպես նշանակում է աստված։ Այստեղից էլ թեիստ՝ աստվածադավան, աթեիստ՝ աստվածամերժ, անաստված։ Հետագայում պանթեոնը ձեռք բերեց հանգստատան, գերեզմանատան իմաստ. այնտեղ հանգչում են մեծ անհատները, որոնց աստվածացրել է ազգը։
Ի՞նչ աստվածներ են եղել հայոց դիցարանում, այլ խոսքով՝ ի՞նչ պաշտամունք են ունեցել հայերը հեթանոսության շրջանում, մինչև քրիստոնեության ընդունումը։ Այս հարցերով զբաղվել և զբաղվում է դիցաբանությունը, որը գիտություն է՝ ուսումնասիրում է դիցաբանական ասքերի, առասպելների, պատմազրույցների, ավանդավեպերի, ավանդույթների էությունը, դրանց ծագման ու զարգացման օրինաչափությունները, ներքին կապը։
Դիցաբանությունը, սակայն, նաև հոգևոր մշակույթի անբաժանելի մաս է, որն արտացոլում է հնագույն ժողովուրդների, տվյալ դեպքում՝ հայ ժողովրդի վաղնջական պատկերացումները կյանքի և բնության այս կամ այն երևույթի, երկնային մարմինների, մարդու և կենդանիների ծագման մասին, արտահայտում չարի և բարու, գեղեցիկի և հերոսականի նրանց ըմբռնումները, խորհրդանշում ինչ-ինչ գաղափարներ։ Այսպես, եթե հունական դիցաբանության մեջ Պոսեյդոնը խորհրդանշում է ծովի և նրա հզոր տարերքի գաղափարը, ապա հայոց դիցաբանական հերոս Արան մեռնող և հարություն առնող բնության, գարնան և զարթոնքի, ուրեմն՝ կյանքի հավերժության խորհրդանիշն է։ Այս և նման օրինակներից ինչքա՜ն բան կարելի է քաղել ազգերի հոգեկան կերտվածքի խոր արմատների, նրանց մտածելակերպի և աշխարհընկալման հնամենի ակունքների մասին։
Անհրաժեշտ համարենք նկատել դիցաբանության մեկ կարևոր կողմ. հաճախ է լինում, որ այնտեղ միահյուսվում են իրականն ու անիրականը, աստվածայինը (առասպելը) և պատմականը։ Հենց նույն Արան, ըստ որոշ պատմաբանների, միանգամայն պատմական անձնավորություն է, եղել է հայոց արքա, և նրա ու Շամիրամի մասին ավանդապատումը հայերի և ասորեստանցիների միջև մղված պատերազմի հեռավոր արձագանքն է։ Ժողովուրդն այնքան է սիրել նրան, որ աստվածացրել է, ու նա դարձել է դիցաբանական հերոս։
Վերադառնանք հայոց դիցարանին, որը մի ամբողջ «բազմանդամ ընտանիք է»։
Հայերն իրենց գերագույն աստված կամ աստվածահայր համարել են Արամազդին։ Նա ժամանակի որդին էր, երկնքի և երկրի աստվածը, երկրին բերրիություն և պարարտություն շնորհողը։ Նրան կոչել են իմաստուն, մեծ և ամենազոր։
Նրա պատվին կառուցվել են բազմաթիվ տաճարներ, բագիններ, բուռն հանդիսություններով երկրպագել և զոհաբերել են նրան բացառապես սպիտակ գույնի կենդանիներ՝ ցուլ, ձի, նոխազ և ջորի։ Նա ունեցել է իր տոնը, որը կատարում էին Ամանորի օրերին, երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերն ու մրցումները, տրվում ժողովրդական-թատերական ներկայացումներ։ Հիշենք, որ հին հայերը Ամանորը նշում էին գարնանը՝ այն կապելով բնության զարթոնքի հետ, ապա տեղափոխեցին աշուն (օգոստոսի 11) և կոչեցին Նավասարդ։
Արամազդը համապատասխանում է մյուս հնագույն ժողովուրդների դիցարանների գերագույն աստվածներին՝ հունական Զևսին, հռոմեական Յուպիտերին, հնդկական Ինդիրային, պարսկական Ահուրամազդային։
Արամազդի դուստրն էր Անահիտը՝ սկզբնապես ռազմի, ապա պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության աստվածուհին։ Նա հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին էր, կոչվում էր Մեծ տիկին Անահիտ, խոհեմությունների և պարկեշտությունների մայր, բարերար, և պատահական չէ, որ հայոց արքաները, պատերազմ մղելիս ու որևէ գործ ձեռնարկելիս, հենց նրանից էին հովանավորություն հայցում։ Հավատում էին, որ նա է հայերին պահողն ու փառաբանողը, և նրա շնորհիվ է, որ եղել է, կա ու կլինի Հայոց աշխարհը։
Անահիտի պաշտամունքը ևս տարածված է եղել լայնորեն, նրա պատվին կառուցվել են բազմաթիվ բագիններ, մեհյաններ, սրբավայրեր, որոնցից ամենանշանավորը Եկեղյաց գավառի Երիզա ավանի (հետագայում կոչվեց Երզնկա) տաճարն էր։ Այստեղ դրված է եղել նրա ոսկեձույլ արձանը, որի համար էլ Անահիտին կոչել են նաև Ոսկեհատ, Ոսկեծին, Ոսկեմայր։ Դժբախտ եղավ այդ արձանի ճակատագիրը. մ.թ.ա. 34թ. հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսն իր պարթևական արշավանքի ժամանակ ներխուժում է Երզնկա, և նրա զինվորները, կտոր-կտոր անելով արձանը, որպես ռազմավար բաժանում են միմյանց միջև, հետները տանում Հռոմ։ Մեզ է հասել այսպիսի մի պատմազրույց. զինվորներից մեկը Օգոստոս կայսեր պատվին կազմակերպում է ճոխ խնջույք, որի ժամանակ հպարտորեն պատմում է կայսրին, թե ինքը եղել է արձանի վրա առաջին հարձակվողներից մեկը և խնջույքի ծախսն էլ հոգացել է նրա սրունքի մի կտոր ոսկով։
Անահիտի ոսկե, արծաթե, պղնձե, քարե արձաններ դրված են եղել Արտաշատի, Արմավիրի, Աշտիշատի, Բագավանի և բազմաթիվ այլ վայրերի մեհյաններում։ 19-րդ դարի վերջին Երզնկայի մոտ հայտնաբերվել է նրա արձանի պղնձաձույլ գլուխը, որը համարվում է արվեստի հոյակապ նմուշ և այժմ պահպանվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում (Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվողը դրա կրկնօրինակն է)։
Անահիտը համապատասխանում է հունական Արտեմիսին, հռոմեական Դիանային, պարսկական Անահիտային, եգիպտական Նիիթին։
Արամազդի մյուս դուստրն էր Նանեն, որի պաշտամունքը սերտորեն կապված էր քրոջ՝ Անահիտի պաշտամունքին։ Հայոց դիցարանում նա իմաստության և ողջախոհության աստվածուհին է, որի գլխավոր տաճարը գտնվել է Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մերձակայքում։ Նրան էլ ժողովուրդը երկրպագել է տոնական հանդիսություններով, սիրել ու պաշտել, և պատահական չէ, որ հայերն այսօր էլ իրենց իմաստուն ու ողջախոհ մեծ մորը՝ տատին, անվանում են նանե։
Նանեն համապատասխանում է հունական դիցարանի Աթենաս աստվածուհուն։
Արամազդն ուներ ևս մեկ դուստր՝ Աստղիկը, որը սիրո և գեղեցկության աստվածուհին էր։ Հայերը սիրել և երկրպագել են այդ չքնաղ էակին, պատկերել նրան անթերի գեղեցկությամբ՝ նրա անվան շուրջը հյուսելով զանազան գողտրիկ զրույցներ։ Դրանցից մեկն այսպիսին է. Աստղիկն ամեն գիշեր լողանում էր Եփրատի ջրերում, և նրա սիրո վայելքը փափագող տղաները բարձրանում էին Տարոնի Դաղոնաց լեռը, խարույկ վառում, որպեսզի նրա լույսի տակ տեսնեն մերկ դիցուհուն, հիանան նրա աննման գեղեցկությամբ։ Աստղիկը, սակայն, կռահելով տղաների մտադրությունը, ամեն գիշեր Տարոնի դաշտը պատում էր մշուշով, և ոչ մի օտար աչք չէր տեսնում նրան։
Հայագիտության մեջ հայտնվել է այն կարծիքը, թե Աստղիկը եղել է նաև ջրի աստվածուհի։ Նշանավոր հայագետ Մ.Աբեղյանը գտնում էր, որ Հայաստանի տարբեր վայրերում (մասնավորապես՝ Գեղամա լեռներում) հայտնաբերված ձկնակերպ կոթողները, որոնք կոչվեցին «վիշապներ», Աստղիկ աստվածուհու արձաններն են։
Աստղիկի անվան հետ է կապվում Վարդավառի տոնը, որն ամեն տարի նշվել է հուլիսի կեսերին։ Այդ օրը հին հայերը վարդեր էին նվիրում աստվածուհուն, աղավնիներ թռցնում, ջուր ցողում իրար վրա։ Այն կարծիքը կա, որ «Վարդավառ» անունը և վարդեր նվիրելու սովորույթը առաջացել են Աստղիկի «Վարդամատն» մականունից։
Աստղիկ աստվածուհին համապատասխանում է հունական Աֆրոդիտեին։
Արամազդի որդին էր Միհրը՝ երկնային լույսի և արեգակի աստվածը, որի պաշտամունքը ձևավորվել է դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, տարածվել հին արիական ժողովուրդների կրոններում։
Ըստ ավանդազրույցների՝ Միհրը դաստիարակվել է հովիվների մոտ, գործել սխրանքներ՝ չար ոգիների դեմ կռվելով, սանձել և զոհաբերել Արամազդի Ոսկե ցլին, որի սրբազան արյունով բեղմնավորված հողում աճել են բոլոր օգտակար բույսերը, այնուհետև համբարձվել է երկինք և այնտեղից հովանավորել բարի արարածներին։ Հետագայում Միհրը համարվել է ազատարար մարտիկ, փրկիչ, որն իր երկրորդ գալստյամբ երկիրն ազատելու է չար ոգիներից և հաստատելու երանելի թագավորություն։
Միհրի պաշտամունքը ևս Հայաստանում տարածված է եղել լայնորեն։ Նրա անունից է ծագում հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր անվանումը՝ մեհյան։
Հայոց դիցարանի վառվռուն «ասպետն» էր Վահագնը՝ ռազմի, քաջության և հաղթանակի, ամպրոպի և կայծակի աստվածը, որից արքաներն ու զորավարները խիզախություն էին հայցում մարտի գնալիս, աղերսում նրա հովանավորությունը, նրանից ուժ ստանում, զորանում։ Նրան է նվիրված «Վահագնի ծնունդը» հնագույն ասքը, որը հայ քնարերգության շողշողուն գոհարներից է, հայ ժողովրդի վաղնջական գեղարվեստական մտածողության ամենավառ արտահայտություններից մեկը։
Հին հայերն այնքան են սիրել Վահագն աստծուն, որ ժամանակի ընթացքում մարդեղենացրել են նրան, համարել նույնքան սիրված արքա Տիգրան Մեծի երրորդ զավակը։ Վահագնը, որպես ռազմի աստված, նույնացվել է Հրահատ (Մարս) մոլորակի հետ, որը եղել է պատերազմի խորհրդանիշը։
Արամազդ աստվածահոր սուրհանդակը, գրիչը (այսօրվա լեզվով՝ քարտուղարը) Տիրն էր՝ դպրության, պերճախոսության, գիտությունների և արվեստների աստվածը, որպես այդպիսին՝ նաև մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը։ Նույնացվել է հունաց դիցարանի Ապոլլոն և Հերմես աստվածների հետ։
Հայոց դիցարանում իրենց յուրահատուկ տեղն ունեն Ամանորը և Վանատուրը, առաջինը՝ որպես Նոր տարվա, երկրորդը՝ որպես հյուրընկալության աստված, թեև հայագիտության մեջ նաև այն կարծիքը կա, թե այդ երկուսն էլ նույն աստվածն են, «վանատուրը» (բառացի՝ հյուրընկալ) պարզապես Ամանորի մականունն է։ Ինչպես դժվար չէ կռահել՝ նրանց նվիրված տոնը նշվել է Նավասարդի (Նոր տարվա) օրերին։
Հայոց դիցարանն էլ ունեցել է ստորգետնյա թագավորության իր աստվածը՝ Սպանդարամետը կամ Սանդարամետը։ Սկզբնապես նա համարվել է այգիների և գինու աստված և որպես այդպիսին նույնացվել հունական Դիոնիսոսի կամ Բաքոսի հետ, բայց հետագայում «պաշտոնափոխվել է», համարվել ստորգետնյա աշխարհի տիրակալը։
Ասացինք, որ հին հայերն ունեցել են իրենց դիցաբանական հերոսները, որոնք, մեծ մասամբ լինելով պատմական անձնավորություններ, աստվածացվել են՝ օժտվելով առասպելական հատկանիշներով։ Այդպիսի հերոսներից են Հայկ Նահապետը, նրա զավակներն ու թոռները՝ Արամանյակը, Արամայիսը, Ամասիան, Գեղամը, Հարման։ Այդպիսին են նաև Արա Գեղեցիկը (ինչպես արդեն նշել ենք), Տորք Անգեղը, Անուշավան Սոսանվերը, Արայան Արան, Արամը և շատ այլ հերոսներ։
Քրիստոնեությունը Հայաստան մուտք գործեց դաժան պայքար մղելով հեթանոսության դեմ, և այդ ընթացքում անխնա ավերվեցին գրեթե բոլոր մեհյաններն ու տաճարները՝ նվիրված հայոց դիցարանի աստվածներին, ջարդուփշուր արվեցին արվեստի հոյակապ նմուշներ, որոշ գիտնականների կարծիքով՝ ոչնչացվեցին նաև նախամաշտոցյան հայ գրերն ու դրանցով ստեղծված դպրությունը (այլապես ինչո՞ւ պետք է հայերը, չունենալով դպրություն, ունենային դպրության աստված)։ Հեթանոսական բազմաստվածությունը փոխարինվեց քրիստոնեական միաստվածությամբ, բայց դա արվեց թանկ գնով՝ խորտակվեց հին մշակույթի մի ամբողջ հարուստ շերտ։ Այնուամենայնիվ, անհնար եղավ լիովին փոխել ժողովրդի հոգեբանությունը, և հեթանոսական շատ սովորույթներ, ծեսեր, տոներ (օրինակ՝ Վարդավառը) կենսունակ եղան նաև քրիստոնյա հայերի մեջ։ Միհր աստծո շատ հատկանիշներ, անունից սկսած, իրենց արտացոլումը գտան «Սասնա ծռեր» դյուցազնավեպի Մեծ և Փոքր Մհերների կերպարներում։ Հայերն իրենց հեթանոսական աստվածների անունները դարձրին տեղանուններ, անձնանուններ և նույնիսկ ժամանուններ, դիցաբանական հերոսների շատ գծեր վերագրեցին իրենց սիրած արքաներին՝ Տիգրան, Երվանդ, Արտաշես, Արտավազդ։
Ն. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Երկնեց երկինք և երկիր,

Վահագն՝ պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Որոշ աղբյուրներում ու առասպելազրուցներում նաև վկայվում է որպես արեգակային աստված։ Ըստ Անանիա Շիրակացու, ավանդաբար Վահագնի անունը կապվող Հարդագողի ճանապարհը կամ Ծիր կաթինը հայերն անվանել են նաև «Արեգական հին ճանապարհ»։ Վահագնին ձոնված դիցաբանական երգում նա պատկերվում է սրբագործված չորս տարրերի՝ Երկինքի, երկրի, ծիրանի ծովի և ծիկակարմիր եղեգնի երկունքից ծնված խարտյաշ պատանի՝ հրացայտ վարսերով, բոցակեզ մորուսով և արեգակնային աչքերով։ Ըստ առասպելաբանության, կենսատու լույս անձնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։ Այդ պատճառով էլ նրան տրվել է Վիշապաքաղ մականունը։ Հայոց բարձր լեռները դիտվել են իբրև Վահագնի երկրային սրբազան կայաններ։ Ըստ Վասպուրականի հայոց մեջ տարածված ավանդազրույցի, Արեգակը գիշերը ծովում լողանալուց հետո, առավոտյան երկինք է բարձրանում Վարագի(մակաբերվում է Վահագնի անունը) գագաթից, իսկ նրան հարատև ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ։

Վահագնն եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական աստվածը։ Մովսես Խորենացին վկայում է, որ տակավին իր ժամանակներում (V դ.) ժողովրդի մեջ պահպանվում էր Վահագնի դյուցազներգությունը. փանդիռների նվագակցությամբ գուսանները երգում էին նրա դիցաբանական ձոնը, պատմում նրա բազում սխրագործությունների մասին։ Վահագնի ձոներգը, որը հայ հին բանաստեղծական արվեստի հանճարեղ նմուշներից է, ժողովրդական գուսններից գրի է առել Մովսես Խորենացին։ Վ.Իվանովի եզրակազությամբ՝ նրանում անխաթար պահպանվել են ընդհանուր հնդեվրոպական հնագույն դիցաբանական քերթությունը բնորոշ գծերն ու սկզբունքները։ Թերև այդ ընդհանուր հնդեվրոպական բնույթի ազդեցությամբ՝ որոշ բանաստեղծներ ենթադրել են, որ «Վահագն» անունն առաջացել է սանսկրիտ. «վահ» (բերող) կամ «վհա»(բոց, աստղ) և «ագնի» (կրակ) բառերից կամ հնդիրանական Վերեթրագնա, Վայու, Վաե վեհ աստվածությունների անուններից։ Հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ «Վահագն» անունն առաջացել է հին հնդեվրոպական «Բահագին»(աստված) գաղափարանուններից՝ «բ» հնչյունը «վ»–ի փոխվելու սովորական օրինաչափությամբ։ Քանի որ Վահագնն անձնավորել է դիցաբանական հար և նույն գաղափարը, փառաբանվել նույն մակդիրներով, ինչ Հայկ բահագինը, հետևաբար վերջինիս հեթանոս հայերն անվանել են Բահագին կամ Վահագին՝ նրա գաղափարանունը վերածելով հատուկ անուն։ Պատահակ չէ, որ Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում Հայկի փոխարեն հայոց նախնի և սեմական Բել աստծու հակառակորդ է հիշատակվում Վահագնը։

Վահագնի գլխավոր տաճարը կամ մեհյանը եղել է Տարոն գավառի Վիշապ քաղաքավանին մերձակա քարքե լեռան լանջին։ Վահագնի տաճարն Ագաթանգեղոսն անվանում է «մեծագանձ՝ լի ոսկով ու արծաթով»։ Տաճարում դրվել է Վահագնի մեծ անդրին, կից կից սրսհներում՝ Աստղիկ դիցուհու և Անահիտ դիցամոր անդրիները։ Վահագնի հարսնացուն համարվել է Աստղիկը, որի սրահը կոչվել է «սենյակ Վահագնի»։ Քրիստոնեական դարձի ժամանակ (301) Գրիգոր Լուսավորչին ուղեկցող զորքերը համառ կռիվներից հետո կործանել են Վահագնի գլխավորտաճարը, որի տեղում հիմնվել է հայոց առաջին և մայր եկեղեցին։ Թովմա Արծրունին Վահագնին նվիրված տաճարներից մեկը հիշատակվում է Փոքր Աղբակ գավառում, մյուսը՝ Տոսպում։

Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Իբրև ռազմի աստված՝ Վահագնը նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող Հրահատ (Մարս) մոլորակին, որին հին հայերը տվել են Ատրահեր մականունները։


Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա՛ – մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին ― հրեղեն պսակ,
Եվ աչերն են զույգ արեգակ։
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են գալիս, ծեծում են ափունք,
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալյացն հրավառ շրթունք։
Վահագն ծնավ, լռեցեք ալի՛ք.
Դու ծովահալած, դադար առ մրրի՛կ։
Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժույգը տակին՝ սլացավ վերև ―
Երեսըդ ծածկի՛ր համեստ շղարշով,
Տե՛ս, ո՞վ է գալիս, և դո՛ւ, հո՛ւր արև.
Գլուխդ ալևոր, քաջածի՛ն Մասիս,
Դու էլ խոնարհի՛ր, Վահագն է գալիս։
Երկինք ու երկիր և ծիրանի ծով
Ավետում են քեզ, ցավերի դու ծո՛վ՝
Ցնծա՛, բյուր վիշապ Հայաստան աշխարհ,
Փրկության արև Վահագնիդ տեսար։ 

«ԱՍՏՎԱԾԱԴՈՒՌ» Հայոց հեթանոսական դիցարան

ԱՍՏՎԱԾԱԴՈՒՌ հայոց հեթանոսական դիցարան
Հեղինակ՝ Արա Նախշքարյան 

Արեւն, ահա Վանա ծովից Ավախորիկ է ելնում, 
Ավախորիկն առնում ուսին՝ Վարագա ուսն է հանում, 
Վարագն առնում ու հանում է Ծովասարի վարդ ուսին, 
Ծովասարը ուսին առնում ու տալիս է Առնոսին, 
Առնոսն արեւն առնում ուսին, ուսն է հանում Մարաթուկի, 
Մարութա սարն ուսին առնում՝ ուսն է հանում Նեմրութի, 
Նեմրութա սարն ուսին առնում՝ ուսն է հանում Անդոկի, 
Անդոկն արեւն առնում ուսին՝ ուսն է հանում Թոնդուրեկի, 
Թոնդրակն առնում ու Գրգուռի ուսն է հանում ժպտալով, 
Գրգուռն արեւն առնում ուսին՝ այսպես ուսեուս տալով 
Սիփան սարի ուսն են հանում եւ արեւը Սիփանին 
Առավոտն է թագադրում, վերծանում հույսը հին... 
                                                                                                                         ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ 
«Սիամանթո եւ Խջեզարե» 
...Արեւն արդեն բարձրանում է Սիփանի գագաթից: Իսկ ադամամութը, որ արշալույսից առաջ տիրող դրություն է, լի էր փորձություններով: 
Վահագն - Արեւորդին գիշերով անցել էր Ասորաց աշխարհի սահմանը եւ գողացել Բարշամի հարդը: 
Հարդը թափվելով՝ մատնել էր գողի ճամփան: 
Բարշամն իր զորքերի հետ հարդի հետքերով գալիս եւ պաշարում է Երկիր Նաիրրին: 

Ա 

... - Համբուրիր ինձ, սիրո գեղանի աստվածուհիս, որ փորձանքը հեռու լինի ինձանից: 
-Վահա՜գն, ի՞նչ է պատահել, ի՞նչու ես անհանգիստ: 
-Օ՛, չգիտեմ, չգիտեմ, Աստղիկ: Մարաթուկը վկա, կսպանեմ այդ հրեշին: 
Եվ լուռ էր: 
Ու Աստղիկը ճեղքեց լռությունը: 
-Վահա՜գն, խոսի՜ր, խոսի՜ր սիրելիս: Դու ինձ վախեցնում ես: 
-Հանգստացի՛ր, թագուհի՜ս, ամեն ինչ բարի է: Կրակ կթափեմ Բարշամի եւ ասորաց զորքի վրա: Խավարով կպատեմ նրանց գլխին փայլատակող այդ հավերժական լուսատուն ու չե՜մ թողնի, չե՜մ թողնի, որ Նաիրիից անգամ մի բրոնզե դրամ տանեն: 
-Ի՛մ Ագնի, պատմի՜ր խնդրում եմ, այդ ինչպե՞ս եղավ, ի՞նչ պատահեց... չեմ հասկանում: Գիտեի, գիտեի, որ մի բան պատահելու էր: Ամբողջ գիշեր ծիծեռնակներն անհանգիստ էին: Երազներս լի էին մղձավանջերով: 
-Աստղի՛կ, սիրո պայծառափայլ տիրուհի՛ս, ես սիրում եմ քեզ... եւ գիտեմ, որ քո սերն էլ ինձ չի լքի, ու պատերազմից կվերադառնամ հաղթանակով: 

Բ 

...-Իսկ հիմա, Աստղիկ, խնդրում եմ, սիրելի՜ս, հաղորդիր սուրհանդակ Տիրին, թող լուր ուղարկի Հայր Արամազդին, Անգեղյա Տորքին ու Հսկա Հայկին: Ծովածին Սանասարն ու Բաղդասարը թող մնան երկրի ներսում եւ անթարթ հսկեն հյուսիսն ու արեւմուտքը: 

Գ 

...Լուսատուն արդեն երկրի կենտրոնում էր: 
Վիշապաքաղը բարձրացել էր Նեմրութն ի վեր ու... աղոթում էր: 
-Առաջնո՜րդ, չեմ թաքցնում, գողացել եմ, ճիշտ է, բայց խնդրում եմ, օգնի՜ր ինձ, որ այս պատերազմում հաղթող ճանաչվեմ: Ներիր, Հայր: Անփորձանք պահիր պաշտամունքիս: Ո՛վ Մեծ Մայր, խնամի՜ր նրան քո դողդողջուն, բայց աստվածային ձեռքերով: Խնդրում եմ, Մայր, Մե՜ծն Անահիտ: 
Ու Վահագնի հուրհեր հոգին դողաց սարսափից: Ճակատը կնճռոտվեց: Արցունքի երկարահոս կաթիլները սահեցին այտերն ի վար: 

Դ 

...-Վիշապաքա՛ղ, Ագնի՛: Բանակը պատրաստ է, -ասաց Ար - Արան ու շարունակեց, -կարող ենք շարժվել: 
-Քաջ ասպետ Ար, քիչ էլ, քիչ էլ սպասեք, կհասնեմ շուտով: Զոհս մատուցեմ ու կմիանամ այրուձիին: 

Ե 

...Ու Բարշամն արդեն վրան էր խփել Շատախից մինչ Մոկս: Դեռ նոր էին փորձում հանգստանալ, երբ երկինքը մթնեց: 
Դուման է իջել ասորաց գլխին: 
Հայր Արամազդը ներեց Վահագնին: 
Ու լսեց նրա աղերսը սրտի: 
Վահագնը հասա՜վ իր հսկաներին: 
Ու կոտորվեց զորքը Բարշամի: 
Կարմիրով ներկվեց ձյունն սպիտակափայլ: 
Հայկն ու Անգեղը՝ մեջք-մեջքի տվին: 
Մեկի արձակած նետն էր սլանում, իր զոհը ընտրած, 
Մյուսի արմատահան ժայռերը գնա՛ց... 
...Ու գնա՛ց, գնա՛ց... 
Ու մթնեց ամբողջ դաշտը Մոկաց: Եվ երկու կողմերի հսկաները միմյանց հասնելով՝ երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին: Ասորաց բանակի ոչ սակավ հսկաներ, հանդիպելով քաջազունների փայլատակող սրերին, թավալգլոր ընկնում են գետին: 
Պատերազմը հաղթանակած էր: Ասորաց բանակը մատնվել էր փախուստի: Դեռ չէին անցել Ջերմ գետը, երբ լսվեց առյուծասիրտ Հայկի խրոխտ, վճռական ձայնը. 
-Բարշա՛մ... արյունարբո՜ւ շուն, դու իմ ձեռքով ես սատկելու: 
Բարշամը, որ մինչ այդ փախչում էր գլուխը բռնած, կանգ առավ ու շրջվեց ձայնի ուղղությամբ: 
Հսկան հայացքը հառել էր Բարշամին: 
-Բարշա՜մ, -շարունակեց Աղեղնավորը, -երբեւէ տեսե՞լ ես, թե ինչպես է ոռնում որսորդի նետով զարկված վագրը: Ժամհա՜ս է արդեն, հիմա ցույց կտամ: 
Ու Հայկն իր եռաթեւ նետն ուղղեց որսին: 
Այս անգամ զոհը որդին էր Բարշամ, ոչ թե Բելը հայր: Մինչեւ վերջ քաշեց լայնալիճ աղեղը: Ու երբ արձակեց, կարծես թե երկինքը կայծակեց: Շանթ խփեց Բարշամի շանթահար սրտին: Երեքթեւյան նետը դիպավ Տիտանյան հսկայի հետնորդի կրծքին, եւ սլաքը, շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին խրվեց: 
Ընկավ գետին ու շունչը փչեց: 
Ու ոռնաց Բարշամը, 
Բարշամը գետնեց. 
Արյան մեջ խեղդվեց... 
-Փա՛ռք Արամազդին... 
-Փա՛ռք Մայր Դիցուհուն... 

Զ 

...Երեք օր տեւած կենաց ու մահու պատերազմը հասավ իր վերջնական ավարտին: Փառաբանության ու գոհության աղոթքներով Նաիրյան այրուձին վերադարձավ Տարոն աշխարհ: 
Ու... Վահագնը կրկին բարձրացավ Նեմրութ լեռը: Նոր էր աղոթքը սկսել, երբ ծիծեռնակը նստեց թեւին, կտուցին՝ քառածալ մի թուղթ: 
Բացեց... 
Նամակ էր... Գրողն Աստղիկն էր: Փորձել էր կապ պաշտպանել իր երազների ասպետի հետ. 
«...Սե՜ր իմ, Բախտ աստվածուհին, երբ արագ պտտեցնում էր աշխարհի անիվը՝ Չարխի-Ֆալակը, զվարթ ուրախանում էր ու վստահ կրկնում, թե ողջ ես, իմ Կրակ, ողջ եւ առողջ ես, ու հաղթանակած եւ թե շատ շուտով կվերադառնաս Երկիր Նաիրի...»: 
Վահագնը մրմնջալով կարդաց իր պաշտամունքի աստվածային մտքերն ու փորձեց շարադրել պատասխան երկտողը. 
Կարդում եմ ահա նամակդ ինձ գրած 
Ու բառերի մեջ սիրտդ եմ որոնում, 
Ինչպե՛ս տանջված ես, ա՛խ ինչպե՛ս հոգնած, 
Եվ ինձ ես փնտրում քո ամեն քայլում: 
Բայց ես անուրջ չեմ, ես կամ, ես կգամ, 
Կոչի՜ր ինձ միայն, եւ ես կդառնամ, 
Կգամ վանելու քո բյուր ցավերը, 
Հեքիաթ դարձնելու քո ապրումները: 
Կգամ իմ հոգու ալ - լավ վարդերով 
Հոգուդ դրախտը նազան զուգելու, 
Իմ երազների հուր բույր թեւերով 
Անուրջ - պատրանքի գիրկը տանելու: 
Միայն թե ծածկիր այդ բացված վիհը 
Աշնան տերեւով, անդարձ մահերով, 
Ու վերածնիր, անցիր անդունդը, 
Հոգուդ անդունդը անվախ, անխռով: 
                                            ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ 
Եվ վերջում ավելացրեց. 
-Կհանդիպենք Արտամետում, Նավասարդյան տոնի ժամանակ: Ես պաշտում եւ համբուրում եմ քեզ: 
Քո՝ Կրակ: 
Իսկ տոնին մնացել էր մեկ օր միայն: 
Նամակը պատրաստ էր: Վիշապաքաղն այն կապեց ծիծեռնակի ոտքից եւ կրկին բաց թողեց բերդը՝ Աստղիկի, բերդ Ծիծեռնակա: 
Այնուհետեւ, իջնելով լեռից, քայլերն ուղղեց Վանա ծով: 

Է 

...Գիշեր է: 
Ասպետը մենակ է բաց ծովում՝ հեռավոր աստղերի հետ: 
Ամբողջ գիշեր նավարկեց՝ առավոտյան Արտամետ հասնելու նպատակով: Լուսաբացը մոտ է: Ու նավակն արդեն մոտենում է ափին: 

Ը 

...Ահա եւ Արտամետը: 
Ափից ոչ այնքան հեռու կարմիրին է տալիս աշխարհին հայտնի արտամետյան ադամանդափայլ խնձորը: 
Վիշապաքաղը ցամաք դուրս գալով՝ ծնկեց Արեգ աստծո առաջ ու գոհություն մատուցելով Արային՝ քայլերն ուղղեց Արտամետի խորքը: 

Թ 

...Տոթ Նավասարդի Արեգ օրն էր: 
Վահագն - Արեւորդին մտավ Վանատուր - Ամանորի Մեհյան - սենյակը: Վանատուրն ընդառաջ գալով՝ ընդունեց Վահագնին ու հրավիրեց ներս: 
Աստվածներն ու աստվածուհիները խնջույք են կազմակերպել եւ ըմպում են Ամանորի լավագույն գինին: Ամենավերեւում նստած է Հայր Արամազդը, Մայր Դիցուհի Անահիտի հետ: Վահագնը մոտեցավ Մեծն ու Արին-Արամազդին: Խոնարհվեց Արարչի առջեւ ու ստանալով հայրական օրհնությունը՝ նստեց իր սիրուհու աջ կողմում: 
Ամենքը հիշելով պատմում են իրենց գլխով անցած ինչ-որ զվարճալի պատմություններ եւ ծիծաղում: 
-Հա՜յր, -դիմելով Արամազդին խոսեց Աստղիկը, -ես երեկ մշուշով պատեցի Տարոնի ամբողջ դաշտը: 
-Ինչո՞ւ, Աստղի՜կ, ի՞նչ էր պատահել: 
-Գիշեր էր: Իջել էի Մեղրագետը լողանալու, Անդո՜կը վկա: Մեկ էլ տեսնեմ Դաղոնաց բլրակի վրա ինչ-որ կտրիճներ կրակ էին վառել եւ ուշադիր զննում էին Աստղիկիս: Ես էլ, մերկությունս քողարկելու համար, մշուշով պատեցի Տարոնի ողջ տարածքը: 
-Հա՛, հա՛, հա՛... -ծիծաղեց Արին - Արամազդը: 
-Հա՛, հա՛, հա՛... -ծիծաղեցին բոլոր ներկաները՝ բարձր ու զվարթ: 
-Ես, երկնի ու երկրի ստեղծողս՝ Ամանորյա իմ տոնի առթիվ հրամայում եմ, այսօրվանից Տարոնի դաշտն անվանել սիրո եւ զգացմունքներիս աստվածուհու գործածի համաձայն՝ Մշո դաշտ: Այդպե՞ս է Անահի՜տ: 
-Այո՜, Տե՛ր իմ: 
-Փա՛ռք Արամազդին, փա՛ռք Տիրակալին, -լսվեց Արձագանք աստվածուհու զանգերգուն ձայնը: 
-Փա՛ռք Արամազդին, փա՛ռք Տիրակալին, -կրկնեցին աստվածներն անմահ ու սկսեցին մեծարել նրան՝ ասելով. 
-Մեծն Արին - Արամազդ, Արարիչն երկնի ու երկրի, լիություն պարարտության, Արարիչ աստվածներիս, ամպրոպային պատկերն Արամազդի: 
Այնուհետեւ խոսք ասաց դպրության, գիտության, իմաստության, գրչության աստված, իմաստախոս Տիրը. 
-Աստվածնե՜ր, ձեր թույլտվությամբ ուզում եմ կարդալ բոլորովին վերջերս գրչած նավասարդյան տոնին ու Մեծին նվիրված տողերս, -ասաց դպիրն ու սկսեց. 
Ո տայր ինձ զծուխ ծխանի 
Եւ զառաւօտն Նաւասարդի 
Զվազելն եղանց 
Եւ զվարգելն եղջերուաց. 
Մէք փող հարուք 
Եւ թմբկի հարկանէաք, 
Որպէս օրէն է թագաւորաց: 
                              ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ 
Ժպտաց Մեծն Արին ու ծափահարեց: Եվ ծափահարեց ողջն աստվածային: 
-Ողջախոհ Նանե, ի՞նչ կասես հապա: 
-Գերազանց է, Հա՜յր, եւ ամեն ինչ ճիշտ: 
Գեղեցիկն Արան Տիրակալին ասաց, թե Շամիրամն իրեն է առաջարկել իր սերն ու երկիրը: 
Արամազդը հոնքերը կիտեց: 
-Դու գիտես Արա՜, բայց Նուարդը, Նուարդն հայուհի է եւ առավել հաստատ, քան Շամիրամը, եւ քո երկիր Նաիրին վսեմաշուք է, քան Նինվեն Ասորաց: 
-Սիրելիներս, ես ուզում եմ մի դեպք պատմել իմ կյանքից, -ասաց Միհր - Մհերն ու շարունակեց: -Տակավին տասնհինգ տարեկան պատանի էի, երբ Սասունում սով ու թանկություն ընկավ: Հետո պարզվեց, որ Սասնա լեռներում մի անմեհի առյուծ է լույս ընկել, փակել Սասուն տանող բոլոր ճանապարհները, անցնող-դարձողներին հոշոտում է, չի թողնում հաց կամ ապրանք մտնիՍասուն: Իմացա հացի պակասության եւ թանկության պատճառը: Հաջորդ իսկ օրը գնացի առյուծի դեմ կռվելու: Առյուծը, որ տեսավ, գազազած ընդառաջ ելավ ինձ, պոչը գետին էր խփում, փոշու զարհուրելի ամպեր բարձրացնում: Ճիշտը, որ ասեմ, ամենեւին անզեն էի եւ գոտեմարտի բռնվեցի առյուծի հետ: Բարձր հավատով, խրոխտ կանչեցի պապական իմ երդումը՝ ՙՀացն ու գինին, տերկենդանին՚: Մի ձեռքս գցեցի առյուծի վերին ծնոտից, մյուսը՝ ներքինից, քաշեցի եւ ճղեցի առյուծին, արի երկու կես: Կեսը դրեցի ճամփի մի կողմը, մյուս կեսը՝ մյուս կողմը ու վերադարձա Սասուն: Երբ մտա քաղաք, բոլորն առույգ ու զվարթ գոռում-գոչում էին Առյուծաձեւ, Առյուծաձեւ Միհր - Մհեր, լույս ու ջրմություն: 
-Երկնային լույսի եւ արեգակի լուսաճաճանչ Միհր այդ ամենը ճիշտ է եւ իրավացի: Մենք վկայում ենք քաջագործությունդ: -Գրեթե միանգամից ասացին Սանասարն ու Բաղդասարը: 
-Առյո՜ւծ Միհր-Մհեր, խորհուրդ եմ տալիս քեզ գնալ Աղջաղլա Յալերի թագավորի աղջկան՝ Արմաղանին ուզելու եւ նրա հետ ամուսնանալու, -ավելացրեց Հայկը: 
-Ու այսպես երկարատեւ խոսք ու զրույցից հետո, խնջույքը մոտեցավ իր ավարտին: 

Ժ 

...Երեկո էր: 
Եվ մութը մոտենում էր: Բոլորը վերադարձան իրենց Մեհյանները: Աստղիկը Վահագնին հրավիրեց Ծիծեռնակաբերդ: 

ԺԱ 

...Գիշերվա թանձր խավարը, որ լի էր լռությունով, հանկարծ պատռվեց Աստղիկի՝ Վահագնին ուղղված սիրո խոսքերով: Խոսքեր, որ խառնվում են կարոտին եւ բաց անում զսպված արտասուքի դռները: Խոսքեր, որոնք լաց են լինում, լաց, որ խոսում է: 
-Ագնի՛, սիրելի՛ս, չես պատկերացնում, թե ինչ զարհուրելի վախով էի լցվել, երբ մարտադաշտում էիր: Վախենում էի, որ էլ չեմ տեսնի քո բոց աչքերը, ու չեմ լսի քո հուր սրտի մշտարթուն բաբախը: Տիվ ու գիշեր աղոթք էի մրմնջում: Աստվածներից խնդրում, որ ուժ ու կորով պարգեւեն քո բազուկներին: Եվ... այո... կարող եմ ասել, որ Հայրը լսեց: Թե լսեցին նրանք, որովհետեւ դու ողջ եսեւ առողջ: 
Եվ դողաց ձայնը Աստղիկ դիցուհու: Արցունքները թրթռացին մարող ձայնի մեջ: 
Եվ սկսեց լաց լինել: 
Լացեց... 
Ու լաց եղավ: 
-Աստղի՛կ, -գեղուհու աչքերից սրբելով այտերն ի վար գլորվող արցունքները, կրծքին սեղմելով շշնջաց Վահագնը: -Աստվածուհի՛ս, ես սիրում եմ քեզ: Դու ամենալավն ես: Խոնարհվում եմ գեղեցկությանդ առաջ: 
Եվ գիշերվա համատարած խավարի մեջ սիրահար շուրթերը հպվելով՝ ձուլվեցին միմյանց ու խառնվեցին մթությանը: 
-Իմ Սե՛ր - Կրակ: Ես ուզում եմ ունենալ քեզ հետ իմ կյանքի երջանկությունը: Ես ուզում եմ սուզվել քո սպիտակ ու բոց ջրերում, ուզում եմ լսել քո սրտի նրբազգաց թրթիռը: Ագնի՛, սիրելի՜ս... սրտիս եւ ուղեղիս մեջ դժոխք կա... Ես վախենում եմ, վախենում եմ սիրելիս, որ կկորցնեմ քեզ... Մեզ շրջապատողը սերն է: Հարատեւ սերը, որն ընդունելն այնքան հաճելի է... 
-Ցնորքներիս երկինք, -ընդհատեց Ագնին: -Դու իմ գրկում ես ու չպիտի, չպիտի վախենաս: Քունս տալով անքնությանը՝ ուզում եմ, այո՜, այո՜... ուզում եմ անվերջ համբուրել: Համբուրել վարդահամ շուրթերդ: Ու համբուրել վարդամատն ձեռքերդ: Եվ խորհրդավոր շշունջով արտասանել՝ կյանք, կյանք, կյանք: Սեր իմ, ճանապարհ երկնային տերության, իմ սիրո երազ: Քիչ է այս ամենը,ինչ էլ քեզ ասեմ: Քիչ է սիրելի՜ս, համբույրիդ առաջ, հայացքիդ դիմաց: 
-Վահագն: Ի՛մ Ագնի: Ահա իմ մարմինը, իմ ջերմությունը, իմ քնքշությունը, դրանք բոլորովին հարկավոր չե՜ն ինձ, բայց քո՜ ձեռքերում... 
-Աստղի՜կ, ի՛մ հրաշք... համբուրի՜ր ինձ, աստվածուհի՜ս: Ես պաշտում եմ քեզ: 

ԺԲ 

...Վերջապես Փայլածուն իր տեղը զիջեց Այգին: Իսկ Վահագնը՝ կարծես մեղու, նեկտար էր քաշում Աստղիկի վարդաբույր շուրթերից ու չէին նկատել, որ արդեն Ծայգ է: 
Ապա... 
Վահագնը մոտեցավ պատուհանին եւ ուշադիր հետեւեց ծիծեռնակների ճկուն սլացքին: 

ԺԳ 

...-Տիրուհի՛...Աստղի՜կ..., -ներքեւից ձայն էին տալիս բերդի քրմուհիները: 
Աստղիկը մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս: 
-Տիրուհի՜, Նանեն Աստղիկիդ ու Վիշապաքաղին հրավիրել է Եկեղյաց գավառի Երիզա ավանում գտնվող Անահտագահ: Վաղը լուսաբացին մեծ շուքով նշելու են Մեծ Մորը նվիրված հռչկավոր տոնը: 
-Շատ լավ, ընդունեցի հրավերքը: Հրակաթին կլինենք այնտեղ: 

ԺԴ 

...Շառավիղյալն էր: Եվ Հրակաթը մոտենում էր: Դիցն ու դիցուհին անցել էին Մասիսներն ու հասել Ծաղկանց լեռնաշղթայի Թոնդուրեկ գագաթը: 
Քամիները փչում էին հյուսիսից - հարավ, այնպես, որ կարծես Հողմաշունչ ամիսն էր: Աստղիկը արդեն կորցրել էր ժամանակի ու տարածության զգացումը, ցրտահար մարմինը հրաժարվում էր ենթարկվել հոգու պահանջին: Նա, հազիվ քարշ տալով իր սառած մարմինը, մոտեցավ Վահագնին, բռնեց Վիշապաքաղի ձեռքն ու խնդրեց, որ մի քիչ հանգստանա ու ապա շարժվեն: Ագնինհամաձայնվեց Աստղիկի առաջարկին: Նրան առավ իր գիրկն ու շարունակեցին ճամփան: Արագ իջնելով Թոնդուրեկից, հանգստացան, շունչ քաշեցին, եւ ապա շարունակեցին ճանապարհը: 

ԺԵ 

Օրն է Կորդուիք, մոտ է Ծմակ, ամիսն է Գոհության-Նավասարդ, ժամն է Շանթակող, մոտ է Հրակաթ: Իսկ դիցն ու դիցուհին անցել էին Նպատն ու հասել Այծպտունք: Քիչ էր մնացել մինչեւ Երիզա, հասել էին արդեն Եփրատն անմահ: Անցան Եփրատն ու հասան Եկեղյաց: Ավանի դարպասների մոտ, ինչպես միշտ, աստվածներին դիմավորեց հյուրընկալ Վանատուրը: Այստեղ ենհավաքվել եւ երկրի չորս կողմերից եկած դից ու դիցուհիք: Նանեն իր քրմուհիների հետ Տարոն աշխարհից բերել է երկրի ամենալավ բերքն ու դրել Մեծն Տիկնոջ զոհասեղանին: Նար-Ծովինարի սափորը լի է Վանա ծովի կապուտաչյա, կենարար ջրով: Գիսանեն, իր ծամերից մի փունջ պոկելով, դրեց Անահիտի զոհասեղանին: Քանի որ նա Անահիտի տաճարում աղոթել եւ ուխտ էր արել, երբ իրեղբայր Դեմետրեն պատերազմից ողջ եւ առողջ վերադառնա, իր մազերը սիրով նվիրելու է Անահտագահ տաճարին ու Մայր աստվածուհուն: Ապա ծնկեց ու աչքերից երկու կաթիլ ադամանդափայլ արցունք գլորվեցին թուխ այտերն ի վար: Վահագնն իր կրակից մատուցեց Մայր դիցուհուն, որպես խորհրդանիշ ջերմության: 
Ու այսպես, ամենքն իրենց արժանին մատուցելով Անբիծ-Անահիտին, մտան պալատ եւ խմբվեցին սեղանի շուրջ: Այստեղ Գեղեցիկ Արան աստվածների ուշադրությանն ու դատին արժանացրեց ՙշամբշոտաշուրթ՚, վավաշոտ ու անառակ թագուհու՝ Շամիրամի նամակը: 
Ու կարդաց Արան նամակը գրչած. 
-«Ես քեզ եմ ասում, ով գեղատեսիլ Արա, թեպետ դու չհամաձայնեցիր դառնալ իմ ամուսինը եւ թագավորել Նինվեի եւ աշխարհի վրա, թեպետ սիրտդ Արարատի հավերժական սառույցներից կարծր է, թեպետ դու չիմացար սերը սիրով գնահատել եւ սառնասրտությամբդ այրեցիր ինձ, բայց իմացի՜ր ես դարձյալ սիրում եմ քեզ եւ տենչալով տենչում: Աստվածներիս կամքով ես վճիռսփոխեցի: Եթե քեզ համար այդքան սարսափելի է իմ սիրատենչ հարստությունը եւ ասուրիների գահը, ապա խոհեմաբար թագավորենք՝ դու քո Հայոց երկնագահ բարձունքներում, ես՝ Թիգլատի արեւակեզ ափին... Սակայն՝ հանուն սիրո եւ բարեկամության եւ մեր աշխարհների երջանկության, ով այրդ անբասիր, առաջարկում եմ քեզ՝ գալ վեհանձնաբար ինձ հետ հանդիպելու: Մեր սուրբդաշինքը երդմամբ արմատացնելու, ապա խաղաղությամբ վերադարձիր: Քեզ չեմ հրավիրում Ասորեստան, որպեսզի անհնար դավադրության մտապատկերը քեզ չվախեցնի: Դու ինքդ որոշիր անունը ոստանի Հայոց եւ Ասորաց սահմանների վրա, ուր դու նշում ես բաղձալի տեսակցությունը: Ինչքան ուզում ես զորագնդեր վերցրու քեզ հետ եւ զգուշության համար ինչ որ հարկ է արա: Ինչպայման էլ, որ առաջարկես, ես այդ իսկ պայմանով էլ քեզ ընդառաջ կգամ»: 
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ 
Նամակի բովանդակությունը մինչեւ վերջ լսելուց հետո Մեծն-Արին ասաց Արային. 
-Գեղեցիկդ Արա, ի՞նչ պատասխանեցիր, քո պատասխանն ի՞նչ է: Ասա՜ իմանանք: 
-Անմահ տիրակալ, պատասխանս այս է: Այսպես եմ ասել իր դեսպաններին ու ետ ուղարկել. 
-«Վերադարձեք Նինվե եւ աշխարհակալ արեգակին պատասխան տարեք, ասեք, ով նինվեյան արմավ, ես քեզ դաշնակից եմ, բայց իմ սրտում, ինչպես իմ արեւակեզ լեռներում, խորունկ արմատ է արձակել Արմավիրի բարդին: Եվ եթե փոխարենն անգամ անմահություն առաջարկես՝ ես չեմ նվաստացնի իմ Նուարդին»: 
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ 
Սիրում եմ հողն իմ արեւից պոկված, 
ուր արեւակեզ խաղողն է հասնում, 
Ուր նուռն է ճեղքում իր կուրծքը արբած, 
Եվ ուր խնձորն է ամոթխած շիկնում, 
Սիրում եմ հողն իմ՝ Արեգը գրկած: 
-Այո՜, -հազիվ լսելի ձայնով ասաց Արամազդն ու ժպտաց, նայեց բոլորտիք: Մտածե՛ց, մտածե՛ց ու... այսպես խոսեց անմահներին նստած. 
-Աստվածնե՜ր, ես ուշադիր լսում էի Արային ու իր պատասխան երկը: Մտածում եմ ինչո՞ւ չտալ Գեղեցիկին կոչումն աստվածային: Գարուն է Արան: 
-Ինչպես կամենաս Մեծդ - Արարիչ, Հզորդ - Արամազդ, -ասաց Մայր դիցուհին: 
-Ինչպես կամենաս Արիդ - Տիրակալ, -ձայնեցին աստվածներն հայոց: 
-Այնուհետեւ, Արամազդն իր Հայրական օրհնությունը տվեց Արային: Ճակատին դրոշմեց աստվածային կնիքն ու քաջալերեց. 
-Եվ թե մեռնե՜ս, Արա՜, հարություն պիտի առնես, -իր խռպոտ ու վճռական ձայնով ասաց Արարիչը Մեծ: 
Գեղեցիկի աչքերը սկսեցին ուրախությունից բոցավառվել: Նա իր շնորհակալությունը հայտնեց Արարչին եւ համբուրելով Արամազդի աջը՝ դուրս եկավ տաճարից ու մի զույգ աղավնի, որպես խորհրդանիշ խաղաղության, բաց թողեց պայծառաշող արեւի ու ազատ երկնքի տակ: Ապա՝ Ոսկեծին, Ոսկեմայր Անահիտ Տիկինը, որ բարերարն է մարդկային բնության, ամենայն զգաստության,որպես շունչ ու կեցուցիչ հայոց աշխարհի եւ խորհրդանիշը համեստության ու լրջության, եւ ի հարկե՝ մայրության, իր մայրական օրհնությունը տալու համար Արային կանչեց տարավ իր Բագին, Զոհասեղանի դիմաց կանգնեցնելով, օրհնեց քաջին, իր Սուրբ Ջրով մաքրեց նրա մարդկային էությունը: 
Աստվածներն աստվածացրին Արին: 
-Մեկ անգամ նորից շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ շահեցի ձեր վստահությունը: Խոստանում եմ բոլորիդ ու հատկապես Աստղիկին: Խոստանում եմ ու երդվում, որ չեմ դավաճանի ես իմ Նուարդին ու չեմ գնա գիրկն անառակի: Խոստանում եմ, Հա՜յր, երկնքի ու երկրի Արարիչ, Մեծն ու Արին-Արամազդ: Երդվում եմ հավատարիմ մնալ աստվածային Սուրբ Օրենքներին:Այսպեսխոսեց Արան աստվածներին նստած: Ապա, վերցնելով այծագլուխ գավաթը, խմեց գինին արմավիրյան, իբրեւ ուխտ վստահության: 
Ապա այստեղ նորից արվեստագետ Տիրը, աստվածների ուշադրությանն արժանացրեց մի բյուրեղյա մաքրությամբ գրված իր վերջին երկը՝ նվիրված Կուսածին Տիրուհուն. 
-Հիանալի ու թրթռուն 
երկ է հյուսվել կույսի մասին, որպես մի վեհ խորհուրդ մարդկանց: Նոճի է նա, բողբոջուն, սափոր եղեգնյա, մատներն՝ ինչպես ճյուղ դալարուն: Նուրբ հոնքերը՝ կից կամարներ, աչքերն վառ են որպես աստղեր ու տաք ինչպես արեւը բարկ: 
-Հրաշալի է, Տի՜ր, շնորհակալ եմ մաքրությանդ ու պարզությանդ համար: 
- Ասաց Էածին Տիրուհին: 
-Աստվածնե՜ր, -շարունակեց Արամազդը, -Ինչպես գիտեք, Նավասարդը լի է տոնակատարություններով եւ ուղեկցվում է երգ - երաժշտությամբ, պարերով, թատերական ու կրկեսային ներկայացումներով, ցուցքերով, զինախաղերով ու մարզական մրցումներով: Եվ այդ ամենը շարունակվելու է մինչեւ Նավասարդի վերջը: Մի քանի օրից կտոնենք նաեւ Վարդավառը, որն, ինչպես գիտեք,նվիրված է սիրո եւ գեղեցկության աստվածուհի Աստղիկիս: Աստղիկը, -շարունակեց Մեծն Արին, -Աստղիկն իր իսկ ծննդյան օրվանից շահեց իմ սիրտն իր առաքինի եւ աղջկական պահվածքով: Դրա համար էլ նա այսօր իր գանգրահեր վարսերի մեջ կրում է Սոսյաց տերեւներով հյուսված այս ոսկեթույր պսակը: 
...Հիշում եմ: Տարիներ առաջ, Մարերի ամսին, ես սպանեցի իմ երկվորյակ եղբորն ու գցեցի Վանը: Նրա արյամբ ծովը ալիքվեց ու փրփրեց: Եվ այդ սպիտակաթույր փոթորկադեզ ալիքների միջից ո՛վ հրաշք, դուրս եկավ Աստղիկը, եւ որտեղից որ քայլում էր, պատկերացնո՞ւմ եք, ոտքերից կաթկթացող արյունից վարդեր էին բացվում: 
-Վարդածղի-վարդամատն Աստղիկ, առաջակում եմ Վարդավառը նշել Անձեւաց գավառի Պաղատ լեռան վրա: 
-Մայր - Ծովի - Նար - Խաթուն, -ընդհատեց Միհր - Մհերը, -ավելի ճիշտ ու նպատակարամար չէ՞ տոնն անցկացնել Աշտիշատի Աստղկան Տաճարում՝ ՙՎահագնի Սենյակում՚, որովհետեւ տոնը նվիրված է նաեւ Վահագնին՝ սիրո խորհրդանիշ զույգին. 
-Կարելի է, պնդեց Նանեն, -նույնիսկ կարելի է տոնն անցկացնել Զանգեզուր՝ Խուստուփի փեշերին: Բայց ինչ - որ տեղ Միհրը ճիշտ է: 

ԺԶ 

...Խավարուկը մոտենում էր, եւ աստվածները պատրաստվում էին գնալ: 
-Սիրելինե՜րս, -գոհունակ ձայնով աստվածներին դիմեց Մեծ Մայրը: 
-Չափազանց ուրախ եմ, որ ընդունեցիք հրավերս ու եկաք ինձ ուրախացնելու: Մեր միասնությունը աստվածներիս հաղթանակի գրավականն է: Գնա՜ք բարյավ: Գնացե՜ք խաղաղությամբ: Եվ թող Անահիտիս Մայրական օրհնությունը իջնի ու թագավորի բոլորիդ վրա ու ամենքիդ հոգիներում: Հույսով եմ՝ ո՜չ, վստա՜հ եմ, որ կհանդիպենք Վարդավառին: ...Եվ աստվածները դուրս գալովՏաճարից՝ ամեն մեկն իր զույգ աղավնիներն արձակեց, որպես ազատության ու մաքրության խորհրդանիշ: 
Ցրոն օրվա Ճառագայթյալ ժամն էր: Միհրը ոտքով հաղթահարել էր մի ամբողջ ճանապարհ եւ վերջապես հասել Աղջաղլա Յայլերի թագավորի քաղաքը: Տեսավ, որ քաղաքի բոլոր բնակիչները սեւ են հագել եւ լաց են լինում: Երկար պարզաբանումներից հետո վերջապես Առյուծ Մհերը իմանում է սգո պատճառը: Պարզվում է, որ քաղաքի մոտ գտնվող սարի քարանձավում, որտեղիցքաղաքի ջուրն է գալիս, վիշապ է մտել, փակել աղբյուրի ակը եւ կտրել ջուրը: Եվ ամեն անգամ, որպեսզի մի քիչ ջուր տա, վիշապը մի աղջիկ է ուզում: Յոթ օր է, ինչ քաղաքը ծարավ է: Այդ օրը թագավորի աղջկա հերթն էր, նրան պետք է տան վիշապին, դրա համար էլ քաղաքը սուգ է մտել: Միհրը գնում է այդ քարանձավը եւ պատվիրում քաղաքացիներին թագավորի աղջկան բերել այնտեղ:Միհրը գնում, կանգնում է քարանձավի մոտ. այնտեղ են բերում սեւ հագած թագավորի աղջկան: Երբ վիշապը տեսնում է աղջկան, դուրս է սողում քարանձավից, որպեսզի աղջկան կուլ տա: Մհերը քաշում է թուրը, վիշապի յոթ գլուխն էլ թռցնում: Գլուխներից թանձր կրակ ու ծուխ է բարձրանում: Միհրը սպանված վիշապին քարայրից գլորում է ցած, անմիջապես քարայրից պղտոր արնաջուր էհորդում ներքեւ, ապա աստիճանաբար սկսում է զուլալվել: Մարդիկ ուրախությունից իրենց ջուրն են նետում, խմում, զվարճանում: 
Թագավորի դուստրը արնաջուր գալու պահին ձեռքը թաթախում է արյան մեջ, խփում Մհերի մեջքին, վերադառնում պալատ: Թագավորը, աղջկան տեսնելով, շատ է ուրախանում, հարցնում է, թե ինչպե՞ս է ազատվել, ո՞վ է ազատել: Աղջիկը ոչինչ չի պատասխանում: Թագավորը կարգադրում է գտնել վիշապ սպանողին՝ խոստանալով աղջկան կնության տալ նրան: 
Շատերն եկան ու ներկայացան թագավորին, ասելով, որ իրենք են վիշապին սպանել: Արմաղանը բոլորին հետ է դարձնում, բացահայտում նրանց սուտը: Ահա եկավ Մհերը: Թագավորը հարցնում է. -Դո՞ւ ես իմ աղջկան ազատել: 
-Ես եմ ազատել, -ասում է Միհրը: -Իմ սրով վիշապի յոթ գլուխն եմ թռցրել: 
Թագավորը նրան էլ չի հավատում: Երբ Մհերը շրջվում է գնալու, Արմաղանը նկատում է նրա մեջքին դրոշմված իր ձեռքի արյունահետքը, մոտենում է Միհրին, բռնում թեւից, ներկայացնում հորը: 
-Հա՜յր թագավոր, այս տղան ինձ ազատեց, ես պետք է նրա հետ ամուսնանամ: 
Հայրն ուրախանում է, Արմաղանին տալիս է Մհերին, Միհրն էլ առնում է Արմաղանին ու բերում Սասուն եւ նրա հետ ամուսնանում: 

ԺԷ 

...Գիշերվա Խոթափյալ ժամն է: 
Քնած է երկինքն ու երկիրը: Միայն Արան է, գլուխն ափերի մեջ առած, պտտվում իր Արա - Գահի շուրջը: Նրան մի կասկած էր անընդհատ տանջում: 
-Եթե գնամ... Իսկ եթե չգնամ... 
Դեռ այդ միտքն էր տանջում Արային, երբ արագասլաց քայլերով նրան են մոտենում Սանասարն ու Բաղդասարը, եւ հաղորդում, որ Շամիրամի զգլխիչ ցանկասիրությունը դեռ չի հանդարտվել, եւ նա կրկին Արարատա աշխարհ է ուղարկել իր դեսպաններին. 
-Ներս կանչե՜ք դրանց, -հրամայեց արքան: Նինվեյան դեսպանները մտան պալատ ու Արային մեկնեցին թագուհու զմռսված նամակը: 
Բացեց: 
Արան, որ մինչ կարդալը մտածում էր, թե նորից հանդիպելու է վավաշոտ թագուհու սիրո հրավերի խնդրանքին, հանկարծ անակնկալի եկավ. 
«-Կարդացի նամակդ եւ սաստիկ զայրացա ու հիմա սպառնում եմ քեզ ոչնչացնել, հիմնահատակ կործանել երկիրդ, եթե հրաժարվես կատարել սիրահարիս կամքը, եւ չգաս տեսության: Արա՜, եթե ապառաժված գոռոզությամբ դեռ չկամենաս ընդառաջել իմ բարի եւ հույժ ներողամիտ առաջարկին, ապա դու ինձ կհանդիպես կռվի դաշտում եւ իմ դեմքի վրա կտեսնես ոչ թե սիրո ժպիտ, այլ՝պատերազմական կնճիռ: Ես կփշրեմ ոգիդ, թեպետ պաղ երկաթ է նա: Բաբաներիս թափով քինախնդիր կխորտակեմ բերդերդ, փղերով կտրորեմ քո բարձրաքիթ լեռների ծաղիկը: Քանի որ դու խոհեմ չեղար իմ կողքին բազմելու, պիտի կանգնես իմ դեմ իբրեւ շղթայակապ գերի...» 
(արխիվ) 
Նամակը ավարտելուց հետո այսպես ասաց ասորաց դեսպաններին եւ ետ ուղարկեց. 
-Դյութական մշուշը փարատվեց, այդ նենգությունը մերկությամբ կանգնած է մեր դեմ: Շամիրամն ազատ բարեկամից գերադասում է կամակատար բարեկամին... Վերադարձե՜ք Նինվե եւ բարբառեք Շամիրամին, թե Արան սիրում է իր Նուարդին, պատրաստ է նրա անեղծ պատիվը պահպանել: Եվ բարբառեք, որ Արան սովորություն չունի գոռոզ ոճի խոնարհության ոճովպատասխանել: 
(արխիվ) 
Շամիրամը կրկին ու կրկին պատգամավորներ ուղարկեց Արայի երկիր: Երբ պատգամավորները շատ անգամ երթեւեկություն կատարեցին, եւ Արան չհամաձայնեց, ապա Շամիրամը, սաստիկ չարանալով, պատգամավորությունը դադարեցնելուց հետո վճռական որոշում է մեծաքանակ զորքի բազմություն հավաքել եւ շտապել, գնալ-հասնել երկիր Նաիրի՝ Արայի վրա: 
Գիշերավար օրվա Արագոտ ժամն էր եւ Արփողն արդեն մոտենում էր: Խորհրդավոր լռության միջից հանդարտ քայլերով արքային է մոտենում թագուհին եւ շշունջով խոսում Արային. 
-Սիրելի՛ս, գիտեմ, թե դժվար է այն, ինչի մասին, որ խորհում ես: Ես ամենեւին էլ արգելք չեմ լինի, չեմ դառնա արգելք: կարող ես ուղարկել քո դեսպաններին եւ Զորացյալին հանդիպման հրավիրել Ասորաց թագուհուն: Ինձ համար միեւնույնն է, ես վստահ եմ, որ չես դավաճանի թագուհուս հայոց ու չես նվիրվի Նինվեյան պոռնիկին: 

ԺԸ 

...Ու Արան արեց այնպես, ինչպես ցանկացել էր իր սիրասուն Տիկինը հայոց: 
Հանդիպումը նշանակվեց Վանա ծովի ափերից դեպի երկինք խոյացող Արտոս լեռան սպիտակափայլ գագաթի կանաչազարդ փեշերին: 

ԺԹ 

...Զորացյալը մոտենում էր: 
Մոտենում էր եւ ժամը հանդիպման: 
Արան մինչեւ ատամները զինված իր ասպարազեն հեծելազորի հետ հանգստանալու պատրվակով հանգրվանեց Մոկս գետի ափին: Ու նա, որ չէր ուզում տարբերվել իր զինակից ընկերներից, հագնվել էր ճիշտ այնպես, ինչպես իր կոփված ռազմիկները, որպեսզի Շամիրամին փորձի, թե արդյո՞ք սիրում է իրեն, թե՞ պարզապես ցանկանում է իր միջոցով, բռնի ուժով տիրանալ Նաիրյանաշխարհին: 
Արան բարձրացավ Արտոսն ու հայացքն ակնապիշ հառեց Սղերտին: 

Ի 

...Բացվող օրվա հետ սպիտակում է հորիզոնը: 
Հեռվում ուրվագծվում է Ասորեստանի վավաշոտ թագուհու գայթակղիչ մարմինը: Եվ Արան տեսավ, որ նա մենակ է ու հրամայեց իր զորքերին ետ քաշվել, որպեսզի Շամիրամի բաղձալի տեսակցությունը կայանա խաղաղ միջավայրում: 
Մինչ Արան այդ հրամանն էր իրագործում, Միհր-Մհերը հանկարծ նկատեց, որ Սղերտի հարավ-արեւելյան դարպասների մոտ հավաքվել են ասորաց բանակի ոչ սակավ զորագնդեր ու սպասում են թագուհու հերթական հրամանին: 
-Արքա՜, Շամիրամը խաբեց մեզ: Ապա նայի՜ր արեւելք, Սղերտի դարպասների մոտ: Արքա՜, անառակը խաբել է: 
-Հանգստացի՜ր, Մի՜հր: Զինավարժ որդինե՜ր Նաիրյան, առա՛ջ... արա՛գ... Նաիրյան քաջեր: Անառակը խաբեց մեզ: 
Ու այրուձին սրընթաց առաջ սուրաց դեպ Սղերտ: Շամիրամը չհասցրեց նույնիսկ ողջունել իր երազների անկրկնելի հերոսին եւ ասել, թե. ՙՍիրո՜ւմ եմ Արա, սիրո՜ւմ եմ քեզ՚: 
Քաջորդիները, հասնելով ասորիներին, մտան սարսափելի գոտեմարտի մեջ: 
Բազմազանգված էր ասորաց բանակը: Այն կազմված էր հիսուն ցեղերից, որոնք եկել էին իրենց արքաներով ու զորավարներով. նրանց թիվն անցնում էր հինգ հարյուր հազարից: Նրանք զինված էին տեգերով ու պարսատիկներով, սրով, աղեղներով եւ բազմաքանակ նետերով: Ունեին անթիվ ռազմակառքեր, բաբան եւ աշտարակ՝ Ինդուսից բերված հիսուն մեծամարմին փղեր: Բայցորքան Շամիրամի դեմքից կարելի էր գուշակել, նա իր բազմամբոխ բանակով շտապում էր ոչ այնքան Արային սպանել կամ հալածել, որքան նվաճել կամ իր ձեռքը գցել, որպեսզի իր ցանկությունը կատարի, որովհետեւ մոլեգին կիրքը նա տռփանքով սիրահարվել էր Արային: Եվ դա ոչ միայն Նինոսի հետ ամուսնանալուց եւ, մանավանդ, նրան գահընկեց անելուց հետո, այլեւ շատ ու շատտարիներ առաջ, երբ դեռ ինքն աղջիկ էր: Նա երբեք չի սիրել Նինոսին, նրա սիրո առարկան ուրիշ անձ է եղել եւ գտնվել է Հայոց բարձրադիր աշխարհում: Եվ եթե նա հետեւել է Նինոսի Նաիրի երկիր կատարած արշավանքներին, ապա անհանգստացել է ոչ թե Նինոսի ճակատագրով, այլ Արայով, նրա ուշքն ու միտքը Արան է եղել: Իսկ այժմ ասորական զորագնդերով փութով եկել է հասելԱրայի երկիր, որ նրա անունով կոչվեց նաեւ երկիր Այրարատա եւ կանգնել է զորքի դեմ դիմաց: 
Հայոց բանակի կայծակնային հարվածներից ասորական զորքը բաժանվում է հատվածների: Ճակատամարտը ծանր էր: Ինքը՝ մոլեգնած արքան, իբրեւ ահռելի պտուտահողմ, ռազմակառքով, կռվի խորքերը մխրճվելով, թրով հնձում է աջ ու ձախ: Զորքի աջ թեւը փախչում է հուսալքված: Այդ պահին ասորիները մարտի են նետում փղերին: Հայոց զորքն ու Արան նեղվում են: Շամիրամըտեսնում է այդ եւ մահվան սպառնալիքով հրամայում զորականներին, չսպանել Արային, այլ բռնել ու կենդանի բերել իր մոտ: 
Հայկական զորագնդերը քաջաբար հարձակվում են փղերի վրա: Փղերը սոսկահար փախչում են: Արան իր երկսայր սրով մեջտեղից կտրում է տուրտանական փղի կնճիթը եւ ապա սուրը նրա որովայնը մխրճում: Այն պահին, երբ նա զբաղված էր սուրը կենդանու որովայնից դուրս քաշելով՝ վրա են հասնում Շամիրամի զորականները եւ նետահարում: 
-Արային չսպանե՜լ, նա ինձ կենդանի է պետք: Ինչքան հնարավոր է զգո՛ւյշ: Աղաչո՛ւմ եմ, -աղեկտուր ձայնով զորքին դիմեց Շամիրամը հարբած: 
Բայց արդեն ուշ էր: Արան ընկել էր արյունահեղ մարտում: Չկար Ար - Արան, ու կարծես երկինքը փլվեց Շամիրամի անառակ աշխարհի ապականված գլխին: Մթնեց աչքերն ու սարսափից գոռաց. 
-Վե՛րջ... Կա՜նգ առեք... Հերի՜ք է... Չե՜մ ուզում տեսնել ձեզ: Հեռացե՜ք: Հեռացե՜ք Նինվե... 
Հաղթությունից հետո տիկինը դիակապուտներ է ուղարկում ճակատամարտի դաշտ՝ փնտրելու իր ցանկալի տարփածուին: Արային հոգեվարքի մեջ հասցնում են Շամիրամին ու դնում նրա առաջ: 

ԻԱ 

...Մշուշը պատել էր, գրկել բովանդակ աշխարհ: Ծուխն համբառնել էր, պատել Արեգակ: 
Այլայլված քայլերով մոլոր Արային մոտեցավ թագուհի Շամիրամն ու շվարած ընկավ Գեղեցիկի դիակի վրա: Գրկեց նրա արյունածոր գլուխն ու խնդրեց նրան. 
-Արա՛, Գեղեցի՛կս, բացիր աչքերդ, սիրելի՛ս: Քեզ պաղատում է Շամիրամդ Մեծ: Ես կխելագարվեմ լռությանդ պատճառով: Խոսի՜ր Արա: Ապրի՜ր, դու իրավունք չունես մահանալու, երբ ես այդ չեմ ուզում, երբ ես դեռ կամ: Աչքերդ բա՜ց, նայի՜ր, այս ես եմ, քո Աստրադը... խոսի՜ր, գոնե միայն մի խոսք: Արան, մի կերպ բացելով աչքերը, հազիվ շշնջում է. 
-Մնաս բարով, Նուա՜րդ: Եվ ապա հանգչում: 
-Աստվածնե՜ր, փրկեք սիրելիիս: Կխելագարվեմ, այո... այո... Կնետեմ ինձ Վանը: Էլ ում եմ պետք առանց Արայի: Ապրում էի նրանով, երազում ու սպասում էի նրան, թե մի պայծառ օր կգրկեմ ու կողողեմ բյուրավոր համբյուրներով ու կայրվեմ նրա մարմնի ջերմությամբ: Եվ հիմա, հիմա հակառակն է: Աստվածնե՜ր, աղաչո՛ւմ եմ, օգնեք Արայիս հարություն առնելու: 

ԻԲ 

...Գիզակն արդեն մոտենում էր, բայց Շամիամը դեռ չէր ավարտել իր մենախոսությունը: Լուսաբացին, ՙշամբշոտաշուրթ՚ թագուհին հրամայեց իր պալատականներին, որ Արայի դին տանեն թագավորանիստ Նինվե եւ դնեն ապարանքի վերնատանը: Ապա կանչեց Առլեզներին եւ խնդրեց նրանց, որ լիզեն Արայի արյունաքամ վերքերն ու հարություն տան նրա գեղատեսիլ շինվածքին:Առլեզները շատ ջանացին, Գեղեցիկին հարություն տալու համար: Բայց փրկելն անհնար էր, նեխել էր մարմինը Հայոց Արքայի: Ու Շամիրամը սպասում էր, դեռ չէր հուսահատվել: Գիտեր թե... 

ԻԳ 

...Արայի մահվան բոթն արդեն ցնցել էր երկիր Նաիրին: 
Աստվածներն ու աստվածուհիները խմբվել էին Դերջան գավառի Արամազդանիստ պալատում: Հայրը լուռ էր: Չգիտեր ի՞նչ, ի՞նչպես... 
Ապա բարձրացնելով գլուխը՝ տխուր հայացքը հառեց Վահագնին, հետո՝ շրջվելով իրեն շրջապատող քաջերի կողմը, այսպես խոսեց. 
-Հիշեցե՜ք Հայկին, որ բուռն քաջերով դեմ կեցավ Բելին հոգին անխռով: Վիշապաքա՜ղ, կրակ թափիր Նինվեի վրա: Քաջքե՜ր, հալածեք անառակին, գցե՜ք Սանդարամետն անդնդոց: Թող գնա՜, կորչի՜: Ձեզ կմիանան նաեւ Տորքը Անգեղյա եւ այրուձին Հայկյան: Եվ ահա գոտիս, որպես ծիածան, ձեր մեջքին թող սուրբ վահան լինի: Գնացե՜ք ավերով ու վերադարձե՜ք խաղաղությամբ: 

ԻԴ 

...Զորագունդը պատրաստ է եւ սպասում է Վահագնին: Վիշապաքաղ - Արեւորդին Աստղիկի հետ առանձնացել էր Եփրատի ափերին: 
...Կարծես էլ չէին հանդիպելու հավիտեանս: Վիշապաքաղը անվերջ համբուրում էր Աստղիկի մեղրածոր շուրթերն ու խնդրում, որ աղոթի առ փրկություն: 
-Ամենաչքնա՜ղ Աստղիկս, աղոթք արա, աղոթի՜ր, աղոթի՜ր, որ փորձանքը շրջանցի մեզ: Միայն աղոթքով կարող ենք փրկվել ամենածանր վիճակներից: 
-Կաղոթե՛մ սիրելի՜ս, կաղոթեմ հրափայլ հոգուդ համար, որ փրկվի, չկորչի, ապրի դարերում: 
-Աստղի՜կ, ճակատագի՛րս: Առանց քեզ ի՞նչ է անմահությունը: Հավիտենական պաշտամունքս: Սիրում եմ, Սիրո՛ւմ եմ սիրելի՜ս: 
-Իմ սիրառատ հոգին քեզ անպայման, անպայման կօգնի, որ վերադառնաս հաղթական եւ մենք կրկին միասին լինենք: 
-Աստվածուհի՛ս... Համբուրելով Աստղիկի մետաքսանման շուրթերը՝ խոսեց Վահագնը, -Ինչ անո՛ւշ է սոխակ լեզուդ: Ինչ գեղեցիկ են ծիծաղախիտ աչքերդ: Թո՜ղ սիրելիս, թող աչքերիդ նայելով մոռանամ ինձ, մոռանամ ամեն-ամեն ինչ: Մոռանամ ամբողջը՝ աչքերիդ նայելով: Գիտեմ, որ նրանք միշտ հետեւում են Արեւորդուս ու հարկի դեպքում համոզված եմ, որ օգնության կգան եւ չենլքի, չեն թողնի մենակ: 
-Այո՜, սիրելի՜ս: Նրանք միշտ քոնն են, քեզ են պատկանում, Վիշապաքաղիդ: Եվ միշտ քո հետ կլինեն, միշտ քո կողքին, նույնիսկ կյանքիդ ամենածանր ակնթարթներին: Օ՛, Տե՜ր: Տե՜ր, մի արասցե... 
-Աստղի՜կ, հոգյակս, ուշ է, բանակը սպասում է ինձ: Ինձ է սպասում նաեւ Շամիրամի մահը: 
-Գնա՜, գնա հավիտենական սերս, գնա խաղաղությամբ: 
-Մնաս բարյա՛վ, գեղեցիկ Աստղիկս: 
Ապա կարոտի հայացք գցեց աստվածուհու արցունքակոխ աչքերին, ուր կարծես խոստումներ կային, եւ որոնք լուռ հետեւում էին Վահագնի հեռացող ստվերին ու գնաս բարով մաղթում Վիշապաքաղին: 

ԻԵ 

Ու թամբեց Կրակը Քուռկիկ Ջալալին: Հրեղեն սուրը զարկեց ժայռ- ապառաժին: Բյուր կտոր եղավ ապառաժը հսկա ու թռավ երկինք: Գնաց, գնում է ու դեռ կգնա... 
Ապա լեռնանման հսկաներին առաջնորդեց Ասորեստանի սիրտ Նինվե: 
Երբ հսկայաբար քաջազունքն անցան Ասորաց սահմանը, սկսեցին ավերել այն ամենը, ինչ պատկանում էր անառակին: 
Լաց ու կոծն ընկավ ասորաց մեջ: Խառնաշփոթ էր եւ պալատում: Գույժը հասել էր Շամիրամ թագուհուն: 
-Տե՜ր աստվածներ, ինչ անեմ հիմա: 
Էլ ճար չկար: Թագուհին ինքը որոշեց դուրս գալ եւ կասեցնել ավերը: 
-Հսկա դյուցազունք, -խոսեց Շամիրամ, -դադարե՜ք, խնդրում եմ, դադարե՜ք ավերն ու ականջալուր եղե՜ք թագուհուս խոսքին: Ես՝ Ասորաց աշխարհիս Շամիրամ թագուհին հրամայեցի իմ աստվածներ Առլեզներին, որ փրկեն Արայիս արդեն նեխած դին: Հարություն տան նրան, լիզեն վերքերն ու փրկեն երազս: Բայց զուր էր: Ամեն ինչ իզուր: Ու անմխիթար մնալով նրա կորստի համարաստվածներիս հրամայեցի, որ Արքաս Գեղեցիկ փոխադրեն երկինք, որ մաքուր մնա: Մնա անաղարտ: Որ չպղծի նրան հողը պղծված: Արան երկինքն է, եւ ողջ է Արան: 
-Պոռնի՜կ թագուհի, էլ բա՜վ է ստես: 
-Մի՜հր: Բնության բիրտ ուժ, խնդրում եմ մի քանդիր արդեն իսկ քանդված հոգիս: Խողխողում է խոսքդ եւ հիմնահատակ ավերում: 
-Դե ե՜կ, անառա՜կ: Իջի՜ր պալատից, թե չէ կքանդեմ բերդդ անառիկ: 
-Ի՞նչ կանես, Անգեղ: Հա՛, հա՛, հա՛,հա՛... ծիծաղեց թագուհին, -բերդս կքանդի՛... ապա մի պահ դադար առավ ու նորից շարունակեց. 
-Դե փորձի՜ր, Անգե՜ղ, թե որ հաջողվի ինքնակամ կգամ, թող Քաջքերն ինձ շղթայակապ տանեն ու նետեն սանդարամետը Սպանդարամետի: Ու ներս ընկավ ասորաց պոռնիկ թագուհին: Մտավ պալատն ու կողպեց դուռ, երդիկ, դարպաս, պատուհան: Զայրացավ Անգեղը: Վեր ելավ մի քարի, որ կանգներ ամուր: Ծանրությունից պողպատ ոտքերը քարի մեջ խրվեցին: Հսկան հենց որժայռին ձեռք գցեց, որձաքարն անգամ տեղից վեր պոկվեց: Եվ ահագին կորովով սարը տեղից շարժեց ու ծանր, ամուր քարերը բերդն ի կողմ նետեց: Խարխլվեց ասորաց բերդն անառիկ: Թնդաց երկինքն ու հողը: Ու հողը դողաց, դղրդյունն ընկավ բովանդակ աշխարհ: 
Միհրը, որ դեռ հեծած էր Հրեղեն ձին, փորձեց իջնել: Ու երբ ոտքերը գետնին հպվեցին, խրվեց հողի մեջ: Հազիվ բռնվեց ապառաժ ժայռից՝ դուրս քաշեց հողից մարմինը խրված: Դուրս եկավ, տեսավ, Տեսե՜ք, ի՞նչ տեսավ: Երկու ձեռքերն են դաջվել ժայռաքարի ապառաժ սրտին: Այս տեսան նաեւ ասորաց զորքեր: Տեսավ Շամիրամ, դող անցավ մարմնով, լեղաճաք եղավ: Ապրեցհավիտենական սարսափն ահազդու: Եկավ ու ընկավ ոտքը Վահագնի: Թողություն խնդրեց, խնդրեց, որ ներեն: Էլ չուներ փրկություն անառակ Շամիրամ: Քաջքերն անմիջապես շղթայակապ արին: Քարշ տվին, տարան երկիր Նաիրի: Տարան, որ նետեն սանդարամետն անդնդոց ու խորտակեն... Այրուձին ավերեց ողջն ու Նինվեն: 
Ապա իրենց հետ վերցնելով Արայի դին՝ հետապնդեցին Քաջքերի ճկուն սլացքին: 
Վերադարձան Նաիրի: 
Բազմաթիվ հալածանքներից հետո չարանենգ ոգիները Շամիրամի պարանոցից կապեցին ջրաղացի քարն ու նետեցին վիհը սանդարամետ եւ ուլունքներն էլ դեպ ի Վան նետին: Ծովը փրփրեց ու ալեկոծվեց անառակի կախարդանքից: Երկիրը ցնցվեց ու երկրաշարժ եղավ: Պատռվեց գետինն ու կործանվեց Նինվեն: 

ԻԶ 

...Մայրամուտն իջավ, գրկեց սար ու ձոր: Նստած էր հայրը պալատում՝ գահին: Դիակը ձեռքին այլայլ քայլերով, տխուր ներս մտավ քաջ Արեւորդին: Վեր ելավ տեղից Մեծն - Արարիչ: Վիշապաքաղը, դին ձեռքից ցած դնելով, խոնարհվեց Արարչին ու ստանալով օրհնություն՝ հուզված ձայնով այսպես խոսեց. 
-Տիրակա՜լ, ամեն ինչ արեցինք Գեղեցիկին փրկելու համար, բայց արդեն ուշ էր: Ու՜շ էր, Արարիչ: Նույնիսկ ասորաց Առլեզներն արդեն անուժ էին դարձել, որ լիզեն Արան ու փրկեն արքան: Բայց... 
-Լա՛վ... -Ընդհատեց Արամազդը: Երկար խորհեց Մեծն-Տիրակալ: Սկսեց հուզված տրորել կնճռոտված ճակատը: Կարծես թե ցանկանում էր ելք փնտրել հարության: Արամազդ - Արարչի ուժն էլ էր կորել: Դիակն էր նեխել, էլ հնար չկար: Ելք չկար արդեն: Ժամերն անցնում էին վայրկյանի նման: Բայց դեռ Արարչին մի միտք էր տանջում, թե ի՞նչ... եւ ինչպե՞ս... ծնկի եկավ Մեծն - Արին,աջը դրեց արյունաքամ Արայի գլխին ու. 
-Վե՜ր կաց, Արա՜, ել ու կանգնի... 
Ձայն չկա, լուռ է Արամազդը: Տխուր է Ագնին... 
Հանկարծ շնչահեղձ ներս ընկավ Նարն ու ճեղքեց պալատում տիրող անդորրը: 
-Հա՜յր, քեզ լուր եմ բերել երկրիս հեռվից: 
-Հանգստացի՜ր Նար, ինչ է պատահել... 
-Տիրակա՜լ, այն ժամից, ինչ Շամիրամի ուլունքները նետեցին ծիծաղախիտ Վանը, դեռ չի հանդարտվել ծովն ալեկոծված: Փոթորկվում է դեռ, ընդերքից ցնցվում: Շամիրամն ու Արան երկնքից-երկիր իրար հետ զրուցում, իրար են կանչում, տենչում են միմյանց: 
-Ի՞նչ ասացի՜ր, Նար, կենդանի՞ է Արան: Ագնի, լսեցի՞ր: Ուրեմն ճիշտ էր անառակ թագուհին, թե երկինքն է Արան, -ժպտադեմ հայացքն ուղղելով Արամազդին ասաց Հուր - Ագնին: 
-Կենդանի եւ ողջ է մեր Տեր արքա Արան: Արան երկնքում է: Շամիրամն անվերջ Սանդարամետից Արա է կանչում: Անվերջ զրուցում: Շուտ, շու՜տ հասնենք Վան, Վահագն ու Ծովինար: Ողջունենք Արա Գեղեցիկին անմահ: 
Եվ նրանք արագ դուրս գալով պալատից՝ շտապեցին Մայր Ծովակ: Եթերն ամպել էր: Լուսինը մնացել էր մշուշի ետեւում: Դղրդում էր երկիրը: Ծովն ալեկոծվում, քամիներն անցում էին հյուսիսից-հարավ: Գոռում էր երկինքը, անձրեւ տեղում... 
Ու լուռ էին աստվածները: Ապշած լսում էին Արա - Շամիրամ երկխոսությունը: 
-Չեմ դավաճանի ես իմ Նուարդին, որքան էլ դյութես, օ՛ Շամիրա՛մ: 
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ 
-Արա՜, ների՜ր ինձ, իմ կամքից վեր էր: Չէ՞, որ սիրում էի, հիմա էլ Արա՜, սիրում եմ, սիրում: Ա՛խ, աստվածնե՜ր, այս ինչ փորձանք էր: Ինչ հիմա՛րն էի: Ինչո՛ւ... Ինչո՛ւ... Ինչո՛ւ... Չգիտեմ, չէ, չգիտեմ, օգնե՛ք, օգնե՜ք թագուհուս հասնեմ արքայիս: Ա՛խ սիրելի՜ս, չգիտես, թե առանց քեզ որքան անտանելի է ինձ համար... 
-Ես աչք չունեմ քո հող-թագին, եկ, Շամիրամ, այս գիշեր, 
Ա՛՝խ, սիրել եմ ուզում կրկին, եկ, Շամիրամ, այս գիշեր, 
Ես Արան եմ, Գեղեցիկի հազարերորդ թոռն եմ թուխ, 
Թե դեռ վարդ կա քո շրթունքին, եկ, անթառամ, այս գիշեր, 
Ես կարոտ եմ քո գգվանքին, եկ, տարփանամ այս գիշեր, 
Մարմին կուզե իմ խենթ հոգին, եկ, խենթանամ այս գիշեր, 
Հրաբորբոք այնպես գրկեմ, որ Արային մոռանաս, 
Մի գառ դառնաս դու իմ գրկին, եկ՝ գայլանամ այս գիշեր: 
Քո շուրթերից ծծեմ գինին ասուրական դաշտերի, - 
Հարբած ընկնեմ քո բաց կրծքին՝ եկ՝ մեղրանամ այս գիշեր: 
Շամբշոտանալ կուզե հոգիս ըմբոստաշատ մի գրկում, 
Ես ուզում եմ անկուշտ մի կին, եկ, ցոփանամ այս գիշեր: 
Մի բուռ սիրտս ծովացել է մի ցոփ կնոջ կարոտով,- 
Նազուկ մեջքիդ ցոփ եղնիկին՝ եկ, վագրանամ այս գիշեր: 
Ձյունի կարոտ կրակներդ կրակ կրքով կմարեմ, 
Եկ, ծովանամ քո տարփանքին, եկ, հովանամ այս գիշեր: 
Ես Արան եմ... Եկ Նուարդիս գեթ մի անգամ ես դավեմ,- 
Որ ներըմպեմ դարիս ոգին, եկ, շնանամ այս գիշեր: 
Արեւ կրքով հասիր, ցրիր արցունքներս աստղացած, 
Որ նման բորբ այս լուսնակին՝ որբ չմնամ այս գիշեր: 
Բեր Վանա ծովն աչքերովդ, ծով գիրկն ընկնեմ, հովանամ, 
Գեթ պատկերը բեր իմ աչքին, եկ, ծովանամ այս գիշեր: 
                                                                                ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ 
                                                                   «Շամիրամ» կրճատումներով 
-Այո՛, -կամացուկ ձայնով ասաց Արամազդը, -գնանք, Վիշապաքաղ: Գնանք չխանգարենք: Չխանգարենք նրանց: 
...Գիշերվա թանձր խավարն անձրեւային հորդ եղանակով էր պատել Վասպուրական աշխարհը: 
Հեռավոր մշուշի միջից հազիվ ուրվագծվում էր երկնաբերձ Սիփանը: Խավարը համառորեն չէր զիջում լույսին: Ամպրոպ ու մառախլապատ լեռան բարձր գագաթից վերջապես հաղթական ծագեց Արուսյակը: Մշուշը շատ էր, եւ արեւը թաց ու սառը աչքերով էր նայում երկրին: Արան երկինքն է, Շամիրամն՝ ընդերքում: 

ԻԷ 

...Արեւի ժպտադեմ ճառագայթներից սպիտակում է եւ Ծովք լիճը: 
Լճի կանաչազարդ ու ծաղկախիտ ափերին նստել է Աստղիկը: Նստել է մենակ, սոսենու ճյուղը ձեռքին ու երգում է լուռ: 
Մարգարիտի պես գունատ է դեմքը Աստղիկ դիցուհու: Հանդարտ քայլերով նրան է մոտենում Վահագնը ու անվերջ կրկնում. 
-Գեղուհիներու էն գեղունին քու քղանցքիդ առջեւ 
իր խունկը եւ իր ծաղիկը պիտի թափե, 
Եվ կեղծիքին Տաճարները պիտի քանդենք՝ 
քու Տաճարդ կերտելու համար 
Ժպտե այրի ցեղը վերջապես կանաչ պիտի հագնի, 
եւ դառնասիրտ թշնամին՝ սեւ... 
                                                                          ՍԻԱՄԱՆԹՈ 
-Աստղի՛կ, սիրելիս: Ինչ գեղեցիկն ես: Ես սիրում եմ քեզ: 
Աստվածուհին երգն ընդհատելով՝ սոսու ճյուղը դեն նետեց, անհագիստ կերպով վեր թռավ տեղից: 
-Փա՛ռք աստվածներին, անսահման ու հավիտեան փառք անմահներին: Գիտեի, Արեւորդի, գիտեի, որ գալու ես: Սպասում էի, սիրելիս: Գիտեի, որ կգտնես ինձ: Ով քա՜ջ իմ Վահագն, աստվածահայր քաջ զորության: 
-Ա՛խ, Աստղիկ, Աստղիկ: Աստղի՜կ, աստվածուհիս: 
Կարոտալի գրկելով Աստղիկի սլացիկ մեջքը՝ իր հոգու ամբողջ ուժով սեղմեց աստվածուհուն իր կարոտած կրծքին: 
-Իմ միակ մխիթարանք: Սիրո իմ նոր մագաղաթ: Իմ սուրբ հավատամք, իմ կյանք: Իմ լույս ու ջերմություն: 
-Ինչ եմ առանց քեզ, սեր իմ սիրառատ: Քնած թե արթուն, երազներս միայն քեզանով են լցված: Սիրելի՜ս, Աստղիկ, չգիտեմ ինչեր եւ ինչպես ասեմ: Շուրթերիս անվերջ անունդ է փայլում: Աչքերիս անհունը քեզնով է լցված: Ինչպես եւ ինչպես կարող եմ չսիրել քեզ, աստվածուհիս, դու չքնաղ ես, հրաշք ես, Աստղի՜կ: 
-Ինչ լավն ես, սեր իմ: Սուրբ սիրտն իմ գիտեր, որ կգաս: Սպասում էի գիտե՞ս... 
-Այո, Աստղի՜կ, չէի կարող չգալ, ինչպես կարող էի: Ում է պետք իմ կյանքն առանց քեզ, սիրելի՜ս: Իմ աշխարհի միակ բնակիչ: Դու ապրում ես սրտիս ու աչքերիս մեջ: 
-Սե՜ր իմ, ի՜մ Ագնի, ուզում եմ օծել քեզ, ողողել բյուրավոր համբույրներով: Ուզում եմ այրվել քո ջերմությամբ, ինչպես այրում են հասարակածի ճառագայթները Արեգի մայրամուտից ակնթարթներ առաջ: 
-Աստղի՜կ, չքնաղ գեղուհիս, հալվել եմ ուզում ոտքերիդ տակ. ուզում եմ համբուրել կոխածդ հողը, ուզում եմ արեւը որպես պսակ դնել լուսաշող գլխիդ վրա: Ուզում եմ աստղեր ցանել ճանապարհներիդ: Ուզում եմ ծնկել ոտքերիդ առաջ ու վերջանալ, պարպել, հատնել ու հալվել լռության մեջ: 
-Վահագն, իմ կյանք, իմ հոգի, ես սիրում եմ, սիրում եմ քեզ, բոցավառ աչքերդ, ուր հազար ու բյուր արեւներ են հրդեհվում, հազար ու բյուր, բյուր ու հազար արեւներով բոցավառ աչքերդ հրդեհում են հոգիս, հոգիս այրում: 
-Պաշտելի՛ս, պաշտամունքս... մոռացե՞լ ես, ինչ է: Այսօր քո տոնն է, սուրբ օրն այս քոնն է, քե՜զ է պատկանում: 
-Ո՜չ, սիրելի՜ս, -ցուրտ ձայնով խոսեց Վարդածղին: -Չեմ մոռացել: Ուղղակի գիտե՞ս ներսս փոթորկվում է: Հոգիս փլատակվել է: Նուարդը, Ագնի՜: Նուարդը, Նուարդ... Ա՛խ, Արա, Արա, Ա՛խ արքա Արա: 
-Ի՞նչ սիրելիս, Աստղի՜կ, ի՞նչ: Նուարդը ի՞նչ, -անհամբեր բռնելով գեղուհու վարդամատն ձեռքերը՝ բոցավառ հայացքն ուղղեց նրա թախծոտ աչքերին: 
-Իմ կրակ ասպետ, Նուարդը գժվել է... Արքայի մահը շատ ցավացրեց թագուհուս հոգին: 
-Սիր՜լիս Աստղիկ, եկ, արի գնանք, գնանք թագուհու մոտ: Օգնենք նրան, փորձենք... Ով գիտե, եւ ով գիտի միգուցե... Մեկ էլ տեսար... 

ԻԸ 

...Մազդեղ օրվա Հուրթափայլ ժամն է: 
Աստղիկն ու Վահագնը հասան Եփրատի ձախ ափին փռված ծաղկաշատ Դութաղի դաշտ: Արածանու զանգերգուն ձայնը տարածվել է Կոտեւանից մինչեւ Նպատ: Աստվածն ու աստվածուհին բարձրացան Ծաղկանց լեռները եւ ապշած դիտում էին փափկասուն թագուհու արդեն իսկ մոլեգնած բիրտ ու խելագար շարժն ու ձեւը: 
Հուսահատ թագուհին վարսերն էր պոկում, աչքերն էր հանում, թքում էր հողին, կուրծքն էր ծեծում, լազուրն անիծում, մերթ համրանում էր, մերթընդմերթ... 
-Դե խոսե՜ք, լեռնե՜ր, լեռներ հայրենի, 
Ալեհեր Մասիս քո Սիս եղբոր հետ, 
Նաիրյան Բինգյոլ՝ լեռ իմ ծերացած: 
Ձե՞զ ինչ պատահեց: Ձեր ուժն ուր կորավ: 
Ա՛խ, ուր ես, Արա: Ա՛խ, Արա, Արա... 
Նեմրո՛ւթ իմ ոսկյա, դե խոսի՜ր, օգնի՜ր, աղաչում եմ... 
Խոսի՛ր Սիփանա հսկա լեռ իմ հնօրյա, 
Ձայնի՛ր Մարութա սար իմ Սասնա: 
Հո՛ղ, երկինք ու ծով... Հառաչեք: Շառաչեք հողմեր, 
Թագավորն ընկել է, էլ չկա արքան: 
Ա՛խ, ուր ես Արա՜: Ա՛խ, Արա, Արա: 
Մուսա լեռ, Մռավ, Դաղոնք եւ Սիմասր, 
Տավրոսի սպիտակափայլ լեռներ վիթխարի: 
Ինձ չե՞ք ճանաչում, ի՞նչ է: 
Ես եմ, ձեր Նուարդ, Նուարդ թագուհին: 
Էլ Արան չկա, թագավոր չունեք: 
Ա՛խ, ուր ես, արքա: Ա՛խ, Արա, արքա: 
Դու էլ Վանա լիճ: Դու ի՞նչ կասես ապա... 
Եփրատ ու Տիգրիս, ինչո՞ւ եք լռում... 
Ալեկոծվիր, իմ Արածանի, փրփրադեզ Երասխ... 
Դե՜... 
Դե մի բան ասեք, գժվում եմ ահա: 
Ա՛խ, Արա, Արա: Ա՛խ, ուր ես արքա՜: 
Եվ դու Մեծ Զաբ, Զագրոշի արյուն, 
Քո ջրերո՞վ հոսեց արյունն Արայիս 
Գուցե դու՞ օգնես, 
Գուցե դու՞ խոսես... 
Դու՞ ասես գուցե... 
Ում եմ պետք այսպես մենակ ու լքված: 
Առանց թագավոր թագուհին ո՞ւմ է պետք: 
Ա՛խ, ո՞ւր ես, սե՜ր իմ: Ա՛խ, արքա Արա: 
Առնոս ու Անդոկ, Թոնդուրեկ հանգած, 
Արտոս, Սրմանց լեռ, Այծպտունք, Արագած, 
Ծաղկավետ, Սուկավետ, Կապուտաջիղ, Խուստուփ, 
Միհրավան, Աժդահակ... զորավիգ եղեք ինձ՝ թագուհուս: 
Սիրտս ջուր դառավ, երկինքս փլվեց երկրիս գխին: 
Արքաս ընկել է զինվորի մահով: Արդեն չեմ կարող: 
Հանգել եմ արդեն: Արդեն ինձ համար հոգնատանջ է, անտանելի: 
Սանդարամետ է ողջ կյանքս դարձել: Դադար եմ ապրում: Հոգիս մարում է ձեր լռությունից: Ո՞ւմ սրով ընկավ, ասե՜ք, այդ ինչպե՞ս... 
-Արեւը պաղ աղբյուրին 
Ընկել, կդողա, 
Ծարավ եմ քո համբույրին, 
Աչքի լույս տղա: 
Տղա, դու ո՞ւր ես, չկաս, 
Եկել եմ, արի՜, 
Իմ սիրտը ծարավ մի թաս, 
Դու աղբյուր սարի: 
Իմ սիրո հավքն ես, ազի՜զ, 
Ուրիշն է բռնում, 
Երազիս մեջ ես գալիս, 
Ու երազ դառնում... 
                            ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ 
                    «Սիամանթո եւ Խջեզարե»
Եվ լուռ էր Նուարդը՝ թագուհին երկրիս... 
Հանկարծ սպառվեց ուժը Նուարդի... ու... ուշաթափ ընկավ, ձուլվեց Մայր Հողին: Արագավազ քայլերով թագուհուն մոտեցան Վահն ու Վարդածղին: Վահագնը գրկեց թագուհու գլուխն ու թախծոտ նայեց աչքերի մարող երկնքին: 
-Նուա՜րդ, թագուհիս, դե բա՜ց աչքերդ: Դե վե՜ր կաց, Նուա՜րդ: 
Թագուհու արցունքաթաթախ կոպերը մի կերպ պոկվեցին կարմրաթուխ այտերից, ապշած նայեց Վահագնին: 
Բռնեց նրա ձեռքը եւ... 
-Ո՜վ Արեւորդի, -խոսի՜ր, գոնե դու խոսիր: Դե մի բան ասա: Ու՞ր է Ագնի, ասա, Ի՞նչ եղավ, ինչ եղավ Արան: Այդ ինչպե՞ս... Արան... 
-Խավարը զարհուրելի խրվել էր մեր լեռների սիրտը: Վկա է երկինքը: - Ոգեւորված սկսեց Վիշապաքաղը: 
-Դեւը կործանվեց: Տապալվեց անառակը, -Վիշապաքաղին ընդհատելով կնքեց ավետիսը Վարդածղի աստվածուհին: 
-Աստղի՛կ, երանի քո շուրթերին, որ ավետեց լուրն աստվածային՝ -շրջվելով Աստղիկին հազիվ լսելի ձայնով ասաց թագուհին: 
-Խենթության պահ էր... -շարունակեց Վահագնը: Սրով զարկված ընկնում էին զինվորները՝ վիրավոր,արյունաքամ: Ու մեկ էլ տեսնեմ, ի՞նչ ասեմ, Նուա՜րդ: Արան էլ ընկավ... ապշելու բան էր: Ասես շանթազեն ամպեր բախվեցին: Շա՛տ քաջեր ընկան... ո՞ր մեկին, որի՞ն թվարկել: Ո՞ր մեկին ասեմ... արքան էլ ընկավ... Բայց Նուարդ, ասեմ, անմահ է Արան... Երկինքն է արքան: 
-Վահագն-Վիշապաքաղ, Աստղիկ-Վարդածղի, շուտո՛վ, շատ շուտով ես էլ կգնամ, կգնամ երկինք, կհասնեմ Արայիս, կսեղմեմ արքաս կարոտավառ սրտիս ու անվերջ-անվերջ կհամբուրեմ ու կհարբեմ շուրթերի գինուց: Ա՛խ, սիրելիս, ընդունիր հոգիս: Ա՛խ, Արա, Արա... Ա՛ր - րա՛... 
Ու խոնարհեց թագուհին գլուխը հոգնած: Արա կանչելով հոգին ավանդեց: 
-Թագուհի՛...Նուա՛րդ... - գոռաց Վահագնը: 
-Հայուհի՛... թագուհի՛... Նուա՛րդ: Հայուհի՛, -ճչաց Աստղիկը: Դե շուտ, շուտ վե՜ր կաց, ե՜լ: Ե՜լ ու կանգնի՜ր, բա՜ց արա աչքերդ... 

ԻԹ 

Նուարդ թագուհին էլ աչքերը փակեց: Աչքերը փակեց, հոգին ավանդեց: Գնաց, գնաց ու հասավ Արա արքային: 
Վահագնը գրկեց թագուհու դին: Ապա հարմար դրեց սայլը բարձած դեզի վրա: Համբուրեց Նուարդի սառած ճակատն ու խնդրեց Աստղիկին, որ բարձրանա եւ նստի թագուհու դիակի մոտ: 
Ու Ագնին քշեց եզները հոգնած: Դուրս եկան Դութաղի դաշտից ու ճանապարհն ուղղեցին դեպի Աշտիշատ: Եվ երբ հասան Մնձուր-Բյուրակնյա Բինգյոլյան լեռնաշղթայի Սրմանց գագաթը, նրանց ընդառաջ ելան աստվածուհի Գիսանեն ու դից Դեմետրը: Նրանք Վահագնին ու աստվածուհուն հայտնեցին իրենց ցավակցությունը՝ Նուարդ թագուհու մահվան պատճառով: 
-Վարդամատն-Աստղիկ, -ասաց Գիսանեն: -Երկրիս աստվածները հավաքվել են բարձրագահ Արագածի երկնահաս գագաթին ու պատրաստվում են տոնել Վարդավառը: 
-Արամազդն ասաց, որ Արան աստվածն է Հարության եւ կկենդանանա ու չարժե Գեղուհու տոնն անցկացնել տխուր սգի մեջ, -ավելացրեց Դեմետրը: 
-Առավոտյան Ճառագայթյալն էր, -շարունակեց Գիսանեն: Ես ու Դեմետրը դեռ Քարքե լեռան գագաթին էինք: Մեկ էլ նկատեցինք, որ մեզ են մոտենում Վանատուրն ու Նանեն, Տիրն ու Ծովինարը: Նրանք հաղորդեցին, որ Արագոտին լինենք Արագած՝ Աստղիկիդ տոնը նշելու համար: 
-Վիշապաքա՜ղ, -խոսեց Աստղիկը: -Գնանք Աշտիշատ, դիցուհուս Մեհյան: Մի քիչ շունչ կքաշենք, վարդերով ու վարդաջրով կպատենք թագուհու դին: Ապա կբարձրանանք Ծովասարն ի վեր ու Նուարդին կամփոփենք, կհանձնենք Սեղանասարին եւ հետո ճանապարհ կնկնենք Արագած: 

Լ 

...Թաղանթյալին փոխարինելու եկավ Արագոտնը: 
Դիցերը հասան Արագած: Լեռան ստորոտում աստվածներին դիմավորեց հյուրընկալ Վանատուրը: Նա Գիսանեին ու Դեմետրեին ուղեկցեց մինչեւ գագաթ: Իսկ Աստղիկին ու Վահագնին հրավիրեց Արագածի լանջին գտնվող Իջեւանատուն: Այնտեղ էին գտնվում Միհրն ու Նանեն, Ծովինարն ու Արեգը: Ամեն մեկն իր աստվածային տուրքը մատուցեց դիցերին՝ նրանց վրա շաղ տալովվարդաջուր եւ ծաղիկներ, որպես հավիտենական սիրո եւ երջանկության խորհրդանիշ: Նրանք Աստղիկին փառաբանում էին, վարդե պսակներ նվիրում, հավերժական սեր ցանկանում՝ ի փառս Հայոց աստվածների ու Նաիրյան աշխարհի: 
Ապա Վարդածղին գուշակում է նրանց սիրո ծաղկունքը՝ վարդաջուր ցանելով աստվածների աչքերին: Հետո աստվածները զոհ մատուցեցին Աստղիկին՝ ձոներգերով, օրհնություններով: 
Այնուհետեւ նրանք իրենց աստվածային սիրո երգերով Աստղիկին ուղեկցում են քառանիստ Արագածի երկնաձիգ գագաթը: Այնտեղ նրանց էին սպասում Արամազդն ու Անահիտը, Ամանորն ու Գիսանեն, Հայկն ու Տիրը, Տորք - Անգեղն ու Դեմետրը: Երբ արդեն գագաթն էին, Աստղիկը օրհնեց կարմաթուխ խնձորներն ու բաժանեց բոլորին: Եվ թույլատրեց, որ այդուհետեւ ուտեն պտուղն օրհնած: 
Այստեղ Մեծն-Արին, վերցնելով գինով լի թասը, իր Հայրական օրհնությունը տվեց Աստղիկին՝ ասելով. -դիցե՜ր, սերը արիական աստվածների ու Արի ցեղի Արարիչ Հոր՝ Արայի էությունն է եւ Արայի աստվածային սերը մարմնավորում է Աստղիկը: Աստվածային սերն է, աստվածային զորության ուժը: Եվ Աստղիկն է իր այդ սիրով անընդհատ ոգեւորում ու զորացնում Վահագնին: Աստղիկն է աստվածային սեր պարգեւում Հայոց երկնքին ու Նաիրյան երկրին: Նա է սեր վառում աստվածների ու դյուցազունների, ժողովրդի հոգիներում, օգնում նրանց գտնելու մեկմեկու: Նա է ապահովում Հայոց երկրի նկատմամբ Նաիրյան երկնքի սերն ու գորովանքը: Եվ երբ նույնիսկ մենք՝ աստվածներս, միմյանց հետ գժտվում էինք, Վարդածղին էր մեզ հաշտեցնում: Հիշո՞ւմ ես, Հայկ: 
-Ինչպե՞ս չէ, Արարի՜չ: 
Այս Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, խիստ գանգուր մազերով, վարվռուն աչքերով, հաստ բազուկներով: Սա քաջ եւ երեւելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների եւ դյուցազունների վրա տիրապետելու: 
-Աստղիկի սիրով է հայոց եթերն ու հայոց աշխարհը երջանիկ: -Կրկին շարունակեց Մեծն-Արին: -Ահա թե ինչու ենք աստվածներս հավաքվել եւ տոնում Աստղիկի Սերը: Ահա թե ինչու ենք Գեղուհուն փառաբանում եւ վարդե պսակներ նվիրում: Հավերժական սեր ցանկանում ի փառս մեզ... ու Նաիրյան երկրի: Այսօր, չնայած տխուր ենք բոլորս, որ մեզ հետ չեն, մեր կողքին չեն Նուարդ թագուհին ու արքան Արա: Բայց այսօր հայոց աշխարհում Աստղիկիս աստվածային Սերն է թեւածում: 
Ապա մոտենալով Աստղիկին՝ գրկեց Գեղուհու նրբասլաց մեջքն ու սեղմեց կրծքին: Համբուրեց աստվածուհու մութ աչքերն ու շարունակեց. 
-Աչքերիդ երկնքի հեռուներում ծիրկաթիններ եմ տեսնում, որտեղ արեւներ են մեռնում: Վարդամա՜տն, ըմպում եմ գեղեցկությանդ ու անհուն սիրո կենացը, -ասաց Արարիչն ու նրան միացան աստվածներն անմահ: 
Խմեցին... 
Խմում են Աստղիկի ու Սիրո կենացը: 
Վահագնը մտամոլոր էր: Վեր բարձրանալով նստած տեղից, տխուր նայելով աստվածներին՝ շրջվեց Աստղիկին: Նրա թախծոտ դեմքին ժպտավառ լույս դողաց: Լացախառն ուրախությունը հազիվ էր ծորում Արեւորդու դեմքից: 
-Այսուհետեւ, -աստվածներին նայելով խոսեց Ագնին: Ապա շրջվելով Գեղուհուն՝ շարունակեց. -Ես ու դու Աստղիկ, հիմա ավելի հզոր ենք, ավելի վճռական, ավելի... Աստղի՛կ: Մոտենալով աստվածուհուն գրկեց նրա սլացիկ իրանը եւ համբուրեց գեղուհու սիրաբոց շուրթերն ու նայելով աչքերի կապտաբոց երկնքին, շարունակեց. 
-Երկնային գահիդ շուրջն են բոլորել 
Պերճանք, վայելում, խնդություն ու լույս, 
-Արդյոք կա՞ մեկը, որին չի գերել 
Քո գեղեցկության կախարդանքը կույս... 
Ամեն կողմերում լուսնոտների պես 
Քեզ են որոնում կարոտով անմար, 
-Արդյոք կա՞ մեկը, որ չտենչա քեզ 
Եվ չտառապի հայացքիդ համար: 
Լռում է կոչը մարտական փողի, 
Մեռնում է տխուր ամեն մի փափագ, 
-Դո՜ւ, իշխանուհին երկնի ու հողի, 
Բոլոր սրտերի աստվածը միակ... 
                                                   ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ 
-Վահագն, իմ լեռ, ես անհունորեն սիրում եմ քեզ: Ես պաշտում եմ քեզ ոչ միայն նրա համար, որ դու գեղեցիկ մասնիկն ես իմ սիրո աշխարհի, այլ նաեւ սիրում եմ նրա համար, որ դու հրաշք լեգենդներ ես ծնել իմ մանուկ հոգում ու հիմա, հիմա էլ դեռ շարունակում ես երկնել: Իմ սիրո աղբուրները քեզանից են ակունք առել: Դե, ուրեմն, ինքդ ասա, էլ ինչպե՞ս, ինչպես չսիրեմ, ինչպես չպաշտեմ քեզ, սիրելիս Վահագն: -Նայելով Վահագնի հրաբոց աչքերին՝ դողդողջուն ձայնով ասաց Վարդածղին: 
-Աստվածնե՜ր, ես ու Վահագնը շատ ջանացինք Նուարդ թագուհուն փրկել, բայց ավա՛ղ, սպառվել էր նրա ուժը: Նա էլ փակեց փայլփլուն աչքերն ու բարձրացավ երկինք: Գնաց իր սիրելի արքայի մոտ: Գնաց, որ սիրո ջերմով լցնի Արայի սիրտը, համբույր տա նրա սառած շուրթերին: Տաքացնի նրա մրսած հոգին: ես գոհություն եմ մատուցում Արամազդ - Արարչին, որ ինձ նվիրված այս սիրո Վարդավառը դիմավորեց ուրախությամբ, որովհետեւ գիտեք, թե որքան դժվար է այս օրերին նմանատիպ միջոցառումներ կազմակերպելը... 
-Շնորհակալ են Հայր, Մեծդ Արարիչ, -մոտենալով Արամազդին, այսպես խոսեց Վարդածղին ու համբուրեց Տիրակալի աջը: Ապա, նայելով Վահագնին, շարունակեց. 
-Շնորհակալ եմ եւ իմ սիրելիից, որ դժվար պահերին չլքեց Աստղիկիս: Եթե չլիներ Վահագնը, միգուցե ես այսպես... 
Գոհություն քեզ, օրհնություն Վիշապաքաղիդ: 
-Արամա՜զդ, հիշո՞ւմ ես Վահագնի ծնունդը: Տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ երկինքը, երկիրն ու ծովը բռնվեցին երկունքի ցավերով: Եվ երկնքից շառագունած Ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով դուրս եկավ պատանի Վահագնը: Հիշո՞ւմ ես, ծնվելուն պես ինչպես կռվի բռնվեց սեւ ու անմեհի վիշապների դեմ: Ինչպես սպանեց դրանց: Հիշո՞ւմ ես, Տիրակա՜լ, թե ինչպես ազատեց տիեզերքը կործանման սպառնալիքից, հիշո՞ւմ ես, այո՞: 
-Հիշում եմ, Անահի՜տ, ինչպես չէ: եվ դրա համար էլ նա՜ տիրեց, նա՜ իշխեց ամպրոպներին ու կայծակներին: Նա եղավ աստվածը ամպրոպ - կայծակի: 
-Տի՜ր - գուսան - դպիր, դե մի բան երգիր, Վահագնի քաջության համբավը գովիր: Երգ ասա Վահագնի ու նրա ծննդյան մասին: 
Արվեստագետը հայացք գցելով իր չորս կողմը նստածներին՝ տոնական բարեմաղթանք ասաց ու այսպես սկսեց. 
-Երկնէր երկին, երկնէր երկիր, 
Երկնէր եւ ծովն ծիրանի, 
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ. 
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, 
Ընդ եղեգան փող բոց ելաներ, 
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ. 
Նա հուր հէր ունէր, 
Բոց ունէր մօրուս, 
Եւ աչքունքն էին արեգակունք: 
                                                          ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ 
-Վահագնը եկավ, աստղերից հյուսված թագն իր գլխին, բոցե թիկնոցն իր հաղթ ուսերին, ձախ բազկի վրա Խաչ Պատերազմին՝ ձուլված Արեւից, աջ ձեռքին բռնած հազար ու հազար Արեւով կռած իր Թուր - Կեծակին: 
«Արորդիների ուխտ»  ՍԼԱՔ ԿԱԿՈՍՅԱՆ 
-Ապա Շարունակեց. 
Ի՞նչ մայր է ըզքեզ բերեր, 
Ի՞նչ դայեկ ՝ ըզքեզ սնուցեր: 
Քեզ եղն ի սարին՝ բերեր 
Ու շահին բազան սնուցեր. 
Լուսինն՝ քեզ ծիծ տվեր. 
Արեգակն է դադրեցուցեր. 
Քամին՝ տարուբեր արեր: 
                       ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ 
Ծափահարեց Նանեն: Ծափահարեցին Հայկն ու Անգեղը: Լուռ էր Անահիտը: Մտախոհ էր Միհրը: Աստղիկի թախծոտ բիբերը փայլեցին սիրո հրով: Ժպտաց Վահագնը: Վարվռուն հայացքը խոհուն հառել էր Աստղիկին: Կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց... 
-Արեգակի բոցակեզ ջերմություն, այրող ու կորստաբեր տապի հզոր աստված, մեր սիրաշող սրտերը կօգնի, անպայման կօգնի, որ նրանք պայծառակերպվեն: 

ԼԱ 

...Լուռ էր Արամազդը: Լուռ էին աստվածները: Հանդարտ էր Աստղիկը: Ավելի շատ մտախոհ, քան երբեւէ: 
Հանկարծ... 
Վեր բարձրացավ նստած տեղից, մոտեցավ Տիրակալին ու համբուրեց նրա ստեղծագործ աջը: Եվ խնդրեց, որ իր հետ միասին աղոթեն: Հետո հանդարտ քայլերով բարձրացավ Արագածի ամենասլացիկ գագաթն ու ծնկի եկավ մի ապառաժի դիմաց: Ձեռքերն ուղղեց կապտաթաթախ եթերին ու անլսելի ձայնով շշնջաց... մանուշակագույն, մանուշակաբույր աղոթք մրմնջաց: 
-Իջե՜ք երկնքից, իջե՜ք մեր մեջ: Ուժ տվե՜ք հողիս՝ սոսիներին սնելու համար: Սիրով ողողեք երկինք ու երկիր: Ժպտացե՜ք ծաղիկների հետ ու հպարտ եղեք, անխորտակ, ապառաժասիրտ լեռներիս նման... Իջե՛ք... Իջե՛ք երկնքից... 
Ու բարձրանալով՝ կանգնեց երկնասլաց գագաթների արանքում եւ կրկին աղոթեց: Մերթընդմերթ ընդհատելով՝ նայում երկնքին, ինչ-որ բան էր ճշտում եւ նորից շարունակում: 
Հանկարծ փոթորկվեց երկինքը: Հողմեր փչեցին: Եթերը շանթեց: Ու անձրեւ տեղաց: Ամպերն իջան ու գրկեցին Աստղիկին: Ապա առասպելներով ոսկեզօծված՝ կապտակամար երկնքից զորության ահռելի ուժով երկիր պոկվեցին թագավոր Արան ու թագուհի Նուարդը: 
Նրանք կանգնեցին աստվածուհու ձախ ու աջ կողմերում: 
Սեւ-մութ ամպերի ետեւից ժպտալով դուրս եկավ Արեգը: Աստվածները խոնարհվում են Սիրո Երրորդության առաջ ու փառաբանում, գովերգում, ցնծում: Մշուշը ցրվեց, հողին թողնելով թագավորին ու թագուհուն: 
Արամազդն ապշած էր ու հիացած: Սակայն զարմանքն ավելի զորեղ էր: 
Ապա Աստղիկը համբուրեց նախ՝ թագուհուն, ապա՝ Արային: Նրա գլխին սոսապսակ դրեց եւ տվեց արտամետյան կարմրավառ խնձոր՝ իբրեւ ուխտ սիրո եւ հավատարմության: Հանկարծ պատռվեց երկինքն ու երկու սպիտակաթույր աղավնիներ գեղասուն թռիչքով իջան, նստեցին Գեղեցիկի ու Հայուհու ուսերին: 
-Աստղի՛կ, դու հրաշք ես, աստվածուհիս, -ասաց Արարիչը խորհրդավոր շշունջով: 
-Սիրո՜ աստվածուհի: -Խոսեց թագուհին: -Ջուր տուր ինձ մի քիչ, ծարավս հագենա, հովանա հոգիս: 
Աստղիկը վերցրեց վարդաջրով լի սափորն ու տվեց Նուարդին: 
-Խնդրեմ թագուհի՜, խմի՜ր Սուրբ Ջրից, ծարավ չկենաս: 
Ու խմեց թագուհին ջուրն անմահական: Խմեց, հագեցավ ծարավն անասական: 
-Կարոտել էի ջրին Բինգյոլյան: -Ասաց թագուհին ու ժպտաց մեղմիկ: 
Ու ժպտաց նաեւ Աստղիկ դիցուհին: 
Աստվածները զարմանքից ու զմայլանքից շունչները պահած, լսում էին նրանց զրույցը: Արան խոնարհվեց աստվածների առաջ ու այսպես խոսեց. 
-Իմ սիրելիներ, հոգիս ցավում է, որ ձեզ հետ չեմ այլեւս: Ձեր կողքին չկա Արաս ու Նուարդ, բայց իմացե՜ք, միշտ Հայոց երկնակամարից հավիտյան կհսկենք Երկիրս Հայոց, թե որ անգամ մի բան պատահի, իսկույն հրեշտակած բանակը կիջնի: Միշտ խաղա՜ղ եղեք, ապրե՜ք միշտ հանգիստ եւ թող բարին երկրին տիրի: 
Եվ ուրախությունից հրճված՝ շարունակեցին աստվածները հայոց իրենց խնջույքը՝ նվիրված գեղեցկությանն ու սիրուն: Ապա Տիրը, որ իմաստությունների, Արամազդի գրիչն ու Աշտիշատի գիտությունների ուսուցման Մեհյան - Դիվանի տերն ու երազահան գուշակն է, կրկին անգամ բամբիռն առնում ձեռքերի մեջ ու այսպես սկսում. 
-Աղջիկս, եկո՜ւր քեզ տանիմ... 
Վըճիտ աղբյուրն Հըրաշքին... 
Ո՛րքան մարգրիտ ակին մեջ. 
Եվ գուռին մեջ ո՛րքան լույս... 
Երգ մըն է ան՝ մենության մեջ գըլգըլուն՝ 
Որուն ի լուր մայր բնությունը շուրջի 
Գիշերվան մեջ կþ ավշավետի, կը մեղմե 
Ծըլարձակման աշխատանքն իր ծանրակիր... 
Ըմպե՜, աղջի՜կս ըմպե՜... 
Այս ջուրը ջինջ Աստվածամոր արտոսրով 
է քաղցրացած, -թախիծդ ընդհուպ կբուժե, 
Նորեն այտերդ գինիի մեջ թաթախված 
Շուշանի պես՝ պիտ՜ բուրեն 
Գեղ եւ առույգ թարմություն... 
Եվ աղբյուրին ձոնելու 
Նըվերդ ահա, կը տըրոփե ափիս մեջ,- 
Տատրա՛կն է այս Աստղիկին, 
Վարդ կտուցով, փետուրներով ձյունաթույր... 
                                                                ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ 
                                                                       «Հրաշքին Աղբյուր»
-Շնորհակալ եմ Տիր, գրչության աստված: 
-Աստղիկ, տիրուհի, երբ իմաստունն աստված Տիրն երգն այսպես կազմեց քո մասին, ակամայից վերհիշեցի իմ Սասնա Ծռեր որդիների ծննդյան հրաշքը: 
Ասպես էր ահա: 
-Ասաց Ծովյալ Խանումն ու պատմեց դեպքը հրաշքի վերացած: 
-Էդ են ժամանակն էր, երբ ես դուրս էի եկել զբոսանքի եւ հանկարծ շատ ծարավեցի ու ջուր չկար խմելու: 
Խնդրեցի Բարձրյալից, որ մի աղբուր բուսըցնե, որ խմեմ ծարավս հագենա: 
Նայեցի տեսա՝ մեկ ջոջ քար կա ծովու պռունկ, 
Սպիտակ աղբուր մի էդ քարից կը թալի... 
Ես իմ շորեր էհան, գնացի էդ աղբուր, 
Բուռ էտու էդ անմահական աղբըրի մեջ, 
Մի բուռ լիքը ջուր խմեցի, 
Մեկ էլ մի բուռ կիսատ: 
Էդ երկու բուռ ջրից հղացա... 
Ժամանակը լըմընցավ, 
Էրկու տղա բերեցի. 
Մեկըն թամամ, մեկըն կիսատ: 
Ջոջ տղիս անունն դրեցի Սանասար, 
Պստիկինն էլ՝ Բաղդասար: 
                                        ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ 
Եվ ահա հիմա տեսնում եք, թե՜ Սանասարին եւ թե՜ Բաղդասարին: Հսկաներիս ջրածին, որոնք պատրաստ են իրենց կյանքը նվիրել հայրենիքի փրկությանը: 
-Այո, Ծովահարս Փերին, Ալենույշ Ծովյան, Ծովինար Խանում: Իսկապես դու ճիշտ ես: Իրոք, որ նրանք իսկական նվիրյալներ են: Եվ երբեք չեն երկնչում իրենց վճռի առաջ: -Ասաց Լեզվանի Արձագանք Հավերժահարսը: 
Արեւոտ օր էր, բայց միգապատվեց: 
-Աստվածնե՜ր հայոց, մենք կգանք նորից: Նորից միասին կլինենք շուտով: 
-Մեզ մի մոռացեք, աստվածնե՛ր հայոց: 
Այսպես խոսեցին երկրիս պայծառակերպված թագն ու թագուհին: Ու հողից պոկվելով՝ ելա՛ն, բարձրացան ի վերն երկինք: Ձուլվեցին կապույտի սպիտակ ամպերին: Գնացին, որ վերից նայեն Մայր Հողին: 

ԼԲ 

...Խավարած ժամն էր: 
Մութը փորձում էր պատել սարին ու ձորին, հողին ու ջրին, դիցուհիներին ու աստվածներին: 
Ամպերը վերացան երկինք՝ իրենց հետ տանելով Նուարդին ու արքային: 
Աղջամուղջը մոտենում էր: Աստվածները պատրաստվում էին հրաժեշտ տալ միմյանց: 
Թաց լուսինը կրկին հայտնվեց թխպոտ երկնքում: 
Արամազդն ու Անահիտը մնալու էին Արագածի փեշին՝ Իջեւանատանը: 
Գիսանեն, Դեմետրը, Միհրը եւ Ծովինար-Նուրին հեռացան Տարոն աշխարհ: Գիսանեն ու Դեմետրը բարձրացան Քարքե լեռը, որի գագաթը ընդարձակ որսատեղ էր զովասուն բուսականությամբ առատ: 
Տորք Անգեղն ու Տիրը, Հայկն ու Նանեն գնացին դեպ Նաիրիի հարավային կողմը՝ Անգեղատուն: Ամանորն ու Վանատուրը գիշերն անցկացրին Ճորոխ գետի ափերից երկինք խոյացող Խախտյաց լեռնաշղթայի փեշերին: 
Եվ Միհրն ու Ծովինար-Նուրին՝ դեպ Սիփանն ի վեր: Վիշապաքաղն ու Վարդածղին գիշերը հանգրվանեցին Աշտիշատի Աստըղկան Տաճարի Վահագնի Սենյակում: 
Լուսնկա գիշեր էր: Բավականն իջել է, պատել Նաիրին: Եվ Գիզակն հազիվ է իր տեղը զիջում Լուսաճեմին: Մեղմ զեփյուռը, հեռուներից փչելով, հասնում է Աստըղկան Տաճար եւ հանդարտ շոյում Սիրո Թագուհու ոսկեծամերը, որն անհամբեր նեկտար է քաղում Վիշապաքաղի բոցավառ շուրթերից: 
Գիշերավերջի գունատ լուսինը խնկահոտ ցոլք էր թափում համբուրվող զույգի վրա: 
Լիալուսնի հազիվ թրթռացող լույսը գծագրում է Հայկական Տավրոս լեռնապարը: Անդոկի սպիտակաթույր գագաթը փայլփլում է լուսնի հանգչող ճառագայթներից: 

ԼԳ 

...Իսկ այս գիշեր մի զարհուրելի հողմ ու շառաչող անձրեւ տեղաց լեռնաշխարհի գլխին: 
Անահիտի Մեհյանի վրա երկինքը ջարդուփշուր էր լինում: Թնդում էր ու վայրի մոլուցքով Հրաչք խփում Վահագնի արդեն կիսափուլ Սենյակի ճակատին: 
Դերիկի գլխին կործանման մռայլ ամպեր էին կուտակվել: Քանդվել էր եւ Արամազդի Տաճարը: Փլվել էր նաեւ Աստղիկ աստվածուհու Ծիծեռնակաբերդը: 
Երկնքից թափվող հորդ անձրեւը ծեծում էր երկրի հողե կուրծքը: Փայլածուի եւ Այգի բախման ամենաթեժ պահին, երբ աշխարհի վրա բացվելու էր եւս մեկ օր՝ Աստղիկի օրը, խավարը համառորեն պայքարում էր, չէր զիջում լույսին: 
Անձրեւը չէր դադարում: Մեղրագետը վարարել էր: Հեռուներից լսվում էր նրա ալիքների ծփանքը: Նրանք, մեկը մյուսի ետեւից գալիս, խփում էին սարահարթի ափերին, շառաչում, աղմկում... 
Երբ դեռ արեւ չկար ու երկնքի սարսուռը նոր - նոր էր փոխվում ամպագոլ թրթիռի, նոր-նոր էր ջերմանում հորիզոնը, Կոտոր լեռների հետեւից հաղթական տեսքով երկինք է ձգվում ճաճանչափայլ Արեգն ու ոսկեգույն ներկում Նեմրութի արծաթազօծ գագաթը: 
Զորացյալի գունատ ցոլքերով, հազարամյա ձյուներով ծածկված այս վսեմաշուք լեռը, շքեղ հրավառվում է լուսաբացի մեջ: Ու այդ ամենից բազմապատկվում է նրա հմայքը եւ նա դառնում է առավել գեղեցիկ ու հմայիչ... 

ԼԴ 

...Սարալանջին նստել էր Նանեն: Նստել էր մեն-մենակ: Շվար ու խոհուն հայացքը հառել Ծովասարին եւ լո՛ւռ շշուկով վարդագույն, մանուշակաբույր երգ էր մրմնջում վաղորդայնի ու բնության զարթոնքի մասին: 
Երգում էր: Ու լռեց, ինչպես երկինքն է լռում անձրեւելուց հետո: Խավար աչքերը բոցավառվեցին: Դողալով վեր կացավ՝ ձեռքերը երկինք կարկառեց, հրացայտ հայացքը մխեց փարատվող խավարից արդեն նշմարված լեռների աղոտ եզրագծերին: Ապա, շրջվելով Ծովասարին, ինքն իր մտքում եւ հետո բարձրաձայն կրկնեց. 
-Դու հավերժական ես, լե՜ռ: Քո շքեղությամբ դու միշտ մնալու ես աշխարհում: 
Հետո... 
Այնուհետեւ հիշեց անցած գիշերվա աղետաբեր կայծակն ու խեղդամահ փոթորիկը: 
-Երկնքից թափվող հորդ անրեւը ծեծում էր երկրի հողե կուրծքը: Երեւի... Երեւի դառն աշխարհի քնած խիղճն էր ուզում արթնացնել... Օ՛, խիղճ իմ... 
Իսկ ահա Մհերը-Միհր, 
Զձին առավ, քաշեց էկավ, 
Հասավ Վանա մոտ սարի մի տակ: 
Մեկ քար մի պատահավ էդոր: 
Էդ քարին Վանա քար կ՜ասեն: 
Ագռավաքար կ՜ասեն էդ ժայռին: 
Ասաց. ՙԿանգնի, իմ թուր զարնեմ էդ 
քարին, թե կտրեց, ես չեմ մեղավորցեր. 
Թե չը կտրեց, մեղավորցեր եմ՚: 
Թուր որ էզար քարին, Քար երկու կողմեն փեղկվավ, 
Ինք, իր ձին գնացին մեջ. 
Քար էկավ, իրար կպավ: 
                                                      ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅՐԵՆՆԵՐ 
Մհերը ժայռից դուրս կգա այն ժամանակ, երբ հին աշխարհը քանդվի եւ մեկ էլ շինվի, երբ անարդարությունը աշխարհից վերանա, բարիքների առատություն լինի՝ գարին դառնա ընկույզի չափ, ցորենը՝ մասուրի: Երբ հողը դառնա արդար, դիմանա նրա ոտների տակ: 
Անիծված Ծկակ թռչունն էլ ահա երկրորդ անգամն էր ծարավը հագեցնում: Թույն դարձավ ջուրը, թարախ դարձավ խմածը: Թռավ ու գնաց: Գնաց դեպ հեռո՛ւ անհայտություն: 

ԼԵ 

Կեսօր էր: Արեւն արդեն թեքվում էր դեպի մայրամուտ: 
Մեղմ զեփյուռը փչելով՝ հասնում էր Մայր գետի փրփրադեզ ափերն ու ողողում ուռենուն թիկն տված քանդակագործ - քարակոփ վարպետի՝ Տորք Անգեղի երանելի խաղաղություն ապրող դեմքը: 
...Արեւն արդեն իջել է սարի ետեւը: 
Հորիզոնը ծածկվեց մութ ամպերով: Իրիկնամշուշը գրկեց լիալուսնի թխալույս մարմինը: Քարակոփը սուզվեց սեւաթույր, խորհրդավոր գիշերվա մեջ: Մտասույզ նայեց խավարին, որի միջից դուրս էր լողում տխուր ու գեղեցիկ Վարագա լեռը: Խոշաբի զրնգուն ձայնը տարածվել էր ամբողջ մթում: Քարակոփը ոտքի կանգնեց, բարձրացավ ժեյռոտ լեռան կատարին, հայացքն ուղղեց Արտամետի փլված ու կիսափուլ Տաճարներին ու գետի կարկաչուն ձայնին խառնեց իր խռպոտ ասելիքը. 
-Դուք կրկին պիտի հառնեք: Դուք նորից պիտի բարձրանաք: Ես հարություն եմ տալու ձեզ, իմ Սուրբ Տաճարներ: Իմ եղունգները ձեր քարերի վրա են մաշվելու: Իմ շուրթերը կրկին համբուրելու են ձեր սրբալույս ճակատները: Դուք նորից պիտի երկինք խոյանաք: Ձեր խորաններում կրկին լսվելու է Տիր աստծո Նավասարդյան մեղեդին: Ձեր Զոհասեղաններին նորից է մատուցվելու ցուլն ու ոչխարը, միրգն ու գինին: Դուք կրկին կանգնելու եք Մայր Հողի վրա ու ազատ երկնքի առաջ: Փա՛ռք ձեր խոնարհված քարերին: Հավիտյանս փա՛ռք: 
...Սպառնալի՞ք էր, թե՞ երդում, որ բարձրադիր լեռան կատարից իր խռպոտ ձայնով մռնչաց վարպետը: 

ԼԶ 

...Գիշերային այս համատարած խավարի մեջ պա՛րզ ու միապաղաղ տարածվում էր Տորք Անգեղի մուրճի հաստատուն թրխկոցը: 
Շինում է... 
Կառուցում է խոնարհվածը: Օր - օրի, քար - քարի բարձրանում են Արամազդի ու Անահիտի, Վահագնի ու Աստղիկի ավերված Տաճարները: Նանեի ու Տիրի, Հայկի ու Ծովինարի կիսափուլ Մեհյանները: 
...Տաճար են, մարմարե ճերմակ տաճար, ուր ներսում կրկին լույս ու մեղեդի են տարածվելու: Թխակապույտ խորաններից մեղեդի ու լույս են բխելու... 
...Իսկ այն գիշեր երկինքը զայրացած ծեծում էր երկրի հողե կուրծքը: Տաճարների գլխին կախվել էին մթագնած ամպերը: 
...Բայց Տորք Անգեղը շինում էր ավերվածը, Տաճար ու Մեհյան, Բագին- Զոհասեղան: 

ՀԱՅՈՑ ՏՈՄԱՐԻ ԱՄՍԱՆՈՒՆՆԵՐԸ 
ՆԱՎԱՍԱՐԴ. Հայոց հին տոմարի առաջին ամիսն է, կազմված է ՆԱՎ (նոր) եւ ՍԱՐԴ (տարի) բառերից եւ նշանակում է նոր տարի: Նավասարդ ամիսը սկսվել է օգոստոսի 11-ին եւ վերջացել սեպտեմբերի 9-ին: Հին հայերի համար այս ամսվա 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն: 
ՀՈՌԻ. Ամիսը սկսվել է սեպտեմբերի 10-ին եւ վերջացել հոկտեմբերի 9-ին: Այս ամսանունը, ըստ պատմագիր ու տոմարագետ Վանական վարդապետի (1181-1251թթ.), առնչվում է ՀՈՐ բառի հետ: Դա հավանաբար կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ մարդիկ իրենց հավաքած բերքը՝ ցորենը, գարին, գինին, եւ այլն... ամբարում էին հորերում: Ըստ ակադեմիկոս Ստ. Մալխասյանի, ՀՈՌ-ի նշանակում է Ուռի ամիս, այսինքն՝ որթատունկի, այգեստանի ամիս: 
ՍԱՀՄԻ. Ամիսը սկսվել է հոկտեմբերի 8-ին, վերջացելնոյեմբերի 8-ին: Ըստ Վանական վարդապետի, ՍԱՀՄԻ անունը առնչվում է Սահմանել բայի հետ, որովհետեւ իբր այդ ամսում էր սահմանվում ձմռան նախապատրաստական աշխատանքների կատարումը: Ըստ ակադեմիկոս Ստ. Մալխասյանի, ՍԱՀՄԻ նշանակում է սերմանց ամիս: 
ՏՐԵ. Հայոց տոմարի չորրորդ ամիսն է սկսվել է նոյեմբերի 9-ին եւ վերջացել դեկտեմբերի 8-ին: Այս ամսանվա ծագումը կապում են հայոց դպրության աստված ՏԻՐԻ անվան հետ: 
ՔԱՂՈՑ. Ամիսը սկսվել է դեկտեմբերի 9-ին եւ վերջացել հունվարի 7-ին: Այս անունը կապում են ՔԱՂԵԼ բայի հետ: 
Հր. Աճառյանը գտնում է, որ ՔԱՂՈՑԸ կազմած է ՙանասնոց խառքն՚ բառերից (քաղ նշանակում է նոխազ, արու այծ) եւ կապված է անասունների զույգավորման ամսի հետ: 
ԱՐԱՑ. Հայոց տոմարի վեցերորդ ամիսն է, սկսվել է հունվարի 8-ին եւ վերջացել փետրվարի 6-ին: Վանական վարդապետը այս անունը գրում է ԱՐԱՆՑ, որովհետեւ սա այն ամիսն է, երբ ձյունապատ լեռներով ու բլուրներով միայն արանց (տղամարդիկ) կարող են ճանապարհ գնալ: 
ՄԵՀԵԿԱՆ (ՄԵՀԵԿԻ). Սկսվել է փետրվարի 7-ին եւ վերջացել մարտի 8-ին: Վանական վարդապետն այդ ամսանունը կապում է տարվա այն ժամանակի հետ, երբ տունկերն ու բույսերը գտնվում են դեռեւս մեռյալ, ձյունաթաղ վիճակում: 
ԱՐԵԳ. Հայոց տոմարի ութերորդ ամիսն է, սկսվել է մարտի 9-ին եւ վերջացել ապրիլի 7-ին: Ամսանունն առաջացել է ԱՐԵԳԱԿ բառից: Այդ ամսին արեգակի զորությամբ արթնանում է բնությունը: Խոր անցյալում, երբ հայերն իրենց տարեգլուխը՝ նոր տարին սկսում էին բնության զարթոնքին՝ գարնան առաջին ամսին, ԱՐԵԳԸ եղել է հայոց տոմարի առաջին ամիսը: 
ԱՀԵԿԱՆ. Ամիսն սկսվել է ապրիլի 8-ին եւ վերջացել մայիսի 7-ին: Ամսանունը առնչվում է ԿՐԱԿ, ՀՈՒՐ բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ: 
ՄԱՐԵՐԻ. Ամիսն սկսվել է մայիսի 8-ին եւ վերջացել հունիսի 6-ին: Ըստ Վանական վարդապետի, դա այն ժամանակն է, երբ ՄԱՅՐԻՔ (ծառերը) կանաչում են ու տերեւակալում: 
ՄԱՐԳԱՑ. Ամիսն սկսվել է հունիսի 7-ին եւ վերջացել հուլիսի 6-ին: Անունը կապում են ՄԱՐԳ բառի, այսինքն՝ խոտհնձի, խոտհարքի հետ: 
ՀՐՈՏԻՑ. Հայոց տոմարի տասներկուերորդ ամիսն է, սկսվել է հուլիսի 7-ին եւ վերջացել օգոստոսի 5-ին: Անունն առաջացել է ՀՈՐ բառից, որովհետեւ ամիսը համնկնում է տարվա ամենաշոգ ժամանակին: 
ԱՎԵԼՅԱՑ. Հայոց տոմարի տասներեքերորդ (լրացուցիչ) ամիսն է, ունեցել է հինգ օր՝ հասարակ տարիներին, վեց օր՝ նահանջ տարիներին: Սկսվել է օգոստոսի 6-ին եւ վերջացել օգոստոսի 10-ին: ԱՎԵԼՅԱՑ նշանակում է ավելացած՝ տարվա 12 ամիսներից ավելացած օրերը: Ենթադրվում է նաեւ, որ հայոց ամսանունները դիցաբանական ծագում ունեն: Որոշ տոմարագետներ գտնում են, որ հայոց տոմարի ամսանունները կոչվել են Հայկ աղեղնավորի 12 ուստրերի եւ դուստրերի անուններով: 

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ 
Հին հայերը առաջնորդվել են Բուն Հայկա թվականով, որի տարին ուներ 12 ամիս (յուրաքանչյուրը՝ 30 օրով) եւ 13 - րդ (լրացուցիչ) մեկ ամիս (5 օրով): 
Ահավասիկ Բուն Հայկա օրացույցը. 

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՆՈՒՆՆԵՐԸ 
Անուններ են ունեցել նաեւ հայկական ամսվա բոլոր 30 օրերը եւ Ավելյաց ամսվա 5 օրերը: Ահա դրանք. 
1. ԱՐԵԳ                                     16. ՄԱՆԻ 
2. ՀՐԱՆԴ                                   17. ԱՍԱԿ /ԱՍԱԴ/ 
3. ԱՐԱՄ                                    18. ՄԱՍԻՍ 
4. ՄԱՐԳԱՐ                               19. ԱՆԱՀԻՏ 
5. ԱՀՐԱՆՔ                                 20. ԱՐԱԳԱԾ 
6. ՄԱԶԴԵՂ                                21. ԳՐԳՈՒՌ /ԳՐԳՈՌ/ 
7. ԱՍՏՂԻԿ                                 22. ԿՈՐԴՈՒԻՔ /ԿՈՐԴԻ/ 
8. ՄԻՀՐ                                        23. ԾՄԱԿ 
9. ՁՈՊԱԲԵՐ                               24. ԼՈՒՍՆԱԿ 
10. ՄՈՒՐՑ                                   25. ՑՐՈՆ /ՍՓԻւՌ/ 
11. ԵՐԵԶԿԱՆ                              26. ՆՊԱՏ 
12. ԱՆԻ                                         27. ՎԱՀԱԳՆ 
13. ՊԱԽԱՐ /ՊԱՐԽԱՐ/              28. ՍԻՄ 
14. ՎԱՆԱՏՈՒՐ                           29. ՎԱՐԱԳ 
15. ԱՐԱՄԱԶԴ                            30. ԳԻՇԵՐԱՎԱՐ 

ԱՎԵԼՅԱՑ ԱՄՍՎԱ ՕՐԱՆՈՒՆՆԵՐԸ 
Ավելյաց ամսվա 5 օրերին տրվել են անզեն աչքով տեսանելի 5 մոլորակների անունները. 
1. ՓԱՅԼԱԾՈՒ /ԼՈՒԾ/                            4. ԼՈՒՍՆԹԱԳ /ՓԱՌԱԶՆՈՏ/ 
2. ԱՐՈՒՍՅԱԿ /ԵՂՋԵՐՈՒ/                   5. ԵՐԵՎԱԿ /ԱՐՏԱԽՈՒՐ/ 
3. ՀՐԱՏ /ԾԿՐԱՎՈՐԻ/ 

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ 
Հայերը ունեցել են ոչ միայն իրենց ազգային ամսանուններն ու ժամանունները, այլեւ՝ (գիշերն ու ցերեկը) բաժանել են 24 հավասար մասերի (ժամերի) եւ դրանց տվել հետեւյալ անունները. 

ՑԵՐԵԿՎԱ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ 
1. ԱՅԳ 
2. ԾԱՅԳ /ՑԱՅԳ/ 
3. ԶՈՐԱՑՅԱԼ /ԶԱՅՐԱՑՅԱԼ/ 
4. ՃԱՌԱԳԱՅԹՅԱԼ 
5. ՇԱՌԱՎԻՂՅԱԼ 
6. ԵՐԿԱՐԱՏԵՍ /ԵՐԿՐԱՏԵՍ/ 
7. ՇԱՆԹԱԿՈՂ 
8. ՀՐԱԿԱԹ 
9. ՀՈՒՐԹԱՓՅԱԼ /ՀՈՒՐՓԱՅԼԱՅԼ/ 
10. ԹԱՂԱՆԹՅԱԼ 
11. ԱՐԱԳՈՏ /ԱՐԱԳՈՏՆ/ 
12. ԱՐՓՈՂ 

ԳԻՇԵՐՎԱ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ 
13. ԽԱՎԱՐԱԾ /ԽԱՎԱՐՈՒԿ, ԽԱՎԱՐԱԿ/ 
14. ԱՂՋԱՄՈՒՂՋ 
15. ՄԹՆԱՑՅԱԼ /ՄԹԱՑՅԱԼ/ 
16. ՇԱՂԱՎՈՏ /ՇԱՂՈՏ, ՇԱՂՎՈՏ/ 
17. ԿԱՄԱՎՈՏ /ԿԱՄՎՈՏ, ԿԱՄԱՎՈՐ/ 
18. ԲԱՎԱԿԱՆ 
19. ԽՈԹԱՓՅԱԼ /ՀԱՎԱՏԱՓԱՅԼ/ 
20. ԳԻԶԱԿ /ԳՆԶԱԿ, ԳԵՂԱԿ/ 
21. ԼՈՒՍԱԿՆ /ԼՈՒՍԱՃԵՄ/ 
22. ԱՌԱՎՈՏ 
23. ԼՈՒՍԱՓԱՅԼ 
24. ՓԱՅԼԱԾՈՒ 

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆ 
Վերը նշված 72 (ամսանունները, օրանունները, ժամանունները) եւս կապված են հեթանոս աստվածների հետ: Դրանց գերակշիռ մասը մաքուր հայկական ազգային ծակում ունեն: 
Ասվածին եթե ավելացնենք ՙՄՀԵՐԻ ԴՌԱՆ՚ արձանագրության բովանդակությունը ուր թվարկված են Վանի, Արարատյան թագավորության դիքերն ու դիցերը՝ թվով 68 աստվածություն Սարդուրի եւ Մենուա արքաների կողմից, հայոց հնագույն շրջանի հեթանոս աստվածների պանթեոնը ամբողջական կդառնա: Հայկական հարստության շրջանի աստվածների ցուցակին զուգակշիռ՝ բերենք Վանի, Արարատյան շրջանի աստվածների ցուցակը. 
ԴԻՑԵՐ. 
ՀԱՅԿ ԽԱԼԴԻ ԻՆՈՒԱՆԻ 
ԹԵՅՇԵԲԱ ԻՆՈՒԱՆԻ 
ՇԻՎԱՆԻ /ՇԻՎԻՆԻ/ ԻՆՈՒԱՆԻ 
ԽՈՒՏՈՒԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ 
ՏՈՏԱԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ 
ՈՒԱ ԻՆՈՒԱՆԻ 
ՆԱԶԱԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ 
ՇԵԲԻԹՈՒ ԻՆՈՒԱՆԻ 
ԱՐՍԻՄԵԼԱ ԻՆՈՒԱՆԻ 
ՈՒԱՆԱՊՇՍ ԻՆՈՒԱՆԻ 
ԴԻԴՈՒԱՆԻ ԻՆՈՒԱՆԻ 
ՇԻԵԼԱՐԴԻ /ՄԵԼԱՐԴԻ/ ԽԱՐՍ 
ԱԹԲՅՈՒՆԻ ԱՐԱԾԱՆ 
ԿՈՒԵՌԱՆ ԶԻՈՒԿՈՒՆԻ 
ԷԼԻՊՈՒՐԻՆ ՈՒՐԱ 
ԹԱՐԱԻՆԻՆ ԱՌՆԻ 
ԱԴԱՐՈՒԹԱ ՇՈՒԲԱՆ 
ՀՐՄՈՒՇԻՆԻ ԷԼԱՈՒԱ 
ԱՍՏՎԱԾ ԹԱԼՊՈՒՐԱՆ 
ԱԼԱՓԹՈՒՇԻՆԻ ԿԻԼԻԲԱՆ 
ԱՐԻԱՆԻ ԱՐՑԻ 
ԷՐԻՆԱ ԱԻԱ 
ՈՒՐՈՒԲԱՅՆՈՒ ՍԱՐԴԻՆ 
ՈՒՆԻՆԱ ԻՆՈՒԱՆԻ 
ԱՐՈՒՅԻ ԻԽՊՈՒՐԻ 
ԽՈԻԲԱ ԲԱՐԾԻԱ 
ՏՈՒՇՊՈԻԵՅԱ ՍԻԼԻԱ 
ԶՈՒԶՈՒՄԱՐՈ ԱԲՈՒԱ 
ԱՆԻՆԻ ԱԴԻԱ 
ԱՆԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ 
ԱՆԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ 
ԱՆԻՆԻ ԻՆՈՒԱՆԻ 
ԾԻՆՈՒԻԱՐԴԻ ԻՆՈՒԱՆԻ 
ԻՆՈՒԱՆԻ ԱՐԾԻԲԻԴԻՆ 

ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԱՍՏՎԱԾՆԵՐ 
ԱՐԱՄԱԶԴ. Հայոց հեթանոսական դիցարանի գերագույն աստվածը, բոլոր աստվածների հայրը: Հայաստանում պաշտվում էր որպես երկնքի ու երկրի ստեղծողը, մարդկանց բարօրություն եւ արիություն շնորհող, երկրին լիություն ու պարարտություն պարգեւող: Նրան անվանել են ՙՄեծն ու Արին Արամազդ՚: Նա բնավորությամբ բարի է: Արամազդի անունից պարզ երեւում է, որ նա համապատասխանում է իրանական ԱՀՈՒՐԱՄԱԶԴԱՅԻՆ (ՕՐՄԻԶԴԻՆ), առանց, սակայն, նույնանալու վերջինիս հետ, քանի որ իրանական Ահուրամազդայի հակոտնյա՝ չարի աստված ԱՀՐԻՄԱՆԸ (կամ նրա զուգահեռը) գոյություն չուներ հայկական դիցարանում:Հետագայում, հելլենիզմի ազդեցության տակ, Արամազդը հաճախ նույնացվել է հունական ԶԵՎՍԻ եւ հռոմեական ՅՈՒՊԻՏԵՐԻ հետ: Արամազդի գլխավոր տաճարը կառուցված է եղել Եփրատի ափին, Դարանաղյաց գավառի Անի - Կամախ ամրոցում, որը, հավանաբար, նաեւ հայոց քրմապետի նստավայրն էր: Այստեղ դրված է եղել Արամազդի արձանը: Այս ամրոցում էին գտնվում նաեւ հայ թագավորների դամբարանը: Արամազդին նվիրված տաճարները եղել են նաեւ Վասպուրականի Անձեւացյաց գավառում եւ այլուր: Արամազդի պատվին տոնը կատարվում էր Ամանորին, երբ տեղի էին ունենում նավասարդյան խաղերը: Արամազդին զոհաբերում էին սպիտակաթույր կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի): Արամազդին է նվիրվել եւ կոչվել հայոց հեթանոսական տոմարի ամիսների 15 - րդ օրը: 
ԱՄԱՆՈՐ. Նոր տարվա հին հայկական աստվածություն, որին նվիրված էին ամենաբեր նոր պտղոց տոները: 
ԱՆԱՀԻՏ. Արգասավորող ջրերի պարսկական աստվածություն: Լիդիայում նույնացվում էր ՄԵԾ ՄՈՐ կամ ԱՐՏԵՄԻՍԻ հետ: Մ.Թ.Ա. IVդ. Անահիտի պաշտամունքը տարածվել էր Փոքր Ասիայում, Հունաստանում, հետագայում նաեւ Հռոմում: Անահիտին նվիրաբերում էին ցուլեր: Ցուլը աստվածուհուն զոհ մատուցելուց հետո, նրա արյունը ցայում էին մարդկանց վրա (համեմատվում է մկրտության հետ), խմում էին այդ արյունը (այդ ծեսը կոչվում էր տավրոբոլիա): Անահիտի պաշտամունքը առանձնապես տարածված է եղել հին Հայաստանում (Ստրաբոն): 
Հայկական դիցարանում Անահիտը համարվել է պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, առավել վաղ շրջանում՝ նաեւ ռազմի աստվածուհի:Հնում Անահիտին անվանել են ՙսնուցող մայր՚, ՙոսկեմայր՚, ՙոսկեհատ՚, ՙոսկեծղի՚ եւ նման անուններով: Հելլենիստական ժամանակաշրջանում Անահիտը նույնացվում է հունական Արտեմիսի եւ հռոմեական Դիանայի հետ: Անահիտը միաժամանակ համարվում էր լուսնի աստվածություն: Մ.Թ.Ա. Iդ. Անահիտը դառնում է Հայաստանի գլխավոր աստվածուհին, Արտաշատ մայրաքաղաքի հովանավորը: Նրա գլխավոր տաճարը գտնվել է Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որը Անահիտի անունով կոչվել է նաեւ Անահտական: Այդ տաճարում կանգնեցված է եղել Անահիտի ոսկեձույլ արձանը, որը Մ.Թ.Ա. 34թ. ջարդուկտոր են արել եւ ոսկին բաժանել իրար միջեւ հռոմեացի զորավար Անտոնիոսը եւ նրա զինվորները: Անահիտի մեհյաններ կային նաեւ ուրիշ վայրերում (Արտաշատ, Արմավիր, Աշտիշատ, Բագարան, Անահտաձոր եւ այլն): Նավասարդի սկզբին (օգոստոսի 15-ին) հայերը մեծ շուքով նշում էին Անահիտի գլխավոր տոնը՝ կապված բերքահավաքի հետ: Ծիսակատարություններն ուղեկցվում էին աղոթքներով, երգերով եւ խնջույքներով: Անահիտին զոհաբերում էին առաջին բերքը, դիցուհու արձանը պատում ծառերի դալար շիվերով ու պսակներով: Նրան նվիրաբերում էին սպիտակաթույր սրբազան ցուլեր: Անահիտի անունն էր կրում հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը: Երիզայի շրջանում, Սատաղի մոտ, 19-րդ դարի վերջին, հայտնաբերել են Անահիտին վերագրվող մի պղնձաձույլ գլուխ, որը պահպանվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում: 
ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ. Դժոխքի աստվածը հայկական հեթանոսական դիցարանում: ՍԱՆԴԱՐԱՄԵՏ էր կոչվում նրա գործելավայրը, այսինքն՝ դժոխքը: 
ԱՍՏՂԻԿ. Հայկական դիցարանի սիրո եւ գեղեցկության, ինչպես նաեւ երկնային լույսի (աստղ) աստվածուհին. ուստի եւ անվանվել է ՙՈսկեծղի՚. ՙՎարդամատն՚: Համապատասխանում է հունական Ափրոդիտեին եւ Աստրադեին: Աստղիկին նվիրված մեհյանները գտնվում էին Աշտիշատում, Վանի մոտ` Արտամետում եւ այլուր: Աստղիկը եղել է քաջության աստված` Վահագնի սիրուհին կամ ամուսինը. ուստի Աշտիշատում գտնված Աստղիկի մեհյանը կոչվում էր ՙՎԱՀԱԳՆԻ ՍԵՆՅԱԿ՚: Աստղիկին նվիրված տոնը կոչվում էր վարդավառ եւ մեծ հանդիսությամբ նշվում էր Նավասարդի ¥հուլիսի¤ կեսին: Աստղիկին համարել են նաեւ ջրի աստվածություն: Ենթադրում են, որ Հայաստանի տարբեր վայրերում հայտնաբերված ՙվիշապներ՚ կոչված ձկնակերպ կոթողները Աստղիկ դիցուհու արձաններն են: 
ՎԱՀԱԳՆ. Ամպրոպի, անձրեւի, ամպի, կրակի հայկական աստվածություն, որի իրանական զուգահեռն ու նախատիպը համարվել է Վերեթրանգան: Առավել հավանական է, որ Վահագն անունը կազմած լինի ՎԱՀ ¥աստված¤ եւ ԱԳՆԵ ¥կրակ¤ բառերից եւ նշանակում է` կրակի աստված: Վահագնը միաժամանակ համարվել է քաջության, ուժի, հերոսության, ռազմի աստված: Հետագայում, հելլենիզմի ազդեցության տակ, Հայաստանում Վահագնը նույնացվել է Հեփեստոսի հետ: Վահագնի Վահեվանյան կոչված նշանավոր տաճարը գտնվել է Տարոն գավառի Աշտիշատ ավանում: 
ՎԱՆԱՏՈՒՐ. Բառացի նշանակում է` հյուրընկալ, օթեւան տվող: Հին հայկական դիցարանի հյուրասիրության աստվածը: Համարվել է հատուկ մակդիրը Արամազդի, որի մեհյանին կից կար իջեւան, եկվոր ուխտավորների համար: Հաճախ նույնացվել է Ամանորի հետ: Վանատուր-Ամանորին նվիրված ամենամյա բերքի տոնը կատարվում էր հայոց տոմարի առաջին` Նավասարդի մեկից մինչեւ վեցը: 
ԾԿԱԿ. Անիծված թռչուն, որ տարին մեկ անգամ էր ջուր խմում, իսկ եթե ավել խմեր, խմածը թույն ու թարախ կդառնար: 
ԱՐՁԱԳԱՆԳ. Հայոց դիցարանի մեջ շատ լեզվանի հավերժահարս: 
ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ. Հեթանոսական Հայաստանի հնագույն աստվածներից մեկը, որի անունը սերտորեն կապված է Շամիրամի հետ: Սկզբնապես Արայի կերպարը արտահայտել է գարնան բուսականությունը, երկրագործությունը, ցանքը եւ ջուրը: Այդ են վկայում հայկական առասպելում պահպանված Արայի շրջապատի բուսականություն հիշեցնող անունները ¥Նվարդ, Անուշավան, Սոսանվեր¤: Արայի բուսական հին բովանդակության դրսեւորումն է նաեւ նրա հարություն առնելու հանգամանքը: Արայի, որպես մեռնող եւ հարություն առնող աստվածության, պաշտամունքը լայն տարածում է ունեցել Հայաստանում: Հին արեւելյան հավատալիքների ազդեցության տակ Արան սկսում է առնչվել Շամիրամի անվան հետ: 
ԱՐԱԼԵԶՆԵՐ /ՀԱՐԱԼԵԶՆԵՐ/. Ոգիներ, որոնք Հայաստանում պաշտվել են Արա Գեղեցիկի եւ Շամիրամի հետ միասին: Հայերը հավատում էին, որ Արալեզները լիզում էին պատերազմում ընկած հերոսների վերքերը եւ հարություն տալիս նրանց: Հայերը Արալեզներին համարում էին շներից սերված ոգիներ: 
ՆԱՆԵ. Իմաստության, ողջախոհության աստվածուհին, մայրության եւ տան օջախի պահապանը: Հայաստանում հելլենիզմի շրջանում նույնացվել է հունական Աթենասի հետ, բայց իր ընդհանուր դերով զիջել է վերջինիս: Նանեի մեհյանը գտնվել է Եփրատի աջ ափին, Դարանաղյաց գավառի Թիլ ավանում: 
ԱՐԵԳ. Հին հայերի մոտ արեւի պաշտամունքը անձնավորող աստված: Հրային լուսափայլ ճաճանչներով, ամեն գիշեր հանգստանում էր Վանա ծովակի մեջ, որի հատակի վրա դրված էր նրա ոսկեղեն անկողինը: Սկզբնապես Արեգը պաշտվել է իր բնական տեսքով, որպես կենսատու նախապայման, լույսի եւ ջերմության աղբյուր: Հետագայում, երբ բոլոր լուսատուներին անձնավորում տրվեց, Արեգը եւս դիտվեց որպես անձնավորված աստված: Արեգը Հայաստանում եղել է սիրված աստվածներից մեկը եւ նրա պաշտամունքը ունեցել է համահայկական բնույթ: Հելլենիզմի ազդեցությամբ Արեգը նույնացվել է հունական Հելիոսի հետ, իսկ հետագայում` Տիրի եւ Միհրի, երբեմն նույնիսկ Վահագնի հետ: Արեգի եւ Լուսնի արձանները կանգնեցված են եղել Արմավիրում: Հայերը Արեգ կոչել են իրենց հեթանոսական տոմարի 8-րդ ամիսը, ինչպես նաեւ բոլոր ամիսների առաջին օրը: 
ԳԻՍԱՆԵ. Հին Հայաստանի հեթանոսական աստվածություն, որին վերագրվել է հնդկական ծագում: Գիսանե անունը բացատրում են Գես ¥ծամ, մազ¤ բառով` իբր ինքը եւ իր տաճարի քրմերը ունեցել են երկար մազեր: Գիսանեի պաշտամունքի մասին հստակ տեղեկություններ չկան: Ըստ ավանդության, Գիսանեն եւ նրա եղբայր Դեմետրը Հնդկաստանից Հայաստան փախած ու Տարոնում հաստատված արքայորդիներ են: Հետագայում նրանք պաշտվել ու աստվածացել են, նրանց պատվին տաճարներ են կառուցել եւ արձաններ կանգնեցրել: 
ՀԱՅԿ. Հայոց հնագույն կրոնական դիցարանի գլխավոր աստվածը, որը հակադրվում է Ասորեստանի գլխավոր աստված Բելին: Հետագայում Հայկը մարդկայնացվել է եւ համարվել հայերի նախահայրը եւ անվանադիրը: Հայկը քաջ աղեղնավոր է, հսկա, հմուտ որսորդ: Նա հայոց երկրին կյանք եւ ազատություն պարգեւող աստվածն է, որը Հայաստանը պաշտպանում է արտաքին թշնամիներից: Հնում նրա անունով է կոչվել երկնքի առավել պայծառ աստղերից մեկը` Օրիոն-Երեւակի աստղը: 
ԾՈՎԻՆԱՐ /ՆԱՐ/. Հայոց դիցարանում ջրի, ծովի, անձրեւի աստվածուհին: Ժողովրդական հավատալիքներում` ամպրոպային ոգի, փայլակի իգական անձնավորում: Ծովինարը հրեղեն էակ է, որը ամպրոպի ժամանակ կարող է աղետաբեր կարկուտ թափել կամ կենարար անձրեւ պարգեւել: Հայկական առասպելներում ջրային տարերքի հետ կապված ոգի կամ ծովից հղիացած երկվորյակների` Սանասարի ու Բաղդասարի մայրը: 
ՔԱՋՔԵՐ. Առասպելական ոգիներ, երբեմն բարի, երբեմն չար հատկություններով: Քաջքերն ընդհանրապես ապրելիս են եղել քարանձավներում, լեռներում. նրանք համարվել են պատժող ուժեր: Հավատացել են, որ Քաջքերը երբեմն էլ մտնում էին մարդկանց մեջ, նրանց չարչարում: 
ՏՈՐՔ ԱՆԳԵՂ. Հին հայերի դիցարանում ուժի, քաջության, արհեստների աստված: Սկզբնական շրջանում Տորքը եւ Անգեղը եղել են առանձին աստվածություններ: Տերք Անգեղին վերագրվում է մարմնական աներեւակայելի ուժ: Նա ջարդում ու փշրում է հսկա քարեր, եղունգներով հղկում դրանք եւ դրանց վրա փորագրում: Տորք Անգեղի պաշտամունքը տարածված է եղել Հայկական լեռնաշխարհի հարավ-արեւմտյան շրջաններում: 
ՏԻՐ. Հայոց հնագույն եւ սիրելի աստվածներից: Սկզբնապես եղել է Արեւի պաշտամունքի հետ կապված աստվածություն, բայց հետագայում, իբրեւ արեւի աստվածություն իր տեղը զիջելով Միհրին, ձեռք է բերում նոր դեր: Հայկական դիցաբանությունը նրան դարձնում է Արամազդի դպիրը, գրի, գրականության, գիտության եւ արվեստի հովանավորը: Առանձին վայրերում Տիրի պաշտամունքը միաձուլվել է Արա Գեղեցիկի` որպես բերիության եւ բնության զարթոնքի աստծո հետ: Տիրը համարվում էր երազացույց-երազահան: Նա իբրեւ ՙգրող՚ հաշվի էր առնում մարդկանց բարի ու չար գործերը, մեկնում էր երազները: Նրա մեհյանը կառուցված է եղել մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու, ճանապարհի եզրին, ՙԵրազամույն՚ կոչված վայրում: Տիր աստծո անունով է կոչվել հայկական հին տոմարի Տրէ ամիսը: 
ՄԻՀՐ. Լույսի եւ բարու աստվածություն, հետագայում արեւի աստվածություն: Միհրը ծնվել է ժայռից, եւ նրան խնամել են հովիվները: Միհրին նվիրված տաճարը գտնվել է պատմական Հայաստանի Դերջան գավառի Բագառիճ գյուղում: Ենթադրվում է, որ հնագույն մայրաքաղաք Արմավիրում եւս գտնվել է Միհրին ձոնված տաճար: Միհրի պաշտամունքը սկսում է վերանալ Մ.Թ.Ա. IV դարում: 

ԿԱՐԾԻՔՆԵՐ «ԱՍՏՎԱԾԱԴՈՒՌ» ԳՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 
Ո՞վ կարող է իմանալ, թե ի՞նչ կա մարդու հոգում: Եկեղեցում ծնրադրում է Հիսուս Քրիստոսի առջեւ, ջերմեռանդորեն աղոթում եւ ցուցանում ամենքին, թե աստվածապաշտ է: Բայց նա մտովի Հիսուսին դարձնում է Հայոց Արամազդ, Մարիամին` Անահիտ, ոսկեմայր, ոսկեծղի Անահիտ: Հավանաբար բոլոր մարդիկ հեթանոս եղել են, հեթանոս էլ կմեռնեն՚: 
Գիրքը կարծես գալիս է մեկ անգամ եւս հաստատելու գրող-պատմաբանի այս խոսքը: 
Մեկ անգամ եւս վերազարթնում են Հայոց աստվածները, կանգնում մեր առջեւ իրենց վեհությամբ, հմայքով, գեղեցկությամբ, աստվածային ազնվությամբ, իրենց դարավոր իմաստնությամբ ու խոհեմությամբ: Ու իրար հետեւից մարգարտի պես շարվում են Հայոց ավանդությունները` ոսկեմայր ու ոսկեծղի Անահիտի, Հայր Արամազդի, Վիշապաքաղ Վահագնի, Տիրի ու Միհրի, գեղեցկուհի Աստղիկի, Վանատուրի մասին պատմող: Հառնում է Հայոց Աշխարհը իր սրբազան մասունքներով` իր վահեվահյան տաճարներով, իր Մուշով, Վանով, Դարանաղյաց գավառով, Արարատով, Արագածով ու պատմում է գեղեցիկ ապրած, գեղեցիկ մեռած իր աստվածներից: 
Գիրքն հարց է տալիս հինավուրց Նաիրիին եւ մեզ` որտե՞ղ են իր զորավոր աստվածները, որոնք վեհ էին հոգով ու ստրկություն չէին հանդուրժում, եւ եթե նրանք հաղթանակել են, անցել անվերադարձ, մի՞թե նրանց փառքը ոչ մի բան չի պարտավորեցնում: 
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՆԱՐԻՆԵ 
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ 

Երիտասարդ մի հեղինակ, որ ստանձնել է դժվարին ու պատասխանատու աշխատանք: Վերնագիրն արդեն խոսուն է ու բազմաբովանդակ: Գիրքը զարդարող նկարը խորհրդանիշն է այն մուտքի, որն ունենալու ենք հեթանոս աստվածների կացարան մտնելիս: 
Հեթանոս բագիններն ու մեհյանները կործանվեցին, բայց մինչեւ օրս մնում են նրանց շուրջ հյուսված առասպելներն ու պատումները: Բայց մի գրքում, նորովի ու ինքնատիպ ձեւով ներկայացնելու գործն է ստանձնելհեղինակը: Կարդում ես գիրքը ու թվում է, թե առաջին անգամ ես լսում այդ պատմությունը, որովհետեւ աստվածային խրախճանքը ներկայացված է ամբողջական ու յուրովի, որը միաժամանակ ե՜ւ նման է, ե՜ւ տարբեր քո լսած, կարդացած տարբերակից: 
Հեղինակն էլ է դեգերումների մեջ: Փորձում է հակիրճ ձեւով շատ բան ասել: 
Հեղինակը ընթերցողին հիշեցնում ու սովորեցնում է արդեն մոռացության մատնված ամսանունները, օրերի եւ ժամերի հին հայկական անունները, հեթանոս աստվածների անուններն ու նրանց շուրջ հյուսված առասպելները: Լեզուն ճոխ է, առինքնող ու խոսուն: Ամեն մի բառի ու նախադասության տակ պարփակված մի ողջ աշխարհ կա... 
ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ 
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ 

«Աստվածադուռ» պատումը կարդալիս՝ ընթերցողը առաջին հայացքից չի կանխագուշակում ստեղծագործության գաղափարական բովանդակությունը, որը հայրենի հողի՝ Նաիրիի փրկության հարցն է: 
Հեթանոս աստվածների, ժողովրդական ստեղծագործությունների մասին անտեղյակ մարդն իր պատկերացմամբ տեսնում է հեթանոս աստվածներին, որոնք փոխարինում են հայ ժողովրդի ավանդույթ դարձած հերոս - կերպարներին: 
Հեթանոս աստվածների մուտքով հառնում են Արան ու Նուարդը իրենց աստվածային էությամբ, որ հատուկ է միայն երկնային մտացածին էակներին: Ջրային ծնունդ Սանասարն ու Բաղդասարը երկրի վրա իրենց մարդասիրական բնավորություններով ետ չեն մնում աստվածներից: 
Պատահական չէ նկարագրված Արայի ու Շամիրամի սիրո պատմությունը. սա միջոց է, որպեսզի հաստատուն կերպով բացահայտվի հայոց աշխարհի անկախությունը: Բնության գեղեցիկ պատկերները գալիս են լրացնելու Վահագնի ու Աստղիկի մաքուր ու անաղարտ սերը, որը վկայակոչում է սիրո հավերժության գաղափարը: 
Մասիսների առկայությունը հնարովի ՙԱգռավաքարը՚ հայ ժողովրդի հաղթանակի գրավականն է, որ ստեղծագործության առաջին տողերից երեւում է մինչեւ վերջին տողը, որ հայ ժողովրդի մնայության միտումն է: 
Ստեղծագործությունը շնչում է կԵՆՍափիլիսոփայական գաղափարով, որը կապվում է բուն նյութին, նյութ, որ միայն հայոց աշխարհի անմահությունն է: 
Գիրքը բովանդակային առումով հերոսական է, իմաստային առումով ուսուցողական - ճանաչողական: 
ՌՈԶԱ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ 
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ 

...Եվ ահա ընթերցողի սեղանին է դրվում մի ինքնատիպ գիրք` Հայոց հեթանոսական դիցարանը հանդիսացող ՙԱստվածադուռ՚ յուրատեսակ այս գիրքը հեղինակի բարձրաճաշակ ձևավորմամբ ու հոգու աստեղային թռիչքով, բանաստեղծական և վիպական նոր կերտումների վկայություն է` բազմատանջ աշխատանքի արդյունք: Այն դեռ ձեռագիր, արժանացել է մանկավարժների ու գրականության մի խումբ սիրահարների բարձր գնահատանքին իմաստասիրական ու իմացական իր խոկումներով: 
Դժվար է որոշել, թե ի՞նչ ժանրի գործ է սա արձակ բանաստեղծությո՞ւն, տեղ-տեղ վիպական-դրամատիկական միջարկություն: Կարևորն այնքան ժանրը չէ, որքան մտահաղացման հաջող իրացնելու պարագան: 
Մեզ այցի են գալիս հեթանոսական Հայաստան դիցարանի ծանոթ և անծանոթ աստվածները` անցքերն ու առասպելները. Հայկի և Բելի ծանոթ առասպելի առավել լիարյուն ու հանգամանալից տարբերակն է սա` գեղարվեստական նոր մանրամասներով ու դրվագներով հագեցած: Շղթայական ռեակցիայով այն իր մեջ ներառում է առասպելական այլ կոհակներ, ներկայացնում նոր գուներգերով ու դրվագներով, շոշափում հայկական ժողովրդական այլ վիպասքեր: 
Ուշագրավն այն է, որ գրողը զուգահեռաբար օգտագործում է հեթանոս աստվածների ոչ միայն հայկական, այլև օտար անուններ, որ սեփականը մտապահելու բանալի ծառայեն: 
Մեր աչքերի առջև հառնում է վաղնջական ժամանակներից եկող զորավոր մեր վիպասքներից մի քանիսը, դրանց արձագանքները Հայոց պատմության ու բանաստեղծության մեջ` բերելով նմուշներ: Հեղինակային խոսքն էլ միջավայրին հար ու նման է, օգտագործված են ժամային և այլ հնագույն անվանումները, բազմաթիվ նոր բառակերտումներ: 
Աշխարհագրական քարտեզը առջևը պարզած հեղինակը պեղել է տեղավայրեր իր վիպասքի համար: Եվ առհասարակ զգացվում է, որ հեղինակը մանրակրկիտ աշխատանք է տարել` ուսումնասիրելով բազմաթիվ պատմական աղբյուրներ: 
Անձնավորված են հեթանոս աստվածները այս գործում` ներկայացված են իրենց իմաստուն գծերով: Եվ որքան իմացական նյութ կա այստեղ, հանրագիտարանային արժեք, որ կարող են ըմպել ընթերցողները և հատկապես դպրոցականները: Մեր սերնդին արգելված էր առնչվել այն ամենի հետ, ինչ կապված էր հեթանոսությանը: Եվ հիմա, փառք Աստծո, զուլալ աղբյուրների նման ակունքներից դեպի վարար գետեր տանող: 
Հեղինակը, չնայած երիտասարդ տարիքին, հետևում է թողել ծանրակշիռ կենսագրություն, հայրենասեր մանկավարժի ու գրողի դրոշմակնիքով` այդ ամենը կրելով իր արմատներում: 
Մեկուկես տասնամյակ առաջ ճանաչված լրագրող Լենա Ղուկասյանը ՙԿումայրի՚ թերթի երեք համարներում տպագրեց մի հոդված ՙՀայրենի երկրի փորձության այս պահին՚ խորագրով, ուր ներկայացված էին Արան ու նրա հայրենասեր մի խումբ զինակիցներ` իրենց ուսանելի գծերով: Լավ է ասել մանկավարժ Ռոզա Ամիրխանյանը. ՙ...Գիրքը բովանդակային առումով հերոսական է, իմաստային առումով` ուսուցողական՚: Ավելի սեղմ ու տարողունակ չէիր բնութագրի վեհացնող ու առինքնող այս վիպասքը: ՙԱստվածադուռ՚ գրքի հեղինակից ակնկալում ենք շքեղաշուք նոր գործեր, քանզի նա երիտասարդ է և ավյունով այնքան լեցուն: 


Read more: http://nakhshkaryan.blogspot.com/p/blog-page_7149.html#ixzz2UQ1zkWPd