donderdag 13 februari 2014

ՏՐՆԴԵԶ




Տրնդեզը կրակին նվիրված ազգային տոն է, որ նշվում է փետրվարի 13-ին: Այդ օրն արդեն գարնան շունչն զգացվում է և, ըստ հին հայերի պատկերացումների, վառվող կրակի բոցերը կարող են ավելի ջերմացնել արևին, հետևաբար՝ մեղմել ցուրտը: Հայերն իրենց համարելով Արևի որդիներ՝ հրածիններ, պաշտել են նաև արևի երկրային տեսակը՝ հուր–կրակը: Կրակն ամրագրվում է ապրելու համար կարևորագույն բոլոր արժեքներով՝ ծնունդ, օջախ, սնունդ և այլն: 
Տրնդեզ նշանակում է դիզված կրակ: Այն առաջացել է ատր–կրակ բառից, որից ծագել են նաև աթար, ատրճանակ, ատրուշան բառերը, և դեզ-կուտակում, դարսում բառից: Իսկ Մ. Օրմանյանի կարծիքով՝ այն ծագել է Տիր աստծու անունից և նվիրված է նրան, քանի որ այդ օրը տարբեր գուշակություններ են արվում: 
Տոնի օրը խարույկ վառելով և դրա վրայով թռչելով՝ մեր նախնիք հաղորդակցվում էին բնության տարերքի հետ, նորոգում իրենց հրածին որակները։ Ընդ որում, կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքի վերապահումը նորահարսերին, այժմ էլ, կարծես մինչև ծնվելը հայերին հրածին մկրտելու իմաստ է հաղորդում:
ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ 

«Տրնդեզը» տոնվել է դեռ վաղ ժամանակներից: Սակայն այսօր այն այլ բովանդակությամբ, այլ խորհրդով է ներկայացվում Հայ առաքելական եկեղեցու կողմից»,- ասաց «Անալիտիկ» կենտրոնի այսօրվա հյուր քուրմ Գեղամը (Գեղամ Սալիբեկյան): Նա ներկայացրեց տոնի ծագումնաբանությունը: «Վահագնի ծնունդը մենք՝ ցեղակրոն հայերս, տոնում ենք գարնանային գիշերահավասարին՝ մարտի 21-ին, Գառնու տաճարում: Տոնում ենք մեծ շուքով և ոգևորվածությամբ: Վահագնի ծնունդը ամեն տարի տիեզերական տարվա արտացոլումն է: Տիեզերական տարին 10000-ամյա պարբերականություն ունի: Եվ 10000 տարին մեկ հողագունդն ապրում է իր տիեզերական գարունը, որը, ըստ մեր ազգային, հինավուրց պատկերացումների, ուղեկցվում է Վահագնի ծնունդով, երկրի և երկնքի երկունքով, որը այլ պատմություններում ջրհեղեղի կերպով է հիշատակվում: Մենք համարում ենք, որ Վահագնի զորությունը գալիս է տիեզերքը վիշապի պղծությունից մաքրելու: Վահագնի ծննդին պատրաստ լինելու համար «Տրնդեզին» Վահագնականչ է տեղի ունենում»,- ասաց քուրմ Գեղամը: Նա նաև ստուգաբանեց «Տրնդեզ» բառը. բառ առաջացել է տր (ատր, կրակ)+դեզ բառերից: Այնուհետև խոսեց սիրո տոնի մասին: «Մեր սիրո տոնը, ըստ էության, Վարդավառն է»,- ասաց քուրմը: Ըստ ավանդության՝ ստորգետնյա աստվածը առևանգել է Աստղիկին՝ սիրո աստվածուհուն, և նրա հետ տարել սերը Հայոց աշխարհից: Դրանից հետո մարդիկ սիրում են չսիրել միմյանց, հեռանալ երկրից՝ այլ վայրերում սեր գտնելու նպատակով, երկրում ամենուր փուշ ու տատասկ է աճում, կարիճներն ու օձերն են շատանում: Եվ այդ ժամանակ Վահագնը գնում և փրկում է Աստղիկին: «Աստղիկը տեսնում է այս ամենը և արտասվում: Արտասուքը կաթում է հայոց հողի վրա և տեղը վարդեր են աճում: Այս վարդերը բաժանում է աղջիկներին, որոնք վիշապի գերին էին: Բոլորի դեմքին ժպիտ է գալիս: Այնուհետև աստվածային ջրի սափորից ջուր է ցողում ամբողջ Հայոց աշխարհում: Տատասկը վերանում է, օձերը, կարիճները, վիշապը հեռանում են: Բոլորը սկսում են սիրով լցված, ժպիտով նայել միմյանց»,- ասաց քուրմ Գեղամը: Ասուլիսին ներկա էր նաև Անահիտ Սարգսյանը, որը 1990 թ-ից զբաղված է ազգապահպան գործունեությամբ Ուկրաինայի Խարկով քաղաքում: «Ես քրիստոնյա էի, բայց իմ մեջ կար հակասություն: «Տրնդեզ» էինք նշում, կրակ էինք վառում՝ չհասկանալով, որ զորանում ենք և վերադառնում մեր արմատներին»:,- ասաց տիկին Սարգսյանը: 


Geen opmerkingen:

Een reactie posten