Սևանում առեղծվածային բնակավայր են հայտնաբերել. ջրասուզորդ լրագրողի հետազոտությունները (Տեսանյութ, ֆոտոշարք)
Aravot.am-ի հետ զրույցում Աննա Մարտիկյանն ասաց, որ Սևանը «էքստրեմալ դայվինգի»՝ ստորջրյա զբոսաշրջության առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այն աշխարհում քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակայից հետո: Սևանն աչքի է ընկնում թթվածնի սակավությամբ:
Ըստ մեր զրուցակցի, այն գրավում է աշխարհի տարբեր երկրների էքստրեմալ դայվինգի սիրահարներին, սակայն նրանցից շատերը մեծ դժվարությամբ են դիմանում թթվածնի սակավությանը, նույնիսկ մահվան դեպքեր են գրանցվել: Վերջին տարիներին ուկրաինացի մի պրոֆեսիոնալ «դայվեր»՝ ջրասուզորդ է մահացել:
Աննա Մարտիկյանը մեր զրույցում պատմեց, որ ջրասուզորդ Ռաֆայել Մկրտչյանի գլխավորությամբ իրենց կատարած ակնադիտական հետազոտությունների ընթացքում նախ փորձել են գտնել Սևանում երբևէ խորտակված ամենախոշոր նավը, սակայն Սևանի տակ պարբերաբար ի հայտ եկող ջրի ուժեղ հոսքերը թույլ չեն տվել հասնել նավին ու տարել են անհայտ ուղղությամբ:
«Դուրս եկանք մի հետաքրքիր վայր, որը հնագույն բնակատեղի էր հիշեցնում. քարից կերտված տարաներ կային, որոնցում հնարավոր է հատիկավոր բույսեր են մանրել, ալյուր են աղացել կամ ձեթ են քամել հնագույն շրջանում: Հանդիպեցինք սարկոֆագ հիշեցնող քարից կերտվածքի: Շատ էին ժայռափոր քանդակներ հիշեցնող կերտվածքները, սալե պատեր հիշեցնող քարեր կային, որոնք ամենայն հավանականությամբ՝ եղել են պատեր, ժամանակին շրջվել են: Տեսանք նաև երկարությամբ ձգվող սալահատակներ ու կանոնավոր կտրվածքով սեպաձև ժայռափորվածքներ:
Չգիտենք այս ամենը մարդու ձեռքի գո՞րծ է, թե՞ մարդն ու բնությունը միասին են կերտել, այս ամեն ինչը ուսումնասիրման փուլում է և դեռ նեղ մասնագիտական հետազոտության կարիք ունեն: Հնագույն բնակավայր հիշեցնող տարածքը գտնվում է Արդանիշի հրվանդանի մոտ, Շորժայի հատվածում՝ 4-10 մետր խորության վրա: Ի դեպ, նշենք, որ Սևանի հատակին կողմնացույցը ճիշտ չի աշխատում միգուցե մագնիսական անոմալիաների պատճառով: Մեր հիմնական ուղեցույցը ջրասուզակների փորձառությունն էր:
Գնացինք նաև ավանդազրույցների հետևից, համաձայն որոնց Սևանա լճի մեկ այլ ափին՝ Բերդկունքի հատվածում, մոտ 3000-4000 տարի առաջ կառուցված ամրոցի ներքևում եղել է դեպի լճի հատակը տանող քարանձավ: Այդ քարանձավի մուտքը 2011 թվականին բացահայտել էր ջրասուզակ Ռաֆայել Մկրտչյանը: Այս անգամ որոշեցինք հետազոտել, թե դեպի ո՞ ւր է տանում ստորջրյա քարանձավը: Հսկայական ժայռաբեկորները փակել էին մուտքը, մեզ հետ վերցրած սառցահատի օգնությամբ փորձեցինք բացել այն ու հետազոտել, բայց անհնար էր, ավելի հզոր տեխնիկա էր անհրաժեշտ: Քարանձավ չկարողացանք թափանցել, սակայն այդ հատվածից դեպի լճի հատակը ուղղահայաց իջնող երկրաբանական շերտերի մեջ հայտնաբերեցինք նախապատմական կենդանու գլխի ոսկոր: Հետազոտության համար մի փոքր հատված ենք դուրս բերել, հնարավոր չէր գլուխն ամբողջությամբ անվնաս ազատել դարերի հնությամբ շերտերից ու դուրս բերել:
Հայաստանում առաջին անգամ կատարեցինք նաև ստորջրյա բուսաբանական հետազոտություն. հավաքեցինք 10 տեսակի բարձրակարգ բույսեր ու ջրիմուռներ: Մեր հայտնաբերած բուսատեսակներից առաջինը, որը տեղ գտավ ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի պահոցներում ու դարձավ թվով 189197-րդը, փաստորեն առաջինն էր, որը հանվել էր հենց լճի հատակից՝ 7 մետր խորությունից: Մենք փորձում ենք ուսումնասիրել մեր երկիրը և՛ երկրաբանական, և՛ հնագիտական, պատմական, կենսաբանական, բուսաբանական ու այլ ուղղություններով»:
Մեր զրուցակիցը նշում է, որ ամենամեծ հիմնախնդիրը լճի աղտոտվածության հետ մեկտեղ ձկնապաշարի կրիտիկական սակավությունն է: «Տասնյակ ժամեր լողալով տարբեր խորություններ Սևանա լճի տարբեր հատվածներում՝ երբևէ չեմ հանդիպել մեծ ձկների, հազվադեպ ինձ հանդիպող ձկներից ամենամեծը հազիվ կհասներ 10 սմ.-ի: Սևանի էկոհամակարգի խաթարման հետևանքով լճի հատակին ահավոր շատացել էին ֆիտոպլանկտոնները և զոոպլանկտոնները, որոնք պետք է կեր դառնային ձկներին: Փաստորեն ձկներ չլինելու պատճառով այդ մանր գոյացություններն էին պաշարել լճի հատակը՝ որոշ հատվածներում անհնարին դարձնելով տեսանելիությունը: Որոշ հատվածներում տեսանելիությունն անհնար էր դարձել նաև մեկ այլ պատճառով. լճի հատակին շատ էին նաև նեխած խեցգետինների ու ձկների մնացորդներով լքված ցանցերը: Մի որոշ ժամանակ ընդհատելով մեր հետազոտությունները՝ ամբողջ խմբով լճի հատակը մաքրեցինք մոտ 4 կիլոմետր ցանցերից: Սևանի հատակին քիչ չէր նաև թափված կենցաղային աղբը, ընդհուպ անվադող կար», -մտահոգված պատմում է Աննա Մարտիկյանը:
Նա ասաց, որ իրենց ուժերով ու ֆինանսական միջոցներով նախաձեռնած այս հետազոտությունները կշարունակեն նաև մյուս տարի: